Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրան-ՀՀ սահմանը դիտարկվում է որպես արտոնյալ սահման». փորձագետը՝ նախագահի հարցազրույցի մասին

Օգոստոս 01,2017 20:00

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իրանական օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախաձեռնել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ արտոնյալ առևտրային ռեժիմի շուրջ քննարկումներ»:

Թեմայի շուրջ Aravot.am-ը զրուցեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանի հետ:

«ԵԱՏՄ-ն սկսել է բանակցություններ հարեւան պետությունների, այդ թվում՝ Չինաստանի եւ Վիետնամի հետ: Խոսքը վերաբերում է մաքսային տարանցմանը, կրկնակի հարկմանը: Հատկանշական է, որ Իրանի հետ բանակցությունները վարում է ՀՀ-ն՝ ԵԱՏՄ անունից: Սա առավելություն է ՀՀ-ի համար: Բանակցությունների շրջանակում Իրան-ՀՀ սահմանը դիտարկվում է որպես արտոնյալ սահման՝ Իրանից դեպի ԵԱՏՄ երկրներ ապրանքների արտահանման համար: Եթե առեւտրաշրջանառությունն իրականացվի ՀՀ սահմանով, մեր երկրի համար դա, բնականաբար, ձեռնտու է»,-մանրամասնեց Արմեն Մանվելյանը:

Փորձագետն անդրադարձավ նաեւ Իրանից ՀՀ տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցման ծրագրին, որի առնչությամբ, ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչու այն ձախողվեց, նախագահն ասել է. «Նման մեծածավալ նախագիծը պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչու՞ ոչ։ Ձեր նշած հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում»: Արմեն Մանվելյանը նկատեց. «Խնդիրն այն է, որ Եվրոպան հետաքրքրված չէ իրանական գազով: Այս տեսանկյունից Եվրոպան Իրանին երբեք չի դիտել որպես այլընտրանք: Եվրամիությունը նախ ինքը պետք է նման հարց դնի քննարկման եւ համապատասխան քաղաքական որոշում կայացնի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031