Գեւորգ Փարսադանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա հանդիսանալով ՀՀ ֆինանսների նախարարության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան նախաբացթողումային հսկողության վարչության Այրում-Ջիլիզա բաժանմունքի 1-ին կարգի մասնագետ,ՀՀ-ում գործող «Ֆլեշ» եւ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ների կողմից Այրում-Ջիլիզա մաքսային կետով, երկաթուղային տրանսպորտով ՀՀ ներմուծված հեղուկ վառելիքի շարժակազմերից հափշտակություններ կատարելու նպատակով նախնական համաձայնության է եկել նույն մաքսակետի կշռավարներ Սանդրո Առաքելյանի «Ռոմեո Ղուլիջանյանի, Արայիկ Սահակյանի հետ:
Նրանք մեղադրվում են այն բանում, որ 2014թ դեկտեմբերից մինչև 2015թ փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում երկաթուղով վերը նշված ընկերությունների կողմից ՀՀ ներմուծվող վառելանյութի շարժակազմերից, մաքսային հսկողության իրականացման շրջանակներում իրենց աշխատանքային գործառույթների մեջ մտնող՝ վառելանյութի չափագրման եւ վագոնների կափարիչները կապարակնքելու ընթացքում, պարբերաբար հափշտակել են տարբեր քանակության հեղուկ վառելիք, որի մի մասը՝ 495 լիտր բենզինը, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից 2015թ. փետրվարի 26-ին կատարված գործողություններով հայտնաբերվել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Այրում-Ջիլիզա կայարանի անվտանգության ծառայության անձնակազմի վագոն-տնակի հարեւանությամբ:
«Ֆլեշ» ՍՊԸ-ին վնաս է պատճառվել 1078698 ՀՀ դրամի չափով, իսկ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ին՝ 1015000 ՀՀ դրամի չափով:
Գեւորգ Փարսադանյանին, Սանդրո Առաքելյանին «Ռոմեո Ղուլիջանյանին, Արայիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով («Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,խոշոր չափերով»): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ «Դատալեքս » դատական տեղեկատվական համակարգի՝ սույն քրեական գործով դատավարությունը վաղը՝ օգոստոսի 2-ին նշանակված է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ