Նոր Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ազգությամբ հայ և ուզբեկ շինարարների միջև: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:
Հաղորդվում է, որ շուրջ 40 ներգաղթյալներ՝ զինված բահերով, մուրճերով և երկաթե ձողերով, ծեծկռտուք են սկսել բնակելի համալիրի շինհրապարակում:
Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի: Կռվին մասնակցել է շինարարների երկու խումբ Հայաստանից և Ուզբեկստանից: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:
ՆԳՆ տվյալներով՝ ծեծկռտուքի հետևանքով 6 մարդ վիրավորվել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնել են, որ կռիվը սկսվել է այն բանից հետո, երբ շինարարներից մեկը տանիքից աղբ է թափել:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ «խուլիգանություն» հոդվածով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ