Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր վրա բոչկա մի գլորեք». «Սասնա ծռերի» պաշտպաններն ու դատավորը կրկին վիճեցին (Տեսանյութ)

Օգոստոս 02,2017 12:51

2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստում այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի համար որպես հանրային պաշտպան ներգրավել փաստաբան Արմինե Ֆանյանին:

Սմբատ Բարսեղյանը, որը դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար սանկցիայի է ենթարկվել եւ մի քանի ժամով հեռացվել նիստերից, մի պահ բերվեց դահլիճ, որպեսզի կարծիք արտահայտի: Ասաց, որ իր պաշտպանը Հայկ Ալումյանն է, եւ եթե վերջինս ծանրաբեռնված լինելու պատճառով չի կարողանում ներկայանալ, ինքը խնդիր չի տեսնում եւ այլ պաշտպան չի ցանկանում: Չնայած դրան, դատավորը որոշեց,որ նրա պաշտպանն այսուհետեւ Արմինե Ֆանյանն է:

Այնուհետեւ ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին, որպեսզի դատավորը վերացնի ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Պավել Մանուկյանի, Սմբատ Բարսեղյանի եւ Կարո Եղնուկյանի հանդեպ սանկցիաները եւ նրանց վերադարձնի նիստերի դահլիճ, որպեսզի «սայլը տեղից շարժվի»: Դատավորը չհամաձայնեց՝ ասելով, որ նրանք դատավարական կարգ են խախտել եւ իր գալուն պես ոտքի չեն կանգնել:

Ամբաստանյալների պաշտպաններից Հրանտ Գեւորգյանն էլ բղավելով ասաց. «Հասկացե՜ք, նրանք զենքը ձեռքին դուրս են եկել ոչ թե ուրիշի ունեցվածքը թալանելու, այլ, ըստ իրենց հայտարարության, ապստամբություն անելու: Իրենք,միեւնույնն է, ոտքի չե՜ն կանգնելու, որովհետեւ դա պետության ղեկավարության դեմ ուղղված ակցիա էր»:

Ամբաստանյալների պաշտպաններից Հարություն Բաղդասարյանն էլ իր հերթին դատավորին ասաց. «Ամեն անգամ մեզ եք մեղադրում, բայց դուք էք դատավարական կարգ խախտում: Մեզ վրա բոչկա մի գլորեք եւ մեզ մի սովորեցրեք…»:

Դատավորը չհամաձայնեց. «Դուք եք մեղավոր, մեկ գալիս եք նիստի, մեկ չեք գալիս: Երկու ամիս է՝ առաջ չենք գնում: Սա նախապատրաստական փուլն է, բայց, պատկերացնո՞ւմ եք, երբ հետագայում 14 ամբաստանյալներից մեկի պաշտպանը ներկա չլինի, նիստը պետք է հետաձգվի»:

Ամբաստանյալների պաշտպաններից Դավիթ Գյուրջյանն էլ դատարանին առաջարկեց աշխատել օրվա կեսը՝ կամ առավոտից մինչեւ 14:00-ին, կամ 14:00-ից մինչեւ աշխատանքային օրվա ավարտը, որպեսզի փաստաբանները կարողանան նաեւ այլ նիստերի ներկա լինել եւ այս նիստից չբացակայել: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կրկին չհամաձայնեց. «Իբր շատ եք կարում իրար գլուխ հավաքվեք, մի բան էլ՝ օրվա կեսն աշխատե՞նք»:

Դատարանը որոշեց մերժել ամբաստանյալների հանդեպ նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիան չեղարկելու միջնորդությունը: Նիստն ընդմիջվեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031