Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Իսպիրյան. «Երեւանը դարձել է անշուք, փոքր կենտրոն ունեցող քաղաք». «Ժողովուրդ»

Օգոստոս 01,2017 10:56

Երգիչ-երգահան Արթուր Իսպիրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել է մեր երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի, Երեւանի արտաքին տեսքի, հեռուստատեսությունը աղբով ողողելու եւ այլ հարցերի շուրջ։

– Շատ ակտիվ ներգրավված եք քաղաքացիական նախաձեռնություններում։ Արտիստի նման կեցվածքն ինչպե՞ս է անդրադառնում ժողովրդի ընդհանուր տրամադրության վրա։

– Շատ անգամներ ակտիվ եմ եղել Երեւանի հետ կապված հարցերում, մասնավորապես քաղաքաշինության մասով։ Ծնվել եմ Երեւանում, եւ քաղաքաշինության էվոլուցիան իմ աչքի առաջ է կատարվել։ Տեսնում եմ, թե կանաչ Երեւանը ուր է գնում, ուր է գնալու։ Շատ են մտահոգում ոչ միայն Փոքր կենտրոնում, այլեւ Երեւանի տարբեր շրջաններում, որտեղ տիրում է փնթիությունը, ոչ պետական մտածելակերպի դրսեւորումները։ Այդ խնդիրները տարեցտարի չլուծվելով՝ կուտակվում են՝ դառնալով լուրջ, անլուծելի խնդիրներ։

Երբեւէ չի եղել դեպք, որ կառուցվի մի անշնորհք կառույց, որը հետագայում հաջորդ քաղաքապետի կամ նախագահի օրոք քանդվի։ Դրա համար էլ Երեւանը դարձել է անշուք, փոքր կենտրոն ունեցող քաղաք։ Այն այգիները, որոնք քաղաքապետարանի հսկողության տակ են, ահավոր վիճակում են գտնվում։ Սկսած «Հաղթանակի» այգուց, սարսափելի վիճակ է տիրում այնտեղ, որովհետեւ չկան աշխատողներ, կարող է՝ շատ գրանցվածներ կան, բայց փաստացի մի քանի աշխատող է։ Հզոր՝ 32 հա տարածքը վերականգնելու համար պրոֆեսիոնալների խումբ է պետք։ Ամեն ինչ արվում է, որպեսզի կառուցվեն սրճարաններ, հյուրանոցներ։

«Օղակաձեւ» այգու մասին ընդհանրապես չեմ խոսում, ով ինչ ուզում, անում է այնտեղ։ Նույն ահավոր իրավիճակն է տիրում նաեւ Հրազդանի կիրճում։ Չգիտեմ՝ քաղաքապետարանի ավագանու անդամներն ինչո՞վ են զբաղվում, բայց ինձ թվում է՝ ոչ թե նստած իրենց սենյակներում կամ ժողովներում պետք է որոշեն Երեւանի ապագան, այլ պետք է ոտքով ման գան եւ ամեն բողոքի արձագանքեն։ Ես այսօր կարդում եմ, որ Հայաստանը համար առաջինն է աշխարհում քաղցկեղ հիվանդություն ունեցողների թվով։ Մեր ժողովուրդն առողջ չէ, լավ օդ, լավ ջուր չի խմում։ Պետությունը պետք է մտածի ժողովրդի առողջության, մշակույթի, հեռուստալիքների մասին, որ եթեր չտան ամեն աղբ։

– Վերջերս քանդեցին Երեւանի հնագույն տոնավաճառներից մեկը՝ Ֆիրդուսը, առեւտրականներին թողնելով խոստումների հույսին։ Տեղյա՞կ եք։

– Ֆիրդուսում մի քանի անգամ եմ եղել, որտեղ ինչ-որ տեղերից բաներ են բերում, դնում, վաճառում, նունն էլ ասել եմ Երեւանի ամենամեծ շինանյութի շուկայի մասին։ Մտնում ես, սիրտդ խառնում է այդ անկազմակերպ վիճակից։ Այնտեղ ահավոր վիճակ էր, ճանապարհները վատ, փոքրիկ, տգեղ խանութներով, փնթի, ժանգոտած երկաթներով։ Եթե մի բան քանդում են, պետք է նախօրոք մարդկանց զգուշացնել եւ ասել՝ տեղն ինչ են առաջարկում։ Մարդիկ կան, որ վարկ են վերցրել, մինչեւ առեւտուր չանի, ո՞վ է փակելու այդ վարկի տոկոսները։ Պետք է մարդկանց կենցաղի մասին մտածեն, նոր քանդեն։

Զրուցեց Լիդա ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031