Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի (լուսանկարում) եղբայրը դեպքի կապակցությամբ վաղը Բուլղարիայից Հայաստան է գալու: Մանուկ Սիմոնյանի հորաքրոջ տղան՝ Սամվելը, Aravot.am-ին պատմեց, որ սպանվածի երկու եղբայրներն էլ Հայաստանում չեն բնակվում, մեկը Բուլղարիայում է, մյուսը՝ ՌԴ-ում: Վերջինը ներկա է եղել եղբոր հուղարկավորությանը, ինչից հետո կրկին մեկնել է ՌԴ:
Մանուկ Սիմոնյանի թաղմանը, ըստ մեր զրուցակցի, ներկա չէին սպանվածի ո՛չ որդին, ո՛չ էլ՝ կինը. նրանք այդ ժամանակ ձերբակալված էին:
Ըստ նրա, մամուլում շրջանառվող բռնությունների մասին լուրերը, թե իբր Մանուկ Սիմոնյանն է գործադրել կնոջ նկատմամբ, մի նպատակ ունեն՝ արդարացնելու կնոջ կատարած սպանությունը. «Մանուկը իրենց ներկայացրած անձնավորությունը չի եղել, փորձում են արդարացնել կնոջը»:
Մեր հարցին, թե Մանուկ Սիմոնյանի որդուն արդյոք տեսե՞լ են ձերբակալումից ազատ արձակվելուց հետո, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես նրան չեմ տեսել ու չեմ էլ ուզում տեսնել: Վաղը Բուլղարիայից նրա եղբայրը կգա, կգնամ էնտեղ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ