Այսօր Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում չորս անձի կյանք խլելու մեջ մեղադրվող Թելման Քալաշյանը Արմավիրի մարզի Արաքս համայնքի նախկին բնակիչ է: Արաքս համայնքի նախկին ղեկավար Ավագ Միքայելյանը Aravot.am-ին պատմեց, որ նա ընտանիքով դեռ իննսունականներին ՌԴ էր մեկնել: Նա, ըստ պարոն Միքայելյանի, այստեղ նույնիսկ տուն չունի. «Մեկ-մեկ գալիս Հայաստան, գնում է»:
Արաքսի նախկին ղեկավարին հայտնի չէ, թե Քալաշյանն ինչ պարտք ու պահանջ է ունեցել սպանվածների հետ: Հիշեցնենք, որ ըստ armlur.am-ի նա սպանվածների հետ համատեղ բիզնես է ունեցել ու առաջացած պարտք ու պահանջի համար է այսօր Շամիրամ գյուղ գնացել:
«Ես չէի էլ իմացել, որ նա կրկին Հայաստան է եկել, բայց երբ գալիս է՝ մի խնդիր ունենում է»,- ասաց պարոն Միքայելյանը՝ առանց մանրամասնելու, թե ինչ խնդիրներ: Նրա խոսքով, Արաքս համայնքում Քալաշյանը նույնիսկ ազգական էլ չունի, բոլորը ՌԴ են մեկնել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ