Այսօր առավոտյան Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում տեղի ունեցած կրակոցները եղել են գյուղի սգո սրահում, կրակոցների արդյունքում երեք անձ մահացել է, վեց քաղաքացի վիրավորվել:
Շամիրամ համայնքի ղեկավար Մրազ Բրոյանը Aravot.am-ին պատմեց, որ իրեն հասած տեղեկություններով, սպանություն կատարելու մեջ կասկածվող անձը եղել է մոտ հիսուն տարեկան տղամարդ ու սգո սրահում հավաքվածներին անծանոթ:
«Պատահական անձ է եղել, որը մտել է սգո սրահ ու կրակել: Արմավիրի մարզից է եղել կրակողը, դրդապատճառները հայտնի չեն»:
Ըստ պարոն Բրոյանի՝ մահացածներից երկուսը երիտասարդ են եղել, մեկը՝ տարեց: Կրակոցներին նախորդող ոչ մի վիճաբանություն չի եղել:
«Հոգեհաց էր, թաղման արարողություն չի եղել, այսինքն` նոր մարդ չէին թաղել »,- պատմեց պարոն Բրոյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/https://shamshyan.com