Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական նիստն է: Շարունակվում է Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը: Հիշեցնենք, որ տիկին Աբրահամյանը դեպքի ժամանակ որդու հետ է եղել:
Ըստ մեղադրանքի՝ 2016թ. Արտաշես Չիչոյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ՝ ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել նրա կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել կյանքից: Ամբաստանյալ Արթուր Զաքարյանի պաշտպան, փաստաբան Վաչագան Քոսյանը հետաքրքրվեց՝ տիկինը Արթուր Զաքարյանին դեմքով ճանաչե՞լ է: Էմմա Աբրահամյանն ասաց, որ դեմքով՝ ոչ:
-Որդիս մեջքով հենված պաշտպանվում էր, երբ տղաների երկրորդ եռյակը վազելով հասավ,-ասաց տարեց կինը:
-Արթուր Զաքարյանի մեղքը հիմնավորող հանգամանք կա՞:
-Լսե՜ք, այդ ժամանակ ես ինձ կորցրել եմ, ընկել եմ որդուս դիակով, խնդրել օգնություն կանչել, բայց ոչ ոք չարձագանքեց…
-Հարվածողների մեջ նրան ճանաչե՞լ եք:
-6 հոգի հարվածում էին, ինչպե՞ս կարող էի ճանաչել, 4 հոգու եմ ճանաչել, հասկացե՜ք:
Կինն ասաց, որ որդին պարզապես մեքենան արգելակել է բախումից խուսափելու համար, ինչից հետո դիմացի մեքենայի տղաները հարձակվել են վերջինիս վրա: Ըստ Էմմա Աբրահամյանի՝ ինքը որդուն հորդորել է մեքենայից դուրս չգալ, քանի որ դիմացի մեքենայից բարձր երաժշտություն է հնչել, որդու հասցեին էլ հայհոյանքներ են տեղացել:
-Մայրիկ, իսկ…
-Ի՜նչ մայրիկ, մայրիկը մեռել ա, չկա…
-Եթե երաժշտությունը բարձր էր, ո՞նց եք լսել հայհոյանքները:
-Վա՜յ, ոնց եք ծեր կնոջը տանջում…
Էմմա Աբրահամյանի ինքնազգացողությունը կրկին վատացավ, նիստն ընդմիջվեց:
Մանրամասն` տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ