Լրահոս
Օրվա լրահոսը

Միգրացիա. ազգային անվտանգության դեռևս չհաղթահարված մարտահրավեր

Օգոստոս 02,2017 19:20

Ժողովրդագետ Արտակ Մարկոսյանն Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի եւ արտագաղթի մասին ուշագրավ հետազոտություն է կատարել, որով նաեւ եզրահանգում է, թե՝ արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նշած՝ 2040 թվականին հնարավո՞ր է ՀՀ-ի բնակչությունը 4 միլիոնի հասցնել:

Ըստ փորձագետի, անկախությունից 26 տարի անց էլ արտագաղթը լուրջ խնդիր է Հայաստանի համար:

Ներկայացնում ենք փորձագետի վերլուծության 2002 թվականից սկսած հատվածը:

Ըստ Մարկոսյանի, 2002-2008թթ.Հայաստանում իրականացված հետազոտությունները ցույց էին տալիս, որ աշխատանքային միգրացիան Հայաստանում գտնվում էր կայուն մակարդակի վրա եւ տարեկան մինչեւ 100 հազար մարդ մեկնում էր Հայաստանից սեզոնային աշխատանքի:  Մեկնողների գերակշիռ մասը ակտիվ եւ վերարտադրողական տարիքի տղամարդիկ էին եւ նրանց 85%-ի միջին տարիքը 21-50-ն էր:  Սեզոնային աշխատանքների մեկնողների համար հիմնական աշխատանքային երկիր էր հանդիսանում ՌԴ, որտեղ հանգրվանում էր մեկնողների 80%-ը, ԱՊՀ այլ երկրներ էին մեկնում 5, եվրոպական երկրներ 10, իսկ ԱՄՆ 5%: ՌԴ մեկնող հայ աշխատանքային միգրանտների 57%-ը ներգրավված էր շինարարության բնագավառում, 15-ը՝ առեւտրում, 10-ը՝ արդյունաբերությունում: Ուսումնասիրությունները ցույց էին տալիս նաև, որ հայ միգրանտների միջին աշխատավարձը կազմում էր ամսեկան 643 դոլար:

2002-2007թթ. Հայաստանի միգրացիոն առանձնահատկություններից էր նաեւ այն հանգամանքը, որ տնտեսական բարվոք պայմանների, մեծ չափերի հասնող դրամական տրանսֆերտների ֆոնին այդ տարիներին արձանագրվում էր միգրացիոն հոսքերի նվազ բացասական ցուցանիշներ, իսկ 2004-2006թթ. արձանագրվեց դրական միգրացիոն սալդո:

Փորձագետը նկատում է, որ 2009-ից սկսած Հայաստանից միգրացիոն հոսքերի վրա էական ազդեցություն սկսեց թողնել համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ինչի արդյունքում  այդ շրջանում Հայաստանից կտրուկ նվազեց աշխատանքային միգրացիայի ծավալը: Իսկ հետագայում համաշխարհային տնտեսությունում, եւ նաեւ  ՌԴ-ի տնտեսական կայունացմանը զուգընթաց Հայաստանից կրկին ակտիվացան միգրացիոն գործընթացները: Ապա` Հայաստանում մեծացավ գործազրկության ցուցանիշը եւ դա առավել ցայտուն էր 20-30 տարեկան երիտասարդների շրջանում: Միայն 2009-ի առաջին կիսամյակում Հայաստանում աշխատանքից զրկվեց այդ տարիքի մոտ 30 հազար մարդ, որն ազդեց միգրացիայի աճին: 2009-ին Հայաստանի ուղեւորաշրջանառության բացասական սալդոն -25 հազար մարդ էր, իսկ  2010-ին  միգրացիայի բացասական սալդոն ի տարբերություն 2009-ի, աճել էր 1,8 անգամ: Դա առաջին հերթին պայմանավորված էր Հայաստանում տնտեսական իրավիճակի վատթարացմամբ եւ  ռուսական տնտեսության այն ճյուղերի  աշխուժացմանը զուգահեռ, որտեղ հիմնականում ներգրավված էին Հայաստանի աշխատանքային միգրանտները: 2011 եւ 2012 թվականներին, թեև Հայաստանից հեռացածների եւ ժամանածների բացասական սալդոն 2010-ի նկատմամբ համապատասխանաբար նվազել էր 6,3 եւ 8,4%-ով, սակայն դրան առաջին հերթին նպաստել էր Սիրիական ճգնաժամի սրացման հետեւանքով մոտ 10 հազար սիրիահայերի հաստատվելը Հայաստանում:

Փորձագետի դիտարկմամբ,  2013-ին ՀՀ-ի տնտեսական իրավիճակը որոշակի կայունացավ, սակայն դրան զուգահեռ արտագաղթը վերածվեց մշտական երեւույթի: 2013-2016-ին ՀՀ-ի արտաքին միգրացիոն շրջանառության բացասական մնացորդի գումարային մեծությունը կազմել է մոտ 150 հազար մարդ: Ընդ որում` այդ ցուցանիշի 53% -ը կազմել են անվերադարձ մեկնած մեր հայրենակիցները: Աշխատանքային միգրացիայի մնացորդը 2013-2016-ին  կազմել է -60 հազար մարդ: 2014-ին  Հայաստանի միգրացիոն գործընթացների վրա էական ազդեցություն գործեցին Ռուսաստանի դեմ սահմանված  տնտեսական պատժամիջոցներն ու   համաշխարհային շուկաներում նավթի եւ գազի գների կտրուկ գնանկումը: 2015-ին հիմնական միգրացիոն գործընկերոջ՝ ՌԴ-ի տնտեսության վատթարացումը, աշխատատեղերի կրճատումը, ռուբլու մոտ 2 անգամյա արժեզրկումը, ինչպես նաեւ ՌԴ-ում միգրացիոն խստացված օրենսդրությունը ստիպեց ՀՀ աշխատանքային միգրանտների որոշ մասին վերադառնալ Հայաստան, զգալի թվով պոտենցիալ միգրանտներ էլ ձեռնպահ մնացին  այնտեղ մեկնելուց: Արդյունքում 2016- ին, ի  տարբերություն 2015-ի, միգրացիոն գործընթացներում ՀՀ տնային տնտեսությունների ներառվածությունը նվազել է 33,8%-ից մինչև 31,6%-ի:

Թեեւ 2013-ին միգրացիոն բացասական սալդոն ի տարբերություն 2012-ի, նվազեց 30%-ով եւ կազմեց -31,2 մարդ, սակայն 2014-ին՝   -41,7 հազար էր, 2015-ին՝ -43,4 հազար եւ 2016-ին  գրանցված -48,2 հազար միգրացիայի բացասական սալդոն հուշում է, որ միգրացիոն գործընթացները Հայաստանում էլ ավելի սուր բնույթ են ընդունում: Կրկին առաջնային են դառնում աշխատանքային-տնտեսական շարժառիթներով ծրագրավորված մեկնումները: Արտագաղթողների մեծ մասը 25-54 տարեկաններն են: Այսինքն՝  2009-ի  տնտեսական ճգնաժամից 8 տարի անց էլ, Հայաստանում չեն ստեղծվել տնտեսական աճի ապահովման կայուն նախադրյալներ: Անցկացված հետազոտություններով՝ պոտենցիալ միգրանտներին Հայաստանից չմեկնելու համար բավարար կլիներ ամսեկան մոտ 300 հազար մաքուր եկամուտը: Սակայն, Հայաստանում աշխատանքի առկայությունը դեռեւս բավարար պայման չէ, որպեսզի մարդը չմտածի արտագաղթի մասին:

Մյուս կողմից խնդրահարույց է մնում այն փաստը, որ անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները չկարողացան կանոնակարգել աշխատանքային միգրացիան: Քանի որ հայ միգրանտների աշխատանքային հիմնական երկիր է հանդիսանում ՌԴ-ն, չեն կնքվել եւ կանոնակարգվել այնպիսի պայմանագրեր, որի արդյունքում հնարավոր կլիներ կազմակերպել օրինական աշխատանքային միգրացիա: Դա կլուծեր ինչպես հայ միգրանտների ն աշխատանքային պաշտպանության հարցը, այնպես էլ հնարավորություն կընձեռեր այդ մարդկանց լուծելու իրենց աշխատանքային տարիների եւ կենսաթոշակային խնդիրները եւ կարևոր գործոն կհանդիսանար նրանց Հայաստանում պահելու համար:

Բարելավման նշաններ ցույց չի տալիս նաեւ Հայաստանի բիզնես միջավայրը: Եվ եթե Հայաստանում բիզնես գործունեություն ծավալող գործարարները դեռեւս շարունակում են իրենց գործունեությունը Հայաստանում, ապա ոչ այն պատճառով, որ բիզնեսի վարման պայմաններն են լավացել, այլ՝ գործարարների մեծ մասին արտագաղթելու մտադրությունից հեռու է պահում հիմնականում ՌԴ-ում բիզնես  անելու անբարենպաստ տնտեսական իրավիճակը: Միգրացիոն արտահոսքի ծավալները  2015-2016-ին  կազմել է միջինում 37 500 մարդ, 2012-2014-ի  35 հազարի դիմաց: Եվ նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ 2016-ի տվյալներով մոտ 24 հազար ՀՀ քաղաքացիներ դուրս են եկել ՀՀ բնակչության պետական ռեգիստրից  եւ մեկնել արտերկիր մշտական բնակության: Միայն 2015-ին  Հայաստանից 2500 ՀՀ քաղաքացի է շահել ամերիկյան  «Գրին քարտ» եւ մեկնել Հայաստանից: Արեւելյան Եվրոպայի երկրների ցանկում Հայաստանը 4-րդ տեղում է ամերիկյան «Գրին քարտի» խաղարկության մասնակիցների թվաքանակով՝ տարեկան մոտ 60 հազար մարդ:

Ի լրումն վերոնշյալի  հայտ են եկել արտագաղթի նոր տարատեսակներ: Բազմաթիվ հայաստանցի 22-30 տարեկան երիտասարդներ հարսնացուներ են որոնում ՌԴ-ում և այլ երկրներում ամուսնանալու եւ մշտական բնակության մեկնելու համար: Միգրացիայի մի տեսակ էլ կարող  այն դառնալ, որ վերջին 17 տարվա կտրվածքով սեռով պայմանավորված աբորտների հետևանքով ՀՀ-ում ապագայում ունենալու ենք տղաների ավելցուկ ՝ 45.000 տղա։ Եվ սա արտագաղթի մեծ ալիք է լինելու, քանի որ, եթե տղաներն այստեղ չկարողանան ամուսնանալ, ապա, բնականաբար, հայացքը պետք է թեքեն այլ երկրներ։

Եվ այս ամենին զուգահեռ անիրական եւ ժամանակավրեպ են  այն ծրագրերը, որով նախատեսվում է արտերկրում բնակվող մեր հայրենակիցների ներգաղթ կազմակերպել եւ դրանով  2040-ին  Հայաստանում բնակչության թիվը դարձնել 4 մլն: Ներկայումս ՀՀ-ի համար առաջնայինը հենց Հայաստանից արտագաղթի կասեցումն է, քանի որ այն իրական վտանգ է պարունակում Հայաստանը դարձնելու տնտեսապես անմրցունակ, անհեռանկարային, պաշտպանական պոտենցիալից եւ զարգացման ծրագրերից զուրկ  պետության: Արտագաղթի կասեցման համար, ըստ փորձագետի, անհրաժեշտ է բարելավել սոցիալ-տնտեսական իրավիճակը, բարեփոխել դատական եւ արդարադատության  համակարգերը, հաստատել օրենքի գերակայություն, վերացնել մոնոպոլիաներն ու ազատականացնել բիզնես միջավայրը:

Ծավալուն հետազոտությանը կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031