Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«16 ժամ գնացքում պետք է ոչինչ չանես. ոչ զուգարան գնաս, ոչ` տեղաշարժվես» (Տեսանյութ)

Օգոստոս 02,2017 14:36

«Հաշմանդամություն ունեցող մարդիկ էլ մեծ սիրով հանգստի կմեկնեին, բայց ոչ հանգստյան տները Հայաստանում, ոչ միջմարզային տրանսպորտը հարմարեցված չեն սայլակ օգտագործող մարդկանց համար»,-այսօր «Հենարան» ակումբում այսպիսի մտահոգություն հայտնեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը:

Նրա խոսքով, միակ տրանսպորտը, որը հասանելի է սայլակ օգտագործող մարդուն, որով նա կարող էր գոնե Վրաստանի ծովափնյա հանգստավայրեր մեկնել, գնացքն է, որի ներսը սակայն հարմարեցված չէ. «Ոչ կարող ես տեղաշարժվել, ոչ զուգարան գնալ, 16 ժամ պետք է ոչինչ չանես»:

Ըստ նրա, միայն Ջերմուկում մի բրենդային հյուրանոց կա, որն ամբողջովին հարմարեցված է, որն էլ սակայն բավականին թանկ արժե եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց գրպանին հասու չէ:

Հաշմանդամ մարդկանց իրավունքների վերաբերյալ կոնվենցիան 7 տարի առաջ ենք վավերացրել, բայց այս տարիների ընթացքում, ըստ պարոն Ալավերդյանի՝ այս ոլորտում մեծ տեղաշարժեր չենք արձանագրել:

Ավելին, ըստ պարոն Ալավերդյանի, մի քանի ամիս առաջ, կառավարության թեթեւ ձեռքով, հաշմանդամ մարդկանց թիվը մեր երկրում զգալի պակասեց. Բժշկասոցիալական փորձագիտական (ԲՍՓ) հանձնաժողովը, որը զբաղվում է մարդկանց հաշմանդամության կարգը որոշելով, մի շարք քաղաքացիների զրկեց կարգից` 210 հազարից թողնելով 200 հազար մարդուց էլ պակաս:

«Ի՞նչ եղան այդ մարդիկ»,-հարցնում է Արմեն Ալավերդյանը: Նրա այս հարցին, ԲՍՓ-ի պատասխանատուները բացատրել են, որ հիմնականում 3-րդ կարգն են վերանայել:

Մանրամասները` տեսանյութում

Արմեն Ալավերդյանի խոսքով, այսօր դեռեւս չլուծված խնդիր է մնում նաեւ պետության տրամադրած սայլակների ոչ հարմար լինելու հարցը: Սայլակները տրամադրվում են երեք տարին մեկ, սակայն պարոն Ալավերդյանի ներկայացմամբ, դրանք ստանդարտ են եւ շատերին ոչ հարմար: Փոխարենը պարոն Ալավերդյանն առաջարկում է սայլակի համար հավաստագիր տրամադրել` համապատասխան գումարի, որպեսզի մարդը, ցանկության դեպքում, այդ գումարի վրա ավելացնի եւ իրեն հարմարը գնի:

Անդրադառնալով կրթական խնդիրներին, պարոն Ալավերդյանն ասաց, որ ներառական դպրոցներով Հայաստանը առաջատար է ԱՊՀ երկրներում, սակայն կրթության որակի հետ կապված մի շարք չլուծված հարցեր կան, որոնք ազդում են մարդկանց` լավ կրթություն ստանալու հնարավորության վրա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031