Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նորովի մոտեցում զբոսաշրջային գործին. ամեն ինչ սկսելով ներքևից

Օգոստոս 02,2017 11:54

Հուլիսի սկզբից Սևանում մեկնարկել է «Տուրիզմ ստարտափ» եռամսյա ծրագիրը, որն իրականացվում է «Տեխնոդրոմ» ՀԿ-ի կողմից:

Դեռևս 2013թ. ԱՄՆ փոխանակման «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել էր հասարակական կազմակերպությունների համար, Բոստոն էր մեկնել նաև «Տեխնոդրոմ» ՀԿ-ի նախագահ Գայանե Մհերյանը:

2017թ. ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց ԱՄՆ շրջանավարտներին դրամաշնորհային ծրագրի մրցույթ, որի նպատակն էր կապ պահպանել փոխանակման և ուսումնական ծրագրերի մասնակիցների հետ, խրախուսել նրանց` համախմբելու ջանքերը մի շարք ոլորտներում, որոնք թույլ կտան ապահովել ժողովրդավարական զարգացումը:

Ծրագրի մրցութային փուլին մասնակցեց նաև «Տեխնոդրոմ» ՀԿ-ն` ներկայացնելով տարածաշրջանի գերակա ուղղություններից մեկին` զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագիր, որը ներառում է աջակցություն ստարտափներին և ձեռներեցության խթանում:

Սևանի տարածաշրջանում զբոսաշրջային գործի զարգացման քայլերն առավել հիմնարար և շոշափելի դարձնելու համար փորձ է արվում այն մոտեցնել տեղաբնակներին` ամեն ինչ սկսելով ներքևից:

«Տեղացիներն այս ծրագրի միջոցով ստանալու են մեկնարկային տուրիզմի, հյուրատնային բիզնեսի և գործունեության, գյուղական և էկոտուրիզմի մասին տեսական և գործնական գիտելիքներ,- ներկայացնում է «Տեխնոդրոմ»-ի նախագահ Գայանե Մհերյանը և հավելում:- Զուգահեռաբար մասնակիցները ստանում են անհրաժեշտ տեղեկատվություն տարածաշրջանի և բնական և մշակութային ժառանգության վերաբերյալ»:

Ծրագիրն իրականացվում է Սևան /ներառյալ Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերը/, Լճաշեն, Ծովագյուղ համայնքներում: Ծրագրի մասնակիցներն են Սևանի պետական քոլեջի ուսանողները, հյուրատներ ստեղծելու ոլորտում 1-ին քայլեր կատարողները, այն անձինք, որոնք պատրաստվում են նոր գործ սկսել:

Գայանե Մհերյանի փոխանցմամբ` մասնակիցների թիվը գերազանցում է 100-ը, ոմանք, տեղեկանալով ծրագրի մասին, ցանկություն են հայտնել մասնակցելու` չնայած այլ համայնքներից են, որոնք ներառված չեն ծրագրում:

Դասընթացների բովանդակային կողմն ապահովելու նպատակով ընտրվել է 4 ուղղություն: Անգլերեն լեզվի ուսուցման բաղադրիչն ապահովվում է Սևանում ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավոր Ջեկի Գրանտի կողմից, տուրիստական գործը ներկայացնում է Սևանի համայնքապետարանի զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը:

Զբոսավար դառնալուց մինչև սեփական գործ հիմնելու ճանապարհին տեղացի երիտասարդները քայլ առ քայլ ծանոթանում են գործի նրբություններին, ձեռքբերում հմտություններ:

Ճիշտ հաղորդակցություն ապահովելու համար մասնակիցների հետ աշխատում է նաև հոգեբան:

«Մեր տարածաշրջանում շատերը չեն համարձակվում գործ սկսել: Օդի մեջ է «ինչից սկսել» հարցը: Ահա այստեղ է, որ ծրագիրը գալիս է օգնության. տալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, որոնք կօգնեն առանց մեծ ռեսուրսներ ներգրավելու բարելավել մարդկանց սոցիալական վիճակը, տալ նրանց աշխատելու հնարավորություն»,- ասում է Գայանե Մհերյանը:

Համայնքներում դասընթացների ավարտից հետո ծրագիրը կթևափոխի 2-րդ փուլ: Նախատեսված է տեղեկատվական բուկլետների տպագրություն, որը ներառելու է տվյալներ գործող հյուրատների վերաբերյալ, նաև այն երիտասարդների տվյալները, որոնք կարող են հաղորդակցվել զբոսաշրջիկների հետ, պատրաստ են նրանց ներկայացնելու իրենց համայնքը: Նույն տեղեկատվությունը տրամադրվելու է նաև օնլայն եղանակով:

Համայնքներում տեղադրվելու են տեղեկատվական ցուցանակներ, տեսարժան վայրերը պատկերող ցուցանակներ, որոնք ծրագրում ընդգրկված 5 համայնքների վերաբերյալ տալու են որոշակի գաղափար:

Ծրագրի ավարտին մասնակիցների համար նախատեսվում է զբոսաշրջային, տեղեկատվական տուր Դիլիջան, Երևան, Էջմիածին, հանդիպումներ գործող ու կայացած հյուրատների սեփականատերերի հետ:

Համայնքը զբոսաշրջիկին առավել մոտեցնելու համար արվեստի օջախները ևս ներգրավվելու են այդ գործընթացում կազմակերպվելու են վարպետաց դասեր, ազգային խոհանոցն էլ է ներառվելու այդ գործընթացում:

Այս ամենի հիմքում ընկած է մեկ գաղափար` տեղացի երիտասարդը պետք է սովորի գումար վաստակել, կայուն եկամուտ ունենալ` օգտագործելով եղած ռեսուրսները և իր հմտությունները:

Ծրագիրը լավագույն միջոց է լրացնելու շատ բացեր. շփումների խոչընդոտը վերացնելու ճանապարհին զինել լեզվական անհրաժեշտ իմացությամբ, յուրացնել զբոսաշրջային գործի նրբությունները, զբոսաշրջիկին բերել Սևանի տարածաշրջան, երիտասարդներին կապել համայնքին` միաժամանակ համայնքը դարձնելով ներկայանալի:

Իհարկե, ոչինչ հեշտ չի ստեղծվում, սակայն նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի:

Գայանե Մհերյանը թվարկում է նաև ծրագրի աջակից անձանց և կազմակերպություններին, որոնց շնորհիվ ծրագիրը հաջող մեկնարկել է և սահուն ընթանում է` Սևան, Լճաշեն, Ծովագյուղ համայնքների ղեկավարներ, համայնքապետարանի տեղեկատվական տուրիզմի պատասխանատու, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ, ՓՄՁ Գեղարքունիքի մասնաճյուղ, ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր:

Մեկնարկային /ստարտափ/ տուրիզմին ուղղված ծրագիրը սեպտեմբերին կհատի վերջնագիծը` մեկնարկ տալով զբոսաշրջային ոլորտում տարածաշրջանային նոր դրսևորումներին:

Սա այն դեպքն է, երբ մասնակիցներին ձկան փոխարեն տալու են կարթ մշտական և կայուն եկամուտ ապահովելու համար:

ԱՐՄԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031