Հուլիսի 27-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետ Հովիկ Աբովյանը մարզի համայնքների ղեկավարներին հորդորեց օգտվել նրանց հասանելիք արձակուրդից: Նա ասաց՝ համայնքի ղեկավարներ կան, ովքեր տարիներ շարունակ արձակուրդ չեն գնում եւ հավելեց. «Հետո գալիս է մի պահ, որ խնդիր է առաջանում, գործող համայնքի ղեկավարը չի վերընտրվում, համայնքի նոր ղեկավարը գալիս է, նստում աշխատանքի, մեկ էլ ասում են՝ գիտե՞ք, իր հաշվարկները արել ենք, միայն արձակուրդայինը 7 միլիոն դրամ է, որը բյուջեի վրա խիստ ազդեցություն է ունենում»:
Հ. Աբովյանն ասաց, որ այդ խնդիրը կար Դիլիջանի տարածաշրջանի համայնքների խոշորացման ժամանակ, համայնքների ղեկավարներ կային, ովքեր 5-6 տարի արձակուրդ չէին գնացել: Մարզպետի խոսքերով նախկին համայնքապետերի այդ բացթողումը ՝ նորընտիր համայնքապետերին «նեղություն է տվել»
Նա հայտնեց, որ իր տեղեկություններով՝ կառավարությունում նախագիծ է քննարկվում, որպեսզի վճարվեն ոչ թե բոլոր տարիների, այլ միայն վերջին 3 տարիների չօգտված արձակուրդի գումարները:
Հովիկ Աբովյանն ասաց, որ ամառը հանգստի սեզոն է, նա համայնքապետերին հորդորեց հիմա արձակուրդից օգտվել, որպեսզի դրանից հետո նրանք ավելի արդյունավետ աշխատեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ