2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդի՝ նյութական և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է: Դրանով Լ. Միսակյանի իրավահաջորդ Գ. Միսակյանը և նրա ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը պահանջում են Հայաստանի Հանրապետությունից, ի դեմ՝ ՀՀ Ֆինանսների նախարարության, «Արաբկիր բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ից և Արաբկիր ԲԿ-ի բժիշկներ Լ. Վարդանյանից ու Զ. Այվազյանից բռնագանձել 15.000.000 ՀՀ դրամ որպես բարոյական վնասի և 1.690.000 ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի փոխհատուցում:
Հայցադիմումի հիմքում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածն է, համաձայն որի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված կյանքի իրավունքի, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի և ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքների՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների գործողության կամ անգործության արդյունքում խախտվելու դեպքում տուժողը կամ նրա իրավահաջորդը իրավունք ունեն պահանջելու ոչ նյութական վնասի փոխհատուցում: Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածով հիմնավորվում է նյութական վնասի փոխհատուցման պահանջը:
Գործով առաջին դատական նիստը կայացել է 2017 թ. հունիսի 8-ին, որի ժամանակ հայցվորի ներկայացուցիչ Անի Չատինյանը խնդրել էր տրամադրել «Արաբկիր» ԲԿ-ի և բժիշկների հայցադիմումի պատասխանները:
Ավելի վաղ հայցադիմումի պատասխան էր ներկայացրել ՀՀ Ֆինանսների նախարարությունը, որով խնդրել էր իրեն ճանաչել ոչ պատշաճ պատասխանող՝ համարելով, որ Հայաստանի Հանրապետության գործողությունների և հայցվորին պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապ չկա և վնասի փոխհատուցման պարտավորություն ՀՀ-ն չի կրում: 2017 թ. հուլիսի 28-ին կայացած դատական նիստի ընթացքում հայցվոր կողմն ստացավ նաև «Արաբկիր» ԲԿ-ի ու բժիշկներ Լիլիթ Վարդանյանի ու Զարինե Այվազյանի հայցադիմումի պատասխանները: Դրանցից առաջինում «Արաբկիր» ԲԿ-ի ներկայացուցիչը կարծիք է հայտնում, որ վնասը ԲԿ-ի մեղքով չի պատճառվել, այն պետական հաստատություն չի համարվում և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի իմաստով փոխհատուցում չպետք է տրամադրի: ԲԿ-ի ներկայացուցիչը նաև բարոյական վնասի փոխհատուցմանը չափը ողջամիտ չի համարում և խնդրում է մերժել հայցը:
Զարինե Այվազյանի պաշտպանը իր հայցադիմումի պատասխանում պնդում է, որ վնասի փոխհատուցում պետք է տրամադրի ոչ թե Զարինե Այվազյանը, այլ՝ Հայաստանի Հանրապետությունը՝ պետական բյուջեի հաշվին:
Լիլիթ Վարդանյանի պաշտպանն էլ հայցադիմումի պատասխանում ոչ միայն վնասի փոխհատուցման պահանջն է անհիմն համարում, այլև կասկածի տակ է դնում դատարանի վճիռը, որով Լիլիթ Վարդանյանը մեղավոր է ճանաչվել: Մինչդեռ դատարան ներկայացված հայցադիմումով մանրակրկիտ ներկայացված է պատասխանողներից յուրաքանչյուրի մեղավորությունը և թե ինչու պետք է նրանք հատուցեն վնասները:
Ավելին՝ հայցվորի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը Հայաստանի Հանրապետության, ի դեմ՝ Ֆինանսների նախարարության, համապատասխանողների շարքում լինելու վերաբերյալ հիմնավորումներ է ներկայացրել հուլիսի 28-ին կայացած նախնական դատական նիստի ժամանակ ևս: Նա նշել է, որ բժշկական հաստատությունում անձի կյանքի իրավունքն ապահովելու համար պատասխանատվություն է կրում պետությունը, քանի որ անձը գտնվում է պետության վերահսկողության ներքո: Եվ բացառել պետության պատասխանատվությունը՝ բժշկական հաստատություն տեղափոխելուց որոշ ժամանակ անց մահացած երեխայի պարագայում, չենք կարող:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2017 թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:30-ին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ