2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստը վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց մերժել իր դեմ ինքնաբացարկի միջնորդությունը:
Այսօր շարունակվեց ամբաստանյալների ինքնության ճշտման գործընթացը: Երբ դատավորն ամբաստանյալ Էդուարդ Գրիգորյանին ասաց, որպեսզի վերջինս նշի իր անուն-ազգանուն-հայրանունը, նա ասաց. «Կարիք չունեմ ձեր հետ շփվելու»: Երբ դատավորը դիմեց Սեդրակ Նազարյանին, վերջինս ուղղեց նրան՝ «ապստամբ Սեդրակ Նազարյան»:
Նույնը կրկնեցին նաեւ Վարուժան Ավետիսյանը եւ Արմեն Լամբարյանը: Ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանն էլ «ապստամբ»-ին հավելեց՝ «գեղանկարիչ, հոգեբան, հոգեբույժ Աշոտ Պետրոսյան»:
Երբ դատավորը ներգրավում էր պաշտպաններին, Սեդրակ Նազարյանից հարցրեց՝ համաձա՞յն եք, որպեսզի Երվանդ Վարոսյանը ձեզ պաշտպանի: Նազարյանը ժպտալով այսպես արձագանքեց. «Իսկ հնարավոր չի՞ հարձակումն ապահովվեն: Մեզ պաշտպանել պետք չի, մեզ հարձակվողներ են պետք»:
Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց օգոստոսի 23-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ