Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը հունիսի 28-ին գրությամբ դիմել էր Հայաստանի Հանրապետության ոստիկանապետին:
Դիմումում մասնավորապես ասված էր, որ «Հայկական ժամանակ» թերթի 28.06.2017թ. տեսանյութի համաձայն Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարակից տարածքում փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ ոստիկանները ցուցաբերել են բռնի գործողություններ:
Փաստաբանների Պալատի նախագահը խնդրել էր Ոստիկանապետի հանձնարարականը համապատասխան ստորաբաժանմանը՝ նշված միջադեպն ուսումնասիրելու և մեղավոր ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ:
Գրությանն ի պատասխան նույն օրը ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափության գնահատման նպատակով նշանակվել էր ծառայողական քննություն:
ՀՀ փաստաբանների Պալատը Ոստիկանությունից հուլիսի 31-ին ստացել է նոր գրություն, որով հայտնել են, որ նշանակված ծառայողական քննության ժամկետը երկարացվել է 30 օրով:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մամուլի կենտրոն