Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեւորգ Գեւորգյան. «Վահե Գեւորգյանցը խելոք երեխա է, պարզապես ջահել է»

Օգոստոս 01,2017 12:59

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանը չի թաքցում, որ հավակնում է ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնին: Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ընտրվելու դեպքում ամեն ինչ կփոխվի կինոմիությունում, Եվրիմաժի միջոցով դահլիճի վերանորոգելու հարցը կլուծի: «Այնտեղ այնքան բան կա անելու, երիտասարդական սեկցիա, ֆիլմերի առաջին դիտումներ կլինեն, մեծերի հարցը պետք է ավելի ճիշտ կարգավորվի, երիտասարդների` փառատոներին մասնակցելու հարցը, մրցանակաբաշխություններ եւ այլն: Ամեն ինչ տեղափոխելու եմ այնտեղ, ինչ ժամանակին անում էի կինոկենտրոնում: Այսինքն` դա կլինի մի տեղ, որտեղ կինեմատոգրաֆիստն իրեն ապահով կզգա»,-ասաց պարոն Գեւորգյանը:

Ի դեպ, կինոկենտրոնի մասին խոսելիս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այդ կառույցի կառավարումն օրերս կրկին ոչ արդյունավետ էր որակել, ինչով էլ բացատրել էր կառուցվածքային փոփոխությունները եւ նոր մարդկանց նշանակումը:

Մեր դիտարկմանը, որ Aravot.am-ի հետ զրույցում կինոգործիչների միության հանգուցյալ նախագահ Ռուբեն Գեւորգյանցի որդին` կինոռեժիսոր Վահե Գեւորգյանցն ի տարբերություն Գեւորգ Գեւորգյանի, կարծում է, որ կինոմիությունում ամեն ինչ պետք է թողնել այնպես, ինչպես եղել է հոր նախագահության տարիներին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իսկ ես ենթադրում եմ, որ շատ բան կփոխեմ, հիմա եթե ինքը գտնում է, որ ոչ մի բան չպետք է փոխել, դա իր գործն էր: Իսկ ի՞նչն էր այնտեղ լավ, ես չեմ կարծում, թե պետք է նույն ձեւով պահպանել ամեն ինչ… Կինեմատոգրաֆիստները պետք է ունենան իրենց տունը, համագործակցեն Եվրիմաժի հետ, աշխարհի լավագույն ֆիլմերը բերեն-ցույց տան, ֆիլմերի քննարկումներ լինեն, դահլիճը պետք է աշխատի, կինոքննադատությունը պետք է վերականգնվի, այնքա՜ն բան կա այնտեղ աշխատեցնելու… Իսկ եթե պետք է նույնը մնա, իմ գնալն ավելորդ է»:

Գեւորգ Գեւորգյանը հավելեց, թե չի կարծում, որ ծրագրին նայելով պետք է մարդուն ընտրել կինոմիության նախագահ. «Բոլորը սիրուն ծրագիր են գրում, բայց կարեւորը նայեն մարդկանց կարողությունները, հնարավորությունները…Ես էլ կարող եմ սիրուն ծրագրեր գրել, բայց եթե դա պետք է կարդամ միայն ժողովին կամ հաճոյանալու համար, ուրեմն անիմաստ է»:

Aravot.am-ը Գեւորգ Գեւորգյանից հետաքրքրվեց` Վահե Գեւորգյանցը, որը նույնպես հավակնում է կինոմիության նախագահի պաշտոնին, «Առավոտին» տված հարցազրույցում բավականին դրական է արտահայտվել իր հասցեին, արդյոք միմյանց միջեւ փոխհամաձայնություն կա՞ ընտրությունների ժամանակ միմյանց աջակցելու համար, եւ սա այն դեպքում, երբ Գեւորգ Գեւորգյանի եւ Ռուբեն Գեւորգյանցի «ջրերը» երբեք մեկ առվով չեն գնացել:

«Վահե Գեւորգյանցը խելոք երեխա է, պարզապես մի քիչ ջահել է, ես էլ իր հասցեին բացասական չեմ արտահայտվում, իսկ Ռուբեն Գեւորգյանցի հետ, այո, ժամանակին մի քիչ խնդիր ենք ունեցել»,-ասաց Գեւորգ Գեւորգյանը:

Նրանից հարցրինք` արդյոք հարկ եղած դեպքում կպաշտպանի՞ Վահե Գեւորգյանցի թեկնածությունը: «Եթե Վահե Գեւորգյանցը առաջադրվելու է, ես էլ եմ առաջադրվելու, ինչո՞ւ պետք է իր թեկնածությունը պաշտպանեմ»,-պատասխանեց կինոկենտրոնի նախկին տնօրենը: Ապա հավելեց. «Ինքն էլ է արժանի, որ իր թեկնածությունը դնի, պարզապես մի քիչ երիտասարդ է, ու որ մտածում է պետք է ոչինչ չփոխել, դա լավ չէ»:

Գեւորգ Գեւորգյանին հարցրինք` ինքը գո՞հ է կինոմիության միանձնյա կառավարումից, որ իրականացրել է Ռուբեն Գեւորգյանցը: «Նախընտրական շրջանում այդպիսի հարցի չեմ պատասխանի»,- հայտնեց մեր զրուցակիցը, որը սպասում է օգոստոսի 3-ի վարչության նիստում հնարավոր զարգացումներին:

Aravot.am-ի հարցին` եթե այնուամենայնիվ Վահե Գեւորգյանցն ընտրվի, կշարունակի՞ աշխատել նրա «ձեռքի տակ»` ունենալով տրամագծորեն հակառակ տեսակետ միության կառավարման վերաբերյալ, Գեւորգ Գեւորգյանցը պատասխանեց. «Եթե ինքն ընտրվի, ինքն է աշխատելու, ես ինչ գործ ունեմ»

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` thelastinhabitant.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Այդ « խելոք երեխան» քառասունյոթ տարեկան է: Արդյունավետ և ստեղծագործ աշխատանքի համար շատ լավ տարիք է:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031