Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամառային դպրոցի կազմակերպման գաղափարն իրականում եկել է Գիշիի գյուղի փոքրիկներից մեկից

Օգոստոս 01,2017 14:03

Այսօրվանից երկու շաբաթ տեւողությամբ Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղում կգործի «Գիտելիքը ուժ է» ամառային դպրոց-ճամբարը, որը համանուն կրթական նախաձեռնության մի մասն է:

Ամառային դպրոցին մասնակցում են Մարտունի քաղաքի, Գիշիի եւ հարակից գյուղերի 10-15 տարեկան 125 աշակերտներ: Նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի ու Արցախի՝ կրթության ոլորտի մի խումբ մասնագետներին:

«Ուրախ ենք, որ Մարտունու շրջանի մի շարք համայնքների դպրոցականների համար ամռան ընթացքում ժամանցն ու կրթությունը համատեղելու նման հնարավորություն է ստեղծվում: Ներգրավված են բարձրորակ մասնագետներ եւ վստահ ենք, որ այս ամառային դպրոցը լուրջ խթան կհանդիսանա կրթական մակարդակի բարձրացման ու մասնագիտական կողմնորոշման առումով»,-ասում է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը:

Ամառային դպրոցի համար պատրաստվել է հատուկ ուսումնաժամանցային ծրագիր, որի հիմնական նպատակն է զարգացնել երեխաների հետազոտական, ստեղծագործական համագործակցության հմտությունները՝ ժամանցային եւ կրթական բաղադրիչների միջոցով: Կրթական մասը կառուցված է STEM (Science, Technology, Engineerig, Math) կրթության մոտեցումների հիման վրա: Ժամանակակից կրթական տեխնոլոգիաների եւ մեթոդների կիրառմամբ եւ հետազոտական, հետաքրքրաշարժ ու զվարճալի առաջադրանքների միջոցով կամրապնդվեն եւ կխորացվի մասնակիցների գիտելիքները՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության եւ արվեստի ու պատմության բնագավառներում։ Մեծ ուշադրություն կդարձվի նաեւ հայ ժողովրդի պատմության ու հայ եկեղեցու պատմության ուսուցանմանը:

«Ամառային դպրոցի կազմակերպման գաղափարն իրականում եկել է Գիշիի գյուղի փոքրիկներից մեկից։ Մենք էլ՝ հայաստանցի եւ արցախցի մի խումբ մասնագետներով որոշեցինք կյանքի կոչել այն եւ նախաձեռնել այնպիսի մի ճամբար, որն իսկապես օգտակար կլինի երեխաների համար՝ ապահովելով թե նրանց ժամանցը, թե անհրաժեշտ ու օգտակար գիտելիքների փոխանցումը: Ծրագիրը մշակվել է ոլորտի լավագույն մասնագետների կողմից, երեխաների հետ կաշխատեն Հայաստանից եւ Արցախից հրավիրված լավագույն մանկավարժները, ովքեր իրենց փորձով կկիսվեն նաեւ տեղի ուսուցիչների հետ»,-ասում է նախաձեռնության հեղինակ Անուշ Եդիգարյանը:

«Թեեւ սա ամառային դպրոց է եւ կրթական մասն ավելի գերակա է, բայց ծրագիրը մշակելիս փորձել ենք մեծ ուշադրություն դարձնել նաեւ ժամանցին: Ծրագրի շնորհիվ երեխաները դպրոցում ստացած գիտելիքները, դասագրքերում ներկայացված երեւույթները կկարողանան ավելի լավ պատկերացնել, տեսնել դրանց դրսեւորումները կյանքում, հասկանալ, որ այդ երեւույթներն իրականում կարեւոր են իրենց համար»,-ասում է նախաձեռնության բովանդակային մասի պատասխանատու եւ համակարգող Տաթեւիկ Նալբանդյանը, ով նաեւ Միջազգային բակալավրիատի Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի գրասենյակի կրտսեր դպրոցի ծրագրի խորհրդատու է։

Ամառային դպրոցում կներգրավվեն նաեւ մանկավարժներ, ովքեր «Գիտելիքը ուժ է» նախաձեռնության շրջանակում մասնակցել էին Մարտունու շրջանի ուսուցիչների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացներին:

Ամառային դպրոցը հնարավորություն կտա մասնակիցներին իրականացնել իրենց փոքրիկ հետազոտությունը ըստ հետաքրքրության եւ ներկայացնել այն ընկերներին եւ ուսուցիչներին։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ այդպիսով աշակերտների շրջանում կմեծանա գիտության ասպարեզում մասնագիտական կրթություն ստանալու հակումը։

Կիրականացվեն նաեւ երեխաների շփման, հաղորդակցման հմտությունների զարգացմանն ուղղված խաղեր եւ վարժություններ, կլինեն սպորտային պարապմունքներ, պար, ֆիլմերի ցուցադրություն: Ճամբարականները կհյուրընկալեն նաեւ հայտնի մարդկանց, ովքեր կկիսվեն իրենց հաջողության պատմություններով: Կլինի նաեւ այցելություն զորամաս եւ անմիջական շփում զինվորների ու սպայական կազմի հետ։

 

 «Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031