Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սոցիալական ձեռնարկատիրության այս լավագույն օրինակը հավակնում է դառնալ քաղաքի այցեքարտերից

Օգոստոս 01,2017 13:37

Այն, ինչ ամիսներ առաջ թվում էր ընդամենը լավ գաղափար, երիտասարդների ստեղծագործական մտքի փայլատակում, այսօր այլևս իրողություն է:

Սևան քաղաքի Սայաթ- Նովա 16-13 հասցեում գտնվող «Բոհեմ» արվեստանոց- թեյարանն օրերս բացեց իր դռները սևանցիների, հյուրերի, քաղաքի այցելուների առաջ:

Իսկ ամեն ինչ սկսվեց այսպես…

Տարիների ընթացքում իրականացնելով կամավորական և դրամաշնորհային մի շարք ծրագրեր 9-ամյա կենսագրություն ունեցող «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն իր գործունեության համար հստակեցրել էր մի քանի ուղղություն, որոնց մեջ առանձնանում էին մշակույթն ու տուրիզմը:

Այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները թեև քիչ չէին, սակայն ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանի փոխանցմամբ` լիովին չէին բավարարում այն պահանջները, որոնք ակնկալում էին իրենք:

Երիտասարդական ակումբի կյանքում շրջադարձային էր 2015-ը, երբ կազմակերպությունը դարձավ Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի անդամ: Այս իրողությունն էլ թույլ տվեց վաղուց փայփայած գաղափարին տալ միս ու արյուն:

«Քանի որ այդ կաթսայում էինք, մասնակցեցինք «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկության միջոցով» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրին: Մեծ թիմ էր` շուրջ վեցտասնյակ, որից 10-ը հաղթահարեց շեմը: Մեր ներկայացրած գաղափարը տարբերվում էր, քանի որ թիրախային խումբ էր ընտրվել այն երիտասարդները, որոնք մշակութային ոլորտում չեն կարողանում ռեալիզացվել: Մայրաքաղաքում ստանալով կրթություն` քաղաք վերադառնալու մոտիվացիա չունեն, այնինչ նրանք ունեն ստեղծագործելու և ներկայացնելու տաղանդ և ձիրք»,- ասում է Գոհարը:

Երիտասարդների համար հետաքրքրությունների դաշտ ստեղծելու, ստեղծագործելու հնարավորություն տալու, ներկայանալու և ներկայացնելու նպատակով առավել ընդգրկուն ծրագիր ներկայացվեց: Ծրագիրը հաղթահարեց մրցութային փուլը:

Օրեր շարունակ, իրենց իսկ բնորոշմամբ, «քաղաքի լուսավոր դեմքերը»` գաղափարի շուրջ համախմբված երիտասարդները, քայլ առ քայլ մոտեցան իրենց երազանքների բոհեմին` դառնալով ծեփագործ ու ներկարար, վարպետ ու դիզայներ: Այդ ամենի մեջ դրեցին սեր ու նվիրում` այն դարձնելով հաճելի մի անկյուն, որտեղ մի բաժակ թեյի կամ սուրճի, ֆիրմային թխվածքի ընկերակցությամբ ընկերներն ու ընտանիքի անդամները, հոգնած զբոսաշրջիկն ու անցորդը կվայելեն իրենց հանգիստը, կկազմակերպեն իրենց ազատ ժամանցը:

Այս միջավայրում կզուգակցվեն հաճելին և օգտակարը. պարբերաբար կանցկացվեն մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ սևանցի և դրսի արվեստագետների կողմից, միաժամանակ մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան իրենց մշակութային հանգիստը առավել լավ պայմաններում կազմակերպել:

Ստեղծված միջավայրը թույլ է տալիս, որպեսզի տարբեր տարիքային խմբի մարդիկ գտնեն իրենց համար հետաքրքրություն և ունենան միմյանց և արվեստի հետ հաղորդակցվելու հնարավորություն:

«Բոհեմ» ոտք դնողին սպասվում է ևս մեկ հաճելի անակնկալ` իր տեսակի մեջ եզակի հուշանվերների թանգարան, որտեղ ամիսներ շարունակ հավաքվել ու այժմ կողք կողքի շարված են տասնամյակների վաղեմություն ունեցող իրեր, ժամանակին սիրելի ու սպասված նվերներ:

Սոցիալական ձեռնարկատիրության այս լավագույն օրինակը հավակնում է դառնալ քաղաքի այցեքարտերից: Դրան հավատում են երիտասարդները, որոնք բոհեմական տրամադրությամբ մեկնարկել են իրենց գործունեությունը:

Արվեստանոց-թեյարանից ստացված շահույթի 50 տոկոսից ավելին ուղղորդվելու է համայնքի մշակութային կյանքի կազմակերպմանը:

Այս տարի այդ գումարը տրամադրվելու է «Սևան» երաժշտական փառատոնի կազմակերպման ու անցկացման աշխատանքներին, որը հեղինակել է «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն և անցկացվում է 3-րդ տարին:

Այս տարի փառատոնն անցկացվելու է օգոստոսի 12-ին Սևան քաղաքի հանրային լողափում:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031