Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց Armtimes.com-ի լրագրող Տաթեւ Խաչատրյանի մասնագիտական գործունությունը խոչընդոտած Հայկ Հունանյանի գործով դատավարությունը:
Հիշեցնենք՝ Հայկ Հունանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խոչընդոտել է Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների ընթացքը լուսաբանող, զանգվածային լրատվության միջոց հանդիսացող «Հայկական ժամանակ» օրաթերթի ներկայացուցիչ՝ լրագրող Տաթեւ Խաչատրյանի լիազորությունների իրականացմանը:
Այս գործող մեղադրող դատախազը միջնորդեց Հունանյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել 6 ամսվա ազատազրկման: Տուժող Տաթեւ Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը միացավ միջնորդությանը՝ կարծիք հայտնելով. «Գտնում ենք, որ ամբաստանյալը պետք է պատասխանատվության ենթարկվի, ինչը հետագայում կնպաստի նման դեպքերի կանխմանը»:
Բանկում որպես վարկային մասնագետ աշխատող Հայկ Հունանյանը, որը նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել, դատավորին ասաց, որ ընդունում է մեղքը եւ զղջում. «Հայցում եմ բոլորի ներողամտությունը: Այո, հասկանում են կատարածս…Մյուս անգամ նման բան չեմ անի»,-իր վերջին խոսքում ասաց երիտասարդը:
Նրա պաշտպան Նարինե Մկրտչյանն էլ դատավորին խնդրեց հաշվի առնել, որ Հունանյանը, որը նախկինում դատապարտված եւ արատավորված չի եղել, խնամքին հղի կին ունի:
Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը որոշեց Հայկ Հունանյանին մեղավոր ճանաչել եւ դատապարտել տուգանքի՝ 700 000 դրամի չափով:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ