Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչև 2007-ը 12 թմրամոլ գտնել չէի կարող, 2007-ից հետո բռնվող յուրաքանչյուր հանցագործ անցնում է այդ հոդվածով». Արշակ Գասպարյան

Օգոստոս 01,2017 21:23

«Առնվազն սոցիալական ցանցերում պտտվող թվերի համեմատությունը փաստում է, որ ներսում կատարված սպանությունների պատճառով շատ ավելի զոհեր ունենք, քան սահմանին: Սա պիտի անհանգստացնի պատկան մարմիններին: Աճել է ընտանեկան բռնությունների և սպանությունների թիվը: Բայց նաև փաստ է այն, որ ԶԼՄ-ներն այժմ ավելի ակտիվ են, քան 10 տարի առաջ»,- Aravot.am-ի հարցին՝ քրեական հանցագործությունների թի՞վն է աճել, թե՞ դրանց լուսաբանումների, այսպես պատասխանեց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը:

Պարոն Գասպարյանը փաստեց, որ առհասարակ այս տարի և վերջին երեք ամիսները լեցուն էին մարդկանց պոռթկումներով, որոնք հանգեցրին հանցագործությունների:

Ըստ մասնագետի` պատճառներից են մեր երկրում առհասարակ պատժի և պատասխանատվության, անպատժելիության վերաբերյալ մարդկանց ընկալումները. «Ստեղծվել է մի իրավիճակ, երբ սովորական քաղաքացին հասկանում է, որ ամենատարբեր, եթե չասենք բոլոր ոլորտներում, ինքը մնացել է միայնակ, կրթական, սոցիալական ծառայության, մշակույթի և արվեստի վրա հույս դնել, ընդհանրապես արդարադատություն պահանջել ՀՀ-ում չի ստացվում, գնում է դեպի ինքնադատաստան»:

Պարոն Գասպարյանի հավաստմամբ` սա հիմնականում լինում է այն դեպքերում, երբ հասարակարգեր են փոխում, և հանրության շրջանում գնում է անհատականացման գործընթաց. մենք խորհրդային  արժեհամակարգը քանդեցինք, բայց նորը դեռ չենք ստեղծել: Այդ պատճառով էլ, եթե մի ժամանակ կային վարքի ձևեր, որոնք համարվում էին ամոթ ու ոչ ճիշտ, այսօր այդ մոդելները գնալով սկսում են նվազել ու փոփոխվել:

Ըստ մասնագետի` քաղաքացին դժվարանում է տարանջատել ճիշտն ու սխալը, ուժն ու թուլությունը և հասնում է մի կետի, որ հանցագործություն կատարելը ոչ միայն ինչ-որ դեպքերում չի պատժվում, ամոթ չէ, այլ նույնիսկ ինչ-որ փոքրիկ խմբավորումների մոտ սկսում է դառնալ սովորական երևույթ:

Արշակ Գասպարյանը նշեց, որ նման իրավիճակ գոյություն ուներ մինչև 1997-ը, այնուհետև 2007-2008-ից հետո, երբ սկսեց հասարակական քարոզչություն, որ հանցանք կատարելը առնվազն դառնում է նորմալ: Այս առիթով պարոն Գասպարյանն ասաց. «Երբ չունես որակյալ կրթություն` մանկապարտեզից մինչև դոկտորանտուրա, չես ցույց տալիս, որ կրթվել ցանկացող մարդը և կրթող ուսուցիչը ամենահարգալից պաշտոններն ու կոչումներն են, դու միշտ ունենալու ես այս իրավիճակը: Երբ ԶԼՄ-ներով սերիալներից մինչև սովորական ժամանցային հաղորդումներ չես տանում գիծ, որ քաղաքացին զերծ պիտի լինի հանցավորությունից, այլ հակառակը, երբեմն բռնությունը արդարացվում է, դա չի կարող նույնիսկ չափահաս մարդու վրա չունենալ ազդեցություն»:

Պարոն Գասպարյանը մտահոգություն հայտնեց, որ քրեական արդարադատության մեջ չկա մեկ կառույց, որը հանցավորության պատճառականության վերաբերյալ վերլուծություն անի, ավելին, պրակտիկներն ասում են`տեսական բաները թողեք: Նա վստահ է, քանի դեռ չունենք առանձին մարմին կամ միավոր, ուղեղներ, մասնագետներ, հոգեբաններ, որ կվերլուծեն և պետությանը կտան այն հարցի պատասխանը, թե ինչու է այս կամ այն սեռի, անձի մոտ սկսում զարգանալ հանցավոր դիրքորոշումներ, մենք որևէ տեղ գնալ չենք կարող: Կամ էլ պիտի պետությունն ինքը դիմի մասնագետին` խնդրելով մասնագիտական մոտեցում: Այս առիթով պարոն Գասպարյանը մի համեմատություն կատարեց.  «Պիտի կարողանանք հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ մինչև 2007-ը չեմ կարողացել 12 թմրամոլ գտնել, որ ծրագիր իրականացնենք, այնինչ 2007-ից հետո բռնվող յուրաքանչյուր հանցագործ, անկախ նրանից` ինչ արարք է կատարել, թմրադեղ պահելու և օգտագործելու հոդվածի վրայով անցնում է: Ինչ- որ մեկը պե՞տք է սրա պատասխանը տա»:

Մեր այն հարցին` արդյոք իրավիճակի վատթարացումը կապված չէ՞ նաև իշխող էլիտայի վարքի և պատկերացումների հետ, պարոն Գասպարյանն արձագանքեց. «Երբ պատգամավորը խոսում է ավելի վատ, քան իմ բակի ամենաբակային կրթությամբ երիտասարդը, երբ դու ցույց ես տալիս քաղաքական որոշում կայացնողներին, որոնք մայրենիով չեն կարողանում արտաբերել չորս նախադասություն, երբ տեսնում ես, որ գումար, պաշտոն, բարօրություն կարող են ունենալ նույնիսկ առանց կրթության, բնականաբար, կրթություն ստանալ ցանկացողների թիվը լինելու է ավելի քիչ: Երբ քաղաքացին տեսնում է, որ քո պաշտոնյաները նաև բիզնեսմեններ են, բայց օրենքում հակառակն է գրված, երբ դու ցույց ես տալիս, որ դու ինչ ուզում, անում ես, նաև այդ գործոնների արդյունքում է, որ քաղաքացու մոտ, առավել ևս քիչ կրթված, հանգիստ կարող է առաջանալ թեկուզ պատրանքային ընկալում, որ ով ինչ ուզում անում է: Քաղաքացին իրեն միայնակ է զգում, չի կարողանում սեփական պատկանելության զգացումն ունենալ սեփական երկրում, չի տեսնում պետական կառույց, համակարգ, որ իր համար է ծառայում: Եվ այդ պարագայում կարող է անպատժելիության ընկալում ունենալ, որը հանգեցնելու է ներսից ագրեսիվության, էսկալացիաների, ինչն էլ բերելու է նման քայլերի: Սա դեռ վերջը չէ»:

Մեր այն հարցին` այն, որ վերջին օրերին հիմնականում վրեժխնդրության` վենդետայի դեպքերի հետ ենք առնչվում, դա և՞ս քաղաքացու` իր պատկանելության զգացումը չունենալու և միայնակություն զգալու պատճառով է, պարոն Գասպարյանը պատասխանեց. «Վրեժխնդրությունը ինքնադատաստանի` սամասուդ կոչվածի ձևերից մեկն է: Երբ դու վստահություն չունես արդարադատության նկատմամբ և դու քո հարցերով պիտի լինես միայնակ, չունես ապավեն` որպես կատարյալ մասնագիտական կառույց ոստիկանության, դատախազության նկատմամբ, քեզ մոտ առաջանում է սեփական ձեռքերով արդարադատություն իրականացնելու ցանկությունը: Բայց, իհարկե, վրեժխնդրությունը կամ դիմացինին կյանքից զրկելը արդարացված լինել չի կարող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031