«Սամվել Բաբայանի դատավարության ընթացքում ամեն ինչ հարթ ընթացավ, քանի որ երկու կողմն էլ ուզում էին, որ դատավարություն լիներ, ոչ թե «Սասնա ծռերի» նման, որ երկու կողմն էլ չէր ուզում»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը:
Նշենք, որ քաղաքագետը հռետորական հարց էր բարձրացրել, թե «ինչի՞ց էր, որ Բաբայանը դատարանի գալուց ոտքի կանգնեց, փաստաբաններին չխոչընդոտեցին դահլիճ մտնել ու դատավարությունն էլ նորմալ ընթացավ, իսկ մամուլը որևէ ձևով գոռում գոչյուններով չմեկնաբանեց և, որ ամենատեսանելին էր, ոչ մի «մարդու իրավունքների» ջատագով, կամ իրավապաշտպան ով պնդում է, որ աշխարհում գոյություն ունի զինված ապստամբության իրավունք, ոչ մի ստատուս չերկնեց»։
Մեր հարցին` հավելյալ տեղեկություննե՞ր ունի Սամվել Բաբայանի դատավարության հետ կապված, թե՞ զուտ «Սասնա ծռերի» պահվածքի հետ համեմատության մեջ է նման հարց բարձրացնում, պարոն Սամսոնյանը պատասխանեց. «Ես հենց այդ համատեքստում եմ հարցը դիտարկում: Այսինքն` Սամվել Բաբայանը ոչ մի խնդիր չուներ դատարանում ոտքի կանգնելու հետ կապված: Ուստի «Սասնա ծռերի» ու իրենց փաստաբանների տրամաբանությամբ Սամվել Բաբայանը վա՞տ հերոս է կամ ավելի քի՞չ հերոս է, որ կանգնում է ոտքի դատարանի` ներս մտնելուց, թե՞ ըստ իրենց`Սամվել Բաբայանը հանցավոր ռեժիմի հետ համագործակցության է գնում: Նույն ըստ կալանավորվածների` ապօրինի դատարանն է, նույն իրավիճակը: Միանշանակ, Սամվել Բաբայանն ինձ համար հերոս է: Այդ մարդը որևէ ձևով չի խուսափում դատարանում անել այն, ինչ պահանջում է դատարանը»։
Հարցին` Սամվել Բաբայանի գործն ի՞նչ հանգուցալուծում կունենա, պարոն Սամսոնյանը պատասխանեց. «Կարծում եմ` դա կախված կլինի նրանից, թե դատարանից դուրս ինչ հարաբերություններ կլինեն Սամվել Բաբայանի և այն մարդկանց միջև, ում հետ իրականում նա ունի խնդիրներ»։
Քաղաքագետից փորձեցինք հստակեցնել`դատարանի դահլիճում ոտքի չկանգնելը, մի շարք այլ հակաօրինական քայլերի դիմելը, անկախ ամեն ինչից, արդարացվա՞ծ է, թե՞ ոչ, պարոն Սամսոնյանը պատասխանեց. «Եթե դա դիտարկենք դատական նիստերը տապալելու համատեքստում, ճիշտ է, որ ոտքի չեն կանգնում և ոչ միայն դա: Իսկ դատարանում հայհոյելը, շոուներ սարքելը տղամարդկության ցուցադրում չէ, այլ հակառակի` թուլության, իրենց պատկերացրած տղամարդկության բացակայությունն է»։
Նարեկ Սամսոնյանը զուգահեռ տարավ «յոթի գործի» հետ ու ասաց. «Այդ տղաները մի քանի անգամ ավելի քաղաքական էին և մի քանի անգամ ավելի քաղբանտարկյալ: Նրանք իրական քաղբանտարկյալներ էին. որևէ մեկը զենք չէր վերցրել, մարդ չէր սպանել, այլ իրենց մարդկանց էին սպանել: Յոթի գործի ժամանակ յոթ քաղբանտարկյալները, ինչը երբեք չեմ կարող ասել «Սասնա ծռեր» զինված խմբի մասին, ոտքի կանգնելու հետ կապված խնդիր ունեին: Երկու նիստի չկանգնեցին ոտքի, հետո երբ տեսան, որ ոտքի չկանգնելու պատճառով դատական նիստը հետաձգվում է, երրորդ նիստից սկսեցին ընդհանրապես չնստել: Յոթն էլ կանգնած անցկացրին նիստը: Նրանք ասում էին` մենք չենք կանգնելու ձեզ համար, և այդ չկանգնելը դարձավ չնստել: Նրանք քաղբանտարկյալ էին, ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի հանցակազմին ամբողջությամբ համարժեք գործողություն արած մարդիկ չէին, նրանք քաղաքական գործիչներ էին` ի տարբերության այս մարդկանց: Հետևաբար` այս շոուն իրենց ձեռնտու է: Ինչպես իրենց ողջ քաղաքական գործունեությունը, այնպես էլ այս շոուն, մի բաժակ ջրում փոթորիկ սարքել է, անլրջություն վերից վար, այդպես էլ անում են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դատարանում ոտքի չկանգնելն ու ընդհանրապես չնստելը նույն բանն է, երկու դեպքում էլ
դատվողները միանգամյն իրավացիորեն իրենց մեղավոր չեն չանաչում, քանի որ նրանք քաղբանտարկյալներ են: Իսկ ինչ մնում է Սամվել Բաբայանի ոտքի կանգնելուն, դա ոչինչ չի նշանակում, այդ մարդը այդպես է ուզում, այդպես է անում:
Մոդերատորների ուշադրությունն եմ դարձնում մեկնաբանության մեջ վիրավորական արտահայտությունների վրա: