Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ վերջնական» գիտելիքներ

Օգոստոս 02,2017 10:00

Ինձ միշտ զարմացրել է, թե ինչպես են մարդիկ որեւէ հարցի շուրջ իրենց կարծիքը հայտնում՝ համարելով դա վերջնական եւ անբեկանելի ճշմարտություն, եւ խիստ զայրանում են, որ ուրիշները թեթեւակի կասկած են հայտնում այդ տեսակետի «վերջնական» լինելու հարցում: Սովորաբար մարդիկ «ամեն ինչ գիտեն» ներքին կյանքի ներկա եւ անցյալ անցքերի մասին. ով ում է սիրել, ատել կամ սպանել, ով որքան միլիոն կամ միլիարդ դոլար ունի, ում ականջներն են ինչի տակ թաքնված եւ այլն:

Վերջերս, օրինակ, մեկը գրել է, որ նա գիտի (ուշադրություն դարձրեք՝ գիտի), որ 1994 թվականին այսինչը սպանել է այնինչին: Բայց նա ոչ միայն գիտի, այլեւ ինձ զգուշացնում է, որ եթե ես կասկած հայտնեմ իր այդ «գիտելիքի» վերաբերյալ կամ՝ պարզապես հարցնեմ՝ իսկ որտեղի՞ց նրան այդ «գիտելիքը», ապա նա կհասկանա, որ ես օբյեկտիվ լրագրող չեմ:

Կամ՝ վերջերս ինձ համոզում էին, որ Տարոն Մարգարյանի կարողությունը կազմում է 9 միլիարդ դոլար: Այստեղ էլ ես որոշակի կասկածներ ունեմ՝ այդ դեպքում նա «Ֆորբսի» ցուցակում պետք է տեղ զբաղեցներ Ռոման Աբրամովիչի կողքին եւ 30 կետով առաջ լիներ Սամվել Կարապետյանից: Չնայած այս պարագայում ոչինչ չեմ կարող վստահաբար պնդել. ուրիշի գրպանում փող հաշվելու հարցում ես ամենեւին էլ արհեստավարժ չեմ:

Բայց այս հարցերում մարդկանց անսասան համոզմունքները ոչինչ են այն «գիտելիքների» հետ համեմատած, որը կապված է «ազգային» խնդիրների հետ: Եթե դու կասկածում ես, որ Երեւանի քաղաքապետն ունի 9 միլիարդ դոլար, ապա դու ընդամենը «ռեժիմի սպասարկու» ես:

Բայց եթե դու վստահ չես, որ այսօր (շեշտեմ՝ այսօր) հայ ժողովրդին միավորող ազգային գաղափարախոսությունը Մասիս սարը կարոտելը չէ, ապա մեղադրանքներն ավելի ծանր են՝ դու ազգի դավաճան ես, ջհուդ ես եւ մասոն:

Ի տարբերություն «անբեկանելի ճշմարտությունների» կրողների՝ ես չեմ կարող պնդել, որ ինձ հետ անհամաձայնություն հայտնողները 100 տոկոսով սխալ են: Պարզապես ես հարցեր եմ տալիս, այսպես ասած՝ «բարձրաձայն մտածում եմ», եւ փորձում եմ դրդել, որ ուրիշներն էլ մտածեն: Ի դեպ, այդ «մարտավարությունն» ունեմ ինչպես այս, այնպես էլ մնացած հարցերում:

Ահա թե ինչ եմ ես մտածում: Եթե ես անընդհատ «հոգոցներ եմ քաշում» իմ կորուստների, իմ չունեցածի մասին, ապա արդյոք դա ինձ ոգեւորո՞ւմ է, գոտեպնդում, թե՞ հակառակը՝ ավելի շատ բարդույթավորում է, խեղճացնում: Ընդ որում, իմ կորուստների պատճառը նաեւ իմ հիմարությունն էր, թուլությունը, փնթիությունը: Գուցե դա բարձրաձայն չեմ խոստովանում, բայց իմ ենթագիտակցության մեջ տպավորվել են իմ կորուստների՝ «ինձնից կախված» պատճառները, եւ այս տրամաբանության մեջ ոչ թե դրանք դաս են, այլ հակառակը՝ «աշխարհի անարդարությունից» բողոքելու առիթ:

Նորից ասեմ՝ չեմ կարող պնդել, որ «կարոտելու» եւ կորուստների վերաբերյալ «դարդ անելու» մեջ ոչ մի դրական, կասեմ նույնիսկ՝ դաստիարակչական խթան չկա: Պարզապես կարծում եմ, որ այսօր դա ակնհայտորեն քիչ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031