Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. ԱՄՆ-ՌԴ հակասությունները դժվար խնդիր են դնում հայկական դիվանագիտության առջեւ (Տեսանյութ)

Օգոստոս 01,2017 11:46

ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի համար, անսպասելի քայլ չէր, քանի որ ԱՄՆ-ը մտնում է աշխարհաքաղաքական շահերի իրացման փուլ: Այսօր «Հայելի» ակումբում խոսելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի մասին, պարոն Նավասարդյանն ասաց, որ այդ պատժամիջոցներն ուղղված են ոչ միայն ՌԴ-ի դեմ. ԱՄՆ-ը թիրախ ունի եւ հեռավոր Արեւելքում եւ մերձավոր Արեւելքում`Իրան, եւ եվրասիական մասշտաբներում`ՌԴ:

Դեսպանը համաձայն չէ այն վերլուծաբանների հետ, որ սա ժամանակավոր խնդիր է եւ շատ արագ կմտնի իր հունի մեջ: Ելնելով այսօրվա իրողություններից եւ խնդիրներից, որոնք դրված են ԱՄՆ-ի առջեւ, նա կարծում է, որ սա տասնյակ տարիներ է տեւելու: «ԱՄՆ Կոնգրեսի եւ Սենատի ընդունած որոշումները կախված չեն որեւէ նախագահի, կուսակցության մոտեցումներից կամ քաղաքական իրավիճակից: Դա հնարավոր չէ վերացնել այլեւս: Եթե սա սառը պատերազմ չէ, ապա տնտեսական պատերազմ է`ուղղված ՌԴ-ի դեմ եւ խնդիրն այն է, որ շոշափում է այլ տերությունների շահերն էլ»,- ասաց բանախոսը` հավելելով, որ ԱՄՆ-ը չի կարողանում հրաժարվել իր հեգեմոն լինելու նկրտումներից:

Ամեն դեպքում, դիվանագետի կարծիքով, պաշտոնական Մոսկվայի համար ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրումը հարմար առիթ է եվրոպական վեկտորը զարգացնելու: Թե ի՞նչ կստացվի`ժամանակը ցույց կտա: Միաժամանակ նա նկատում է`ՌԴ-ն փոխում է իր քաղաքական վեկտորը`գնում է Արեւելք: «ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը մկանային քաղաքականություն են ցուցաբերում»,- փաստում է դիվանագետը:

Մանրամասները`տեսանյութում

Արման Նավասարդյանն աննախադեպ է համարում Մոսկվայի կողմից ամերիկյան դիվանագիտական կորպուսի կրճատումը 755 մարդով: Ի հեճուկս Մոսկվայից հնչող բացատրությունների, դիվանագետը սիմետրիկ չի համարում կատարվածը. «ԱՄՆ-ը շփոթի մեջ է հիմա»: Ամերիկյան պահեստների փակումն էլ համարում ՌԴ-ում ամերիկյան դիվանագիտական կառույցների անդամալուծում:

Քաղաքական առումով ԱՄՆ-ՌԴ հակամարտությունն իր համոզմամբ Հայաստանի վրա բացասական կանդրադառնա`կնեղանա եւ կփոքրանա ՀՀ դիվանագիտության մանեւրելու հնարավորությունը ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ: Կարծում է, ՌԴ-ն կկարծրացնի իր դիրքորոշումը նաեւ իր դաշնակիցների նկատմամբ: Դեսպանը կողմնակից է այն տեսակետին, որ Հայաստանը տնտեսական առումով էլ կտուժի. «Եթե գերտերությունները առճակատվում են, փոքր պետությունները դրանից երբեք չեն կարող շահել»:

ԱՄՆ-ՌԴ այս հակամարտությունն ինչպե՞ս կանդրադառնա Մինսկի խմբի աշխատանքի վրա`բանախոսը դժվարանում է ասել: Կյանքը ցույց կտա: Բայց որ մեր դիվանագիտության առջեւ բարդ խնդիրներ են կանգնած, միանշանակ է. «Պետք է կարողանալ ճկուն լինել` ստեղծված իրավիճակում քիչ արյունով դուրս գալու համար:» Ինքը կողմ է ՀՀ-ի որդեգրած կոմպլեմենտար քաղաքականությանը, բայց մտավախություններ ունի, որ սա կարող է ազդել նաեւ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման եւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման վրա: «Սա հավասարում է շատ անհայտներով»,- ասում է Արման Նավասարդյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031