Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, որին օրերս Ուկրաինան զրկել էր քաղաքացիությունից, կարող է արտահանձնվել Թբիլիսի, եթե պաշտոնական Կիևը Վրաստանից նման հարցում ստանա: Այս մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր դատախազության աղբյուրը:
Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ Ուկրաինան երկու անգամ հրաժարվել է արտահանձնել Սաակաշվիլիին, որի դեմ Վրաստանում երկու քրեական գործ կա հարուցված:
«Այժմ, եթե նա գա, նրան կթողնեն օդանավակայանի չեզոք գոտում և անձնագիր կպահանջեն: Եթե Միշան ինչ-որ կերպ մուտք գործի Ուկրաինայի տարածք, և Վրաստանից լինի համապատասխան հարցում, ստիպված կլինենք արտահանձնման վերաբերյալ օրինական որոշում կայացնել»,- ասել է թերթի աղբյուրը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ