Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջրագնդակի Հայկական Դաշնությունը միավորվել է Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի հետ

Օգոստոս 02,2017 12:30

Օրերս անցկացված ջրագնդակի Հայաստանի պատանիների առաջնությունում հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեց Երեւանի ORWP-ն, մրցանակային հաջորդ տեղերը զբաղեցրին, համապատասխանաբար, «Արմադան» եւ «Ատլանտը: Առաջնության ավարտին «Առավոտը» զրուցեց Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի հետ:

 – Միայն Երեւանի թիմե՞րն էին մասնակցում:

– Արդեն երկրորդ տարին է, որ Վանաձորը թիմ է ներկայացնում, եւ վատ հանդես չեն գալիս:

– Վերջին տարիներին Հայաստանում ջրագնդակի երկու հասարակական կազմակերպություն էր գործում՝ Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիան, որի նախագահը Դուք եք, եւ Ջրագնդակի հայկական դաշնությունը: Դեռ այդպե՞ս է:

– Ոչ: Վերջերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացած այս երկու հասարակական կազմակերպությունների համատեղ ժողովում Դաշնությունը լուծարվեց ու միավորվեց մեր ֆեդերացիային, կազմակերպվեց նախագահի նոր ընտրություն, որում ղեկը կրկին ինձ վստահվեց:

 – Այս առաջնությունը ինչպե՞ս կգնահատեք: Ձեր ակնկալիքներն արդարացա՞ն:

– Առաջընթաց միանշանակ կա, վերջին տարիներին երկու կազմակերպությունների առկայության պայմաններում ստեղծված խոչընդոտները, ինձ թվում է, վերացել են: Հիմա մարզաձեւի աշխարհագրությունը կրկին սկսել է ընդլայնվել: Նպատակ ունենք ջրագնդակը տարածել նաեւ այն մարզերում, քաղաքներում ու համայնքներում, որտեղ դրա հնարավորություններն առկա են:

 – Բացի ներհանրապետական միջոցառումներից՝ միջազգային մրցաշարերի մասնակցո՞ւմ եք:

– Անցած տարի մեր ֆեդերացիան հովանավոր ուներ, ինչի շնորհիվ կարողացանք Մոսկվայում միջազգային մրցման մասնակցել եւ գրավել երրորդ տեղը: Այս տարի խնդիրը մի փոքր ավելի լուրջ է: Հույս ունենք ֆինանսական որոշ հարցեր կարգավորել սպորտի պետական կառույցի հետ համագործակցելով: Իսկ եթե մարդիկ կան, որոնք ուզում են օգտակար լինել ջրագնդակին, մեր ֆեդերացիայի դռները նրանց առջեւ բաց են:

 – Պատանեկան առաջնությունն ավարտվեց: Ի՞նչ է լինելու հետո:

– Արդյունքներով կկազմավորվի 1999թ. եւ ավելի ուշ ծնված ջրագնդորդների հավաքականը: Մեր նպատակն է, որպեսզի այս հիմքի վրա ձեւավորվի ապագայի ազգային հավաքականը, որը հետագայում Հայաստանը կներկայացնի միջազգային ասպարեզներում: Դա շատ կարեւոր է: Բավականին հրավերներ ունենք, բայց կրկնում եմ՝ ֆինանսների սղության պատճառով չենք կարողանում մասնակցել:

– Միայն ֆինանսական խնդի՞րն է պատճառը, որ ազգային հավաքական դժվար է ձեւավորվում:

– Շատ թե քիչ մարտունակ ազգային հավաքական ձեւավորելուն խանգարում է նաեւ այն, որ մեր մարզիկները, որպես կանոն, զինծառայությունից հետո չեն վերադառնում:

 – Հաշվարկ կա՞, թե Հայաստանում ջրագնդակով քանի մարդ է զբաղվում:

– Մոտավորապես 250-300 երեխա ունենք: Քանակն անցած տարվա համեմատ բավականին ավելացել է:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

01.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031