Երեւանի Նոր Նորք համայնքի Մառի փողոցի 12 շենքում արդեն հինգերորդ օրն է՝ դադարեցված է գազամատակարարումը: Բնակիչների հարցին, թե ինչու գազ չունեն, 1-04 ծառայությունից մինչեւ երեկ հայտնում էին, որ գազատարը գտնվում է բարձր լարման տակ, դրա համար ստիպված դադարեցվել է գազամատակարարումը եւ կատարվում են որոնողական աշխատանքներ:
Երեկ արդեն նշյալ ծառայությունը խորհուրդ էր տալիս խնդրի մասին տեղեկանալ Նոր Նորքի գազի ծառայությունից, որտեղից էլ հայտնեցին, թե դադարեցվել է ընդհանուր թվով 13 շենքի գազամատակարարում: Ըստ նրանց, վթարի վայրը չեն կարողանում գտնել, խնդրով էլ զբաղվում է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը:
Բնակիչների խոսքով, ամռան տապին գազից զրկված լինելը մի շարք անհարմարություններ է պատճառում կենցաղում:
Բնակիչների հարցերին սակայն որեւէ մեկը չի կարողացել հստակ պատասխանել, թե ե՞րբ կվերականգնվի գազամատակարարումը:
Խնդրի առնչությամբ Aravot.am-ը դիմեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը` պարզելու գազի դադարեցման պատճառները եւ թե երբ կվերականգնվի սպառողների գազը:
«Գազպրոմ Արմենիա»-ից մեր հարցերին ի պատասխան՝ գազաբաշխիչ ցանցերի շահագործման եւ սպասարկման բաժնի պետի տեղակալ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ հուլիսի 28-ին հերթական շրջագայման ժամանակ գազատարների վրա հայտնաբերվել է էլեկտրական լարում, որից հետո շրջագայի կողմից տեղյակ է պահվել համապատասխան ծառայություն` այնտեղից էլ կապվել են էլեկտրացանցից հետ. «Նրանց մասնագետները եկել են տեղում չափել են եւ այնտեղ հայտնաբերվել է տեխնիկական կանոնակարգերով սահմանված թույլատրելիից բարձր պոտենցիալների տարբերություն»: Ըստ պարոն Հակոբյանի, ինչն անգամ թեթեւ արտահոսքի պայմաններում չի բացառվում որ կբերի անկանխատեսելի հետեւանքների:
«Անվտանգության նկատառումներից ելնելով` ուրբաթ օրը` ամսի 28-ին, ժամը 22:30-ին գազամատակարարումը ընդհատվել է»,-պարզաբանեց ընկերության մասնագետը: Ըստ նրա, «Գազպրոմ Արմենիա»-ի մասնագետները ՀԷՑ-ի մասնագետների հետ միասին շաբաթ-կիրակի, երեկ եւ այսօր էլ աշխատանքներ են տարել` գազատարների վրա հոսանքի լարման աղբյուրները հայտնաբերելու ուղղությամբ, սակայն դեռեւս չեն գտել:
«Տարածքը շատ մեծ է, ցանցը տարածված է ճյուղավորումներ ունի: Կամաց- կամաց տարածքը փոքրացվել է, շենք առ շենք ստուգվել է եւ բացառման եղանակով եկել ենք, որ պարզենք հոսանքը որտեղից է մտնում գազատարների ցանց: Այս պահի դրությամբ մնացել է երեք շենք: «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից արվում է ամեն ինչ գազամատակարարումն արագ վերականգնելու ուղղությամբ: Այսօր արդեն որոշակի շենքերի գազամատակարարումը կվերականգնվի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ