Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական հասարակությունը պահանջում է դադարեցնել փաստաբանների գործունեությանը խոչընդոտելը

Օգոստոս 01,2017 20:50

Քաղաքացիական հասարակությունը խիստ մտահոգված է «Սասնա Ծռերի» անդամների, «Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների», ինչպես նաև «Նորքի զինված խմբի» գործերով փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտման, այդ թվում` բռնության գործադրման դեպքերով: Իրավապահ մարմինները դատական համակարգի հետ համագործակցությամբ միջամտում են փաստաբանների գործունեությանը՝ այդպիսով սահմանափակելով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունը, ինչի արդյունքում խախտվում է անձանց արդար դատաքննության իրավունքը:

Չնայած նրան, որ միջամտությունը փաստաբանի մասնագիտական գործունեությանը քրեորեն հետապնդելի արարք է, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում դրա համար: Նման խոչընդոտում շարունակվում է տվյալ գործերով բոլոր նիստերի ժամանակ և դրսևորվում է ինչպես պաշտպանյալներին իրենց փաստաբաններից շատ մոտ հեռավորության վրա դաժան ծեծի ենթարկելով ու դատարանի նիստերի դահլիճում փաստաբանի և պաշտպանյալի միջև գրագրությունը խլելով, այնպես էլ ոստիկանության ծառայողների կողմից բռնության գործադրմամբ, դատական կարգադրիչների կողմից կամայական զննությամբ, դատավորների կողմից դատական սանկցիաների կամայական կիրառմամբ, փաստաբանների խոսքի ազատության սահմանափակմամբ:

Առավել մտահոգիչ են փաստաբանների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից բռնության գործադրման դեպքերը: Մասնավորապես, հունիսի 28-ին ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ՝ թույլ չտալով վերջիններիս գնալու ոստիկանական բաժանմունք՝ իրավաբանական օգնություն ցուցաբերելու դատարանի բակից բերման ենթարկված Սասնա Ծռերի համակիրներից մեկին:

Դատական կարգադրիչներն անիրավաչափորեն և կամայականորեն պահանջում են զննության ենթարկել վերոնշյալ գործերով պաշտպանություն ստանձնած փաստաբաններին դատարանի դահլիճ մտնելուց առաջ,մինչդեռ նման զննություն նախկինում երբևէ չի իրականացվել: Զննության ժամանակ փաստաբաններից պահանջում են հրապարակային դատարկել և ցուցադրել իրենց գրպանների և պայուսակների պարունակությունը: Չնայած նրան, որ Դատական դեպարտամենտն այս միջոցը համարում է Դատական օրենսգրքով սահմանված անձնական զննություն, փաստաբանական համայնքը գտնում է, որ սա անօրինական խուզարկություն է: Բացի դրանից, զննությունը կատարվում է հնարավոր արգելված իրերի հայտնաբերման նպատակով, սակայն որևէ իրավական ակտ չի սահմանում արգելված իրերի ցանկը կամ չի տալիս դրանց նկարագիրը:

Սույն գործերով դատական նիստերի ժամանակ փաստաբանների նկատմամբ կամայականորեն կիրառվում են դատական սանկցիաներ, որոնք թիրախավորում են դատարանի անկախության և անկողմնակալության վերաբերյալ քննադատություն հնչեցրած փաստաբաններին: Ընդ որում, դատական սանկցիայի կիրառման վերաբերյալ որոշման ընդունման ժամանակ դատավորը հնարավորություն չի տալիս փաստաբանին ներկայացնելու իր առարկությունները: Դատական սանկցիաները նաև կիրառվում են փաստաբանների նկատմամբ, երբ վերջիններս հրաժարվում են զննության ենթարկվել (փաստացի խուզարկվել) դատարանի նիստերի դահլիճ մտնելուց առաջ կամ լքում են դատարանի նիստերի դահլիճն առանց դատավորի թույլտվության: Առաջինը, զննությունից (փաստացի խուզարկվել) հրաժարվող փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել դատարան, իսկ դա որակվում է որպես կարգադրիչի օրինական պահանջին չենթարկվել, ինչի հիման վրա փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում է ներկայացվում Փաստաբանական պալատ: Երկրորդ,դատական սանկցիա է կիրառվում այն փաստաբանների նկատմամբ, ովքեր լքում են դատական նիստերի դահլիճն առանց դատավորի թույլտվության: Մինչդեռ, տվյալ գործով փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալները չեն լիազորել իրենց ներկա գտնվելու դատական նիստին իրենց բացակայության ընթացքում, ուստի երբ նրանց պաշտպանյալները հեռացվում են դատարանի նիստերի դահլիճից, նրանք նույնպես լքում են դահլիճը՝ կատարելով պաշտպանյալի հանձնարարությունը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտահոգված են, որ առանձին փաստաբանների նկատմամբ դատական սանկցիաների կիրառման միջոցով դատավորները փորձում են նրանց փոխարինել այնպիսի հանրային պաշտպաններով, որոնք կհամագործակցեն իշխանության հետ և չեն ապահովի պատշաճ պաշտպանություն  ամբաստանյալներին` քաղաքական առումով նման զգայուն գործով, սրանով նաև կզարկեն ամբաստանյալներին իրենց պաշտպանության իրավունքն իրացնելու` իրենց ընտրած պաշտպանների միջոցով:

Լուրջ մտահոգության առարկա են նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահի կողմից վերոհիշյալ գործերով ներգրավված փաստաբաններ Արայիկ Պապիկյանի և Մուշեղ Շուշանյանի  նկատմամբ ՀՀ պետական պաշտոնատար անձանց դիմումների հիման վրա կարգապահական վարույթների հարուցման դեպքերը: Պրն. Պապիկյանի նկատմամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը կարգապահական վարույթ է հարուցել ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռ հանցագործությունների գործերով վարչության պետի դիմումի հիման վրա` կապված «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից 29.06.2017թ. տեղադրված հայտարարության մեջ օգտագործված որոշ արտահայտությունների հետ [1] Իսկ պրն. Շուշանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դիմումի հիման վրա` կապված «Ազատություն» ռադիոկայանի եթերում հարցազրույցի ընթացքում ոստիկանության հասցեին արված որոշ արտահայտությունների հետ [2]: Այս և նման դեպքերն ակնհայտորեն նպատակ են հետապնդում լռեցնելու փաստաբաններին՝ ՀՀ փաստաբանների պալատը որպես մահակ կիրառելու միջոցով:

Արդար դատաքննության իրավունքի և փաստաբանների ազատ արտահայտվելու իրավունքների իրացումն ուղղակիորեն փոխկապակցված է անձանց իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքի հետ. հետևաբար, նման եղանակներով փաստաբանի գործունեության խոչընդոտումը խախտում է անձանց արդար դատաքննության իրավունքը: Հաշվի առնելով վերոգրյալը՝պահանջում ենք.

ՀՀ պետական համապատասխան մարմիններից`

Պատասխանատվության ենթարկել փաստաբանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած բոլոր դատավորներին, դատական կարգադրիչներին և ոստիկանության ծառայողներին:

Ոստիկանությունից՝

Դադարեցնել ցանկացած տեսակի միջամտությունը փաստաբանների մասնագիտական գործունեությանը, ինչպես նաև հարուցել քրեական գործեր խոչընդոտման և բռնության գործադրման բոլոր դեպքերով:

Դատական դեպարտամենտից՝

Դադարեցնել փաստաբանների կամայական և անօրինական խուզարկությունները, իսկ հանրային անվտանգության միջոցառումները կազմակերպել օրենքով սահմանված կարգով,

Փաստաբանների պալատից՝

Ստանձնել փաստաբանների շահերի պաշտպանության առավել գործուն և անկախ դեր՝ մանրամասն քննելով կարգապահական պատասխանատվության վերաբերյալ  ներկայացրած բոլոր դիմումների հիմնավորվածությունն ու իրավաչափությունը,

Հայտարարությունը ստորագրել են`

«Բիոսոֆիա» ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ

Երևանի մամուլի ակումբ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքի Եվրոպա միավորում

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Հայաստանի հելսինկյան կոմիտե

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

ՀՍԻԿ ՀԿ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների

Իրազեկ քաղաքացիների միավորում

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Խորան Արդ ՀԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ

Հասարակություն առանց բռնության ՀԿ

Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Իջևանի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն

Լոգոս Իրավապաշտպան ՀԿ

Հելսինկյան Ասոցիացիա

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հկ

«Տնտեսական իրավունքի կենտրոն»

Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Արա Ղարագյոզյան,փաստաբան

Կարեն Թումանյան. փաստաբան

Հրաչ Քոչարյան, փաստաբան

Տիգրան Հայրապետյան, փաստաբան

Հայկ Ալումյան, փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031