Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Վերջին մի քանի տարիներին տասնյակ հոդվածներ են հայտնվել Միացյալ Նահանգների, Իսրայելի և Եվրոպայի թերթերում`շռայլորեն փառաբանելով Ադրբեջանին և խստորեն քննադատելով Հայաստանին: Այս հոդվածների մեծ մասը գրված է ոչ ադրբեջանցիների կողմից, որոնք առատաձեռնորեն վարձատրվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Քեյսի Միշել անունով մի ամերիկացի քաջություն է ունեցել բացահայտելու այս կեղծիքը՝ «Ադրբեջանի կողմից ամերիկյան լրատվամիջոցների չարաշահումը» խորագիրը կրող ծավալուն հոդվածում: Նա ընդարձակ հետազոտություն է իրականացրել՝ ադրբեջանամետ հեղինակներից մի քանիսին կապելով Ադրբեջանի լավ ֆինանսավորվող լոբբիստական գործունեությանը:
Փորձելով «մաքրազերծել իր բռնապետական կերպարը… Իլհամ Ալիևի բռնակալական կառավարությունն ասպարեզ է հանել իրականությունը չարափոխող մասնագետների, խաբված թղթակիցների, փորձելով խախտել ամերիկյան լոբբիստական օրենքները, ավելի, քան որևէ մեկ այլ կառավարություն», գրել է Միշելը:
Այդ վարձու գրողներից մի քանիսը փառաբանում են Ադրբեջանին և մոլորեցնում հանրությանը, հանդես գալով իբր երրորդ անաչառ կողմ, որոնք օբյեկտիվորեն են գնահատում Ադրբեջանում տիրող իրավիճակը: Մինչդեռ, իրականում, այս գրողները գտնվում են ադրբեջանական վարչակարգի կամ դրա պետական էներգետիկ ընկերության՝ SOCAR-ի վճարացուցակում: Ահա որոշ կոնկրետ օրինակներ.
Նախկին կոնգրեսական Դեն Բերտոնը, որը վարձատրվում էր Ադրբեջանի ամերիկյան դաշինքը ղեկավարելու համար, առնվազն երեք սյունակ է գրել «Վաշինգտոն փոստ», «Վաշինգտոն թայմզ» և «Դեյլի քոլըր» թերթերում, այն մասին, թե ինչ հրաշալի երկիր է Ադրբեջանը՝ առանց բացահայտելու, որ ինքը Բաքվի վճարացուցակում է… Բարեբախտաբար, կոնգրեսական Բերտոնը հրաժարվել է իր աշխատանքից, երբ Ադրբեջանը դադարեցրել է վճարել նրան…
Այնուհետև Միշելը հիշատակում է ադրբեջանամետ քարոզչության առավել բեղմնավոր քարոզիչ Ջեյսոն Կացին՝ Ադրբեջանի վարձած ամերիկյան լոբբիստական ընկերության՝ Tool Shed խմբի հիմնադրին: Կացը հոդվածների մի ամբողջ շարք է գրել Huffington Post-ում՝ փառաբանելով Ադրբեջանի «ժողովրդավարությունը», պնդելով, որ այդ երկիրը «առաջադեմ, կոսմոպոլիտ, բաց, աշխարհիկ և արևմտյան կողմնորոշում ունեցող հասարակություն է»:
Ի պատիվ իրեն, Կացը սկզբում այդ հոդվածներում բացահայտորեն ներկայանում էր որպես «Ադրբեջանի Հանրապետության ավագ խորհրդատու»: Սակայն, կարճ ժամանակ անց, նա սկսեց թաքցնել իր հարաբերությունները Ադրբեջանի կառավարության հետ: 2013-ի վերջերին, Կացը գրեց առնվազն ինը հոդված՝ փառաբանելով Ալիևի վարչակարգը, որոնցից չորսը՝ Roll Call-ի, իսկ երեքը՝ The Hill-ի համար, դրանցից մեկում հիմարաբար պնդելով, թե «ԱՄՆ-ը կարող է շատ բան սովորել Ադրբեջանի նման պետությունից», հաղորդում է Միշելը: 2014-ի սկզբին Կացը նաև մի վիրավորական հոդված գրեց National Review-ում՝ «Հայաստանի կառավարությանը հավասարեցնելով «Թալիբանին»»… Բոլոր ինը հոդվածներում Կացը չի հիշատակել, որ իր ընկերությունը՝ Tool Shed խումբը վարձատրվում է Ադրբեջանի կողմից…
Միշելը շատ բան է արել Կացին բացահայտելու համար՝ կապվելով տարբեր հրատարակությունների հետ և տեղեկացնելով նրանց Կացի՝ Ադրբեջանի օգտին իրականացվող լոբբիստական աշխատանքների մասին: Այս հրատարակություններից շատերը հետագայում ուղղումներ մտցրեցին Կացի տպագրած հոդվածներում՝ ընդգծելով, որ նա սերտորեն կապված է Ադրբեջանի հետ:
Օրինակ, National Review-ն, Միշելին լսելուց հետո, մի նոր նշում է կատարել Կացի անվան տակ՝ բացահայտելով, որ Կացը օտարերկրյա պետությունների, «ներառյալ Ադրբեջանի կառավարության» խորհրդատու է: Hill-ը ևս ավելացրել է խմբագրի նշումը Կացի անունից հետո՝ բացահայտելով, որ «Կացին վճարում են Ադրբեջանին ռազմավարական խորհրդատվություն տրամադրելու համար: Այս նշումը ավելացվել է այն բանից հետո, երբ Hill-ի ուշադրությանն է ներկայացվել Կացի որպես օտարերկրյա գործակալ գրանցվելու փաստը»:
Այս հոդվածները ոչ միայն մոլորության մեջ են գցում ամերիկյան ընթերցողներին Ադրբեջանի վերաբերյալ, այլև լրացուցիչ վնաս են պատճառում ադրբեջանական մամուլում վերատպվելուց հետո, որպես ամերիկացիների կողմից Ադրբեջանի բարձր գնահատականի վկայություն…
Փոխելով մարտավարությունը, Կացի կինը՝ Մելորի Մոսը, 2014-ի կեսերին սկսեց գրել նմանատիպ հակահայկական հոդվածներ Արցախյան հակամարտության մասին: Հոդվածներից մեկը նա գրեց Capitol Weekly-ի և երկուսը՝ Hill-ի համար՝ բուժքրոջ անվան տակ… Միշելը բացահայտեց, որ Մելորի Մոսը իր անունով գրանցել էր BakuWoman.com կայքը, որը վերագrանցվել է Ջեյսոն Կացի անունով: «Մոսի անունով գրանցված կազմակերպությունը եղել է Tool Shed խումբը», հաղորդում է Միշելը: Մելորի Մոսի սյունակները պետք է ներկայացվեին ԱՄՆ արդարադատության նախարարության օտարերկրյա գործակալների ակտի ներքո… Երբ Միշելը հայտնել է Hill-ին, որ Մելորի Մոսը կապված է Ջեյսոն Կացի և Tool Shed խմբի հետ, Hill-ը հոդվածի տակ ավելացրել է խմբագրի նշումը. «Այս սյունակը ներկայացրել է մի ընկերություն, որը Ադրբեջանին ռազմավարական խորհրդատվություն տրամադրելու համար վարձատրվում է: Նշումն ավելացվել է տեղեկատվությունը Hill-ի ուշադրությանը ներկայացվելուց հետո»:
Վերջապես, Միշելը նշում է պրոֆեսոր Բրենդա Շաֆերի գործի մասին, որը ադրբեջանամետ հոդվածներ է գրել «Նյու Յորք թայմզ» և «Վաշինգտոն փոստ» թերթերում: Երկու դեպքում էլ, նա չի նշել, որ ինքը եղել է Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության խորհրդական: Հետագայում, երկու թերթերն էլ հրապարակել են խմբագրի նշումը՝ բացահայտելով նրա ֆինանսական հարաբերությունները SOCAR-ի հետ…
Կան նաև շատ ուրիշներ, որոնց Ադրբեջանը վարձել է արևմտյան լրատվամիջոցներում քարոզչական նյութեր հրապարակելու նպատակով՝ «Կասպյան ավազակապետության» օգտին, ինչպես Միշելն է նկարագրում այդ երկիրը: Ցավոք, մենք չենք կարող թվարկել այդ քարոզիչներին՝ առանց Ադրբեջանի կողմից նրանց վարձատրման հիմնավոր ապացույցների…
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի