Իրաքից դեպի հյուսիս ՝ շարժվում է ջերմային ցիկլոն. այն նաեւ հասնելու է Հայաստան:
Այսօր «Հայացք» ակումբում այս մասին ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա ներկայացմամբ՝ առաջիկա օրերին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է ուժեղ շոգ, տաք օդային ցիկլոնը ավելի շատ ազդելու է Արարատյան դաշտավայրում եւ Սյունիքի հովտային գոտիների վրա:
Սուրենյանի ներկայացմամբ՝ օդային հոսանքը գալիս է արաբական անապատներից, ուստի Հայաստանում օդը կլինի չոր անապատային, օդի մեջ կտրուկ կավելանա փոշու կոնցենտրացիան. «Մեր շրջակայքում լեռները պրակտիկորեն չեն երեւա, օդի հարաբերական խոնավությունը խիստ կնվազի՝ 7-9 տոկոս»:
Սուրենյանն ասաց, որ օգոստոսի 3-ից օդի ջերմաստիճանը բարձրանալու է: Ընդ որում, ինչպես Սուրենյանն ասաց, մինչ այժմ Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը չի գերազանցել 38 աստիճանը, բայց վաղվանից ամեն օր 1 աստիճանով բարձրանալու է, իսկ ամենաշոգ օրերը կլինեն օգոստոսի 6-ին եւ 7-ին. այս օրերին Երեւանում եւ Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի, իսկ ցածրադիր վայրերում հնարավոր է մինչեւ 42 աստիճանի:
Ըստ Սուրենյանի, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, Կոտայքում, Արագածոտնի լեռնային շրջաններում եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ 36 աստիճանի, Տավուշի հովտային գոտիներում՝ 39 աստիճան, Մեղրիում եւ Ագարակում՝ 41 աստիճան:
Այս շոգերին, ինչպես Սուրենյանը խորհուրդ տվեց, պետք է խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից ժամը 11:00-ից մինչև 17:00-ը, պետք է խուսափել ոգելից խմիչքներից:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն էլ ասաց, որ մի բան հուսադրող է՝ գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը 26 աստիճանից բարձր չի լինի: Հարությունյանը գյուղացիներին, մասնավորապես հողօգտագործողներին խորհուրդ տվեց մշակաբույսերի բուժման աշխատանքները կատարեն վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան, քանի որ ցերեկային ժամերին, երբ օդի ջերմաստիճանը շատ բարձր է լինելու, բուժման աշխատանքների արդյունքները ցածր կլինի. «Կան աշխատանքներ, որոնք հնարավոր չէ դադարեցնել ցերեկը, բայց այդ ժամանակ անպայման պետք է ունենան սպիտակ գլխարկներ, սպիտակ ձեռնոցներ, պաշտպանված լինեն արեւի ճառագայթներից: Հավաքված բերքը, որպեսզի հետագայում չվնասվի եւ թունավորման խնդիրներ չառաջանան՝ հորդորում ենք պահել ստվերում, նկուղներում, ծառերի ստվերում, ծածկել ծառերի ճյուղերով: Այն վայրերում, որտեղ չկա ոռոգման ջրի խնդիր, պետք է արդյունավետ կազմակերպել ոռոգումը՝ որքան հնարավոր է ոռոգումը գիշերն անել՝ ե՛ւ արդյունավետությունը բարձր կլինի, ե՛ւ հետագայում խնդիր չենք ունենա: Իսկ այն հողօգտագործողները, որոնք իրենց այգետարածքները կամ բանջարանոցները, ժողովրդի լեզվով ասած՝ ջուրն առավոտվանից դրել են էդ տարածքներում, ցանկալի կլինի շոգ ժամերին ջուրը չանջատեն, կամ անջատեն գիշերը, կամ լուսադեմին»:
Գյուղփոխնախարարը գյուղացիներին համերաշխ եւ փոխզիջումային աշխատանքների կոչ արեց: Հարությունյանը գյուղացիներին հորդորեց ջուրը զիջել այն գյուղացիներին, որոնք հիմնականում բանջարաբոստանային մշակաբույսեր են մշակում, որոնց այս բարձր ջերմաստիճանը կարող է վնասել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ