ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրենք է ստորագրել, որով նախատեսվում է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան հաղորդագրությունը:
ԱՄՆ կոնգրեսի երկու պալատներն էլ ավելի վաղ պաշտպանել էին այդ օրինագիծը, որով պատժամիջոցներ է սահմանվում նաև Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ:
Օրենքը ստորագրելով՝ Թրամփը հայտարարել է, որ այն պարունակում է «հակասահմանադրական նորմեր»:
Օրենքում նորությունն այն է, որ այն զրկում է նախագահին չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները առանց կոնգրեսի թույլտվության:
«Ես հանդես եմ գալիս կոշտ միջոցառումների օգտին, որպեսզի պատժենք և կանխենք Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի ագրեսիվ և ապակայունացնող վարքը, և միաժամանակ կարծում եմ, որ այս օրենքը զգալի թերություններ ունի,- ասել է Թրամփը:- Կոնգրեսը, շտապելով ընդունել օրենքը, դրանում ներառել է մի քանի բացահայտ հակասահմանադրական դրույթներ»:
Այժմ պատժամիջոցները չեղարկելու համար նախագահը պետք է մանրամասն հիմնավորված հարցում ներկայացնի երկու պալատների պրոֆիլային կոմիտեներին, որոնք 30 օրվա ընթացքում կուսումնասիրեն այն և պատասխան կտան:
Օրենքը հիմնականում ամփոփում և լրացնում է ավելի վաղ Ղրիմի բռնակցման և Դոնբասում հակամարտության սկսվելուց հետո ձեռնարկված միջոցառումները: Ուղղակիորեն օրենքով նոր միջոցներ չեն ձեռնարկվում:
Միաժամանակ, փորձագետները կարծում են, որ նոր օրենքը կստիպի ԱՄՆ մի շարք ֆինանսական հաստատությունների և ընկերությունների զերծ մնալ Ռուսաստանի հետ աշխատանքից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ