Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

840 հազար եվրո`բրիտանական ընկերությանը. արդյունքը 1,5 կիլոգրամ թուղթ է (Տեսանյութ)

Օգոստոս 02,2017 14:47

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նվաստացուցիչ է համարում, որ 21-րդ դարում մարդը երթեւեկում է այնպիսի տրանսպորտով, որով հիմա մենք երթեւեկում ենք: Ըստ նրա, այսօր երթուղայինում ողնաշարը ծալած երեխան չի կարող վաղը ՀՀ արժանապատիվ քաղաքացի լինել: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում Արմեն Պողոսյանը եւ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը խոսեցին Երեւանում տրանսպորտային խնդիրներից: «Հրավիրվել է բրիտանական ընկերություն, վճարվել է 840 հազար եվրո: Արդյունքը մեկուկես կիլո թուղթն է, որն ինձ տրամադրել են, որտեղ ես չեն տեսնում որեւէ ռացիոնալ քայլ»,- ասաց Արմեն Պողոսյանը:

Նա քանիցս փորձել է հանդիպել բրիտանական ընկերության ներկայացուցչի հետ եւ ներկայացնել իր մտահոգություններն ու դիտողությունները: Ասել են`«բրիտանացին շտապում է Լոնդոն»: Աշխատանքային խմբում հայ մասնագետներ էլ կան, Արմեն Պողոսյանը նրանց էլ չի հաջողել հանդիպել:

Մանրամասները` տեսանյութում

Արմեն Պողոսյանը կարծում է`ոլորտում իրավապայմանագրային ձեւերը պետք է վերանայվեն: ԲԲԸ-ի պետք է վերակազմավորել, որտեղ մասնաբաժիններ կունենան եւ քաղաքային իշխանությունը եւ գծատերերը: Այդպիսով, ըստ նրա, կողմերը շահագրգիռ կլինեն որակի բարելավման հարցում:

Զարուհի Բաթոյանն անդրադարձավ հատուկ կարիքավոր անձանց տրանսպորտային խնդիրներին: Մայրաքաղաքում կա 668 ավտոբուս, որից 25-ի վրա վերջին 2-3 տարիների ընթացքում վերելակներ են տեղադրվել, դրանցից 7-ն է հիմա աշխատում: Զարուհի Բաթոյանին հավաստիացրել են, որ սեպտեմբերից 25-ն էլ կաշխատեն: 41 ավտոբուսային երթուղիներից 3-ում ունենք հատուկ կարիքավորների համար հարմարեցված ավտոբուսներ: Տաքսիներն ընդհանրապես հարմարեցված չեն. Երևանում նման մեկ տաքսի կա: Զարուհի Բաթոյանն առանձնացրեց նաեւ չվացուցակների բացակայությունը, կանգառների անմատչելիությունը, հաճախ կանգառասրահների բացակայությունը:

Հուլիսի 24-ին, քաղաքապետարանում աշխատանքային քննարկման ժամանակ, Զարուհի Բաթոյանն այս հարցերը ներկայացրել է Տարոն Մարգարյանին: Առաջարկել է տարեկան նվազագույնը 50 ավտոբուս հարմարեցնել հաշմանդամների կարիքներին: Այդ դեպքում, առաջիկա տարիներին, գոնե 30 տոկոսով կլուծենք այդ հարցը: «Գումարն աստղաբաշխական չէ`մեկ վերելակի համար 4 միլիոն դրամ է պետք: Այսինքն, տարեկան 200 միլիոն դրամի մասին է խոսքը: Եթե տեսնեք ինչքա~ն գումարներ եւ ինչերի~ վրա են ծախսվում, կտեսնեք, որ շատ չէ»:

Նա բարձրացնում է նաեւ վարորդների համար դասընթացների կազմակերպումը եւ իրազեկումը հաշմանդամներին տեղափոխելու հարցերին եւ տրանսպորտային վերելակների տեխնիկական սպասարկման հարցերը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031