Կենտրոնական բանկը հրապարակել է բանկային համակարգի միջոցով այս տարվա առաջին վեց ամիսներին իրականացված տրանսֆերտային հոսքերի շարժը։ Ըստ այդմ, ֆիզիկական անձանց փոխանցումները 16 տոկոսով ավելացել են։ Բանկային համակարգի միջոցով մուտք է եղել ավելի քան 724 մլն դոլար, ինչը 102 միլիոնով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակը։
Իհարկե, հիշյալ ցուցանիշները դեռ բավարար չեն լիարժեք պատկերացում կազմելու տրանսֆերտային շուկայի մասին։ Այստեղ տեղի են ունեցել որոշակի տեղաշարժեր եւ ի հայտ են եկել նոր երեւույթներ։
Մասնավորապես ներհոսքի աշխուժացմանը զուգահեռ ակտիվացել է արտահոսքը։ Դա նկատելի է հատկապես այնպիսի երկրների հարաբերություններում, որոնց հետ Հայաստանի տրանսֆերտային շուկայի տեղաշարժերը մինչեւ վերջերս բոլորովին այլ տեսք ունեին։ Խոսքը առաջին հերթին Միացյալ Նահանգների մասին է։
Եթե նախկինում շարժը հիմնականում մեկ ուղղությամբ էր, ապա այս տարի զգալիորեն ավելացել է արտահոսքը։ Ճիշտ է, դրական հաշվեկշիռը պահպանվում է, բայց այս տեմպով ընթանալու դեպքում վիճակը կարող է փոխվել։ Պատճառը ոչ թե ԱՄՆ-ից մուտքերի կրճատումն է, այլ Հայաստանից կատարվող փոխանցումների կտրուկ ակտիվացումը։ «Պաշտոնական տվյալներով, առաջին կիսամյակում Միացյալ Նահանգներից եղել է 83,5 մլն դոլարի մուտք։ Արտահոսքը նույն ժամանակահատվածում կազմել է 74,5 միլիոն, նախորդ տարվա 38,5 մլն դոլարի դիմաց։ Այլ կերպ ասած, Հայաստանից իրականացված փոխանցումները տարեսկզբի վեց ամիսներին գրեթե կրկնապատկվել են։
Ո՞րն է եղել նման կտրուկ տեղաշարժի պատճառը, դժվար է ասել։ Այս առումով առայժմ որեւէ պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացվել։ Թեպետ հոսքերի դինամիկան վկայում է, որ ֆիզիկական անձինք սկսել են ավելի շատ գումար տեղափոխել Միացյալ Նահանգներ։ Երեւույթը մտահոգիչ է, անկախ նրանից՝ դա ունի բիզնեսի, թե այլ նպատակ։
Տրանսֆերտային շուկայում դիտարկված մյուս կարեւոր յուրահատկությունն այն է, որ վերսկսել են ակտիվանալ մուտքերը Ռուսաստանի Դաշնությունից։ Երկու տարվա անընդմեջ անկումից հետո առաջին կիսամյակում ֆիզիկական անձանց փոխանցումներն այս երկրից համալրվել են գրեթե 55 մլն դոլարով՝ գերազանցելով 442,5 միլիոնը։
Այն կազմել է ընդհանուր հոսքերի 61 տոկոսը։ Ռուսական շուկայից կատարված փոխանցումներն ավելացել են 15,5 տոկոսով:
Ա. ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում