Արցախի Հանրապետության կառավարությունը հունիսի 22-ի նիստում ընդունվել էր որոշում՝ 2018 թվականի հունվարի 1-ից բնակարան կամ բնակելի տուն գնել կամ բնակելի տուն կառուցել հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար: Պետական ծրագրի համաձայն այս իրավունքը ստանում են նաև 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները:
Aravot.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը ասաց, որ Արցախում՝ ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրի շրջանակներում, բազմազավակ ընտանիքների համար բնակարան գնելու կամ բնակելի տուն գնելու կամ կառուցելու պետական ծրագիրը գործում է դեռևս 2000 թվականից. «Այն ժամանակ այս որոշումը վերաբերում էր միայն յոթ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին: Այնուհետև 2004 թվականին կառավարության կողմից որոշումը վերանայվեց և ծրագրում ընդգրկվեցին նաև վեց անչափահաս երեխա ունեցող ընտանիքները: Այժմ՝ համաձայն կառավարության հունիսի 22-ի նիստի որոշման, այս ծրագրից կօգտվեն նաև այն ընտանիքները, որոնք ունեն հինգ անչափահաս երեխաներ»:
Ինչպես նշում է Սամվել Ավանեսյանը, այդ ընտանիքներին կառավարության կողմից բնակարանով կամ բնակելի տնով ապահովումն կիրականացվի որոշման ընդունման պահից երեք տարվա ընթացքում, իսկ 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում այս իրավունքը ձեռք բերած ընտանիքներին՝ հինգ տարվա ընթացքում:
«Մինչ այս 5 անչափահաս երեխա ունեցողներին բնակելի տներով աջակցելու ծրագիր էր կազմել նաև Հայաստան համահայկական հիմնադրամը: 2015 թվականին հիմնադրամի միջոցներով նախատեսվել էր բնակելի տուն կառուցել 33 ընտանիքների համար: Այս պահի դրությամբ 16 բնակելի տների կառուցումն ավարտվել և հանձնվել է սեփականատերերին, իսկ մնացած 17 տների շինարարական աշխատանքներն դեռևս ընթանում են»,- նշում է նախարարը:
Անդրադառնալով կառավարության կողմից բնակարանով կամ բնակելի տնով ապահովված 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների թվին՝ նախարարը նշում է. «Դեռևս ոչ բոլոր նախատեսված բնակելի տներն են հանձնվել ընտանիքներին՝ պայմանավորված դեռ ընթացող շինարարական աշխատանքներով: Սակայն, եթե ընդհանուր նշենք, ապա 2000 թվականից սկսած, բնակարանով կամ բնակել տնով ապահովվել և կապահովվի 493 ընտանիք»:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ