Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պատճառների մեջ խորանալուց» առաջ

Օգոստոս 01,2017 10:00
harcer

Ամեն մի հանցագործություն իր պատճառներն ունի: Եթե ես, ենթադրենք, շուկայից խնձոր եմ գողանում, ապա շատ հավանական է, որ ես խնձոր շատ եմ սիրում եւ փող չունեմ այդ միրգը գնելու համար: Եվ երբ ես դրա համար դատարանի առջեւ կանգնեմ, շատ հավանական է, որ կհայտնվեն իրավապաշտպաններ, որոնք կոչ կանեն խորանալ իմ հանցագործության պատճառների մեջ, ինչպես նաեւ իմ կալանավորումը կորակեն որպես խոսքի ազատության սահմանափակում, քանի որ ես լրագրող եմ:

Եթե գործ չունենք անմեղսունակ մարդու անբուժելի պաթոլոգիաների հետ, ապա բացատրություններ, արդարացումներ, դրդապատճառներ, «մոտիվներ» միշտ էլ կան: Օրինակ՝ երբ կեղծվում են որեւէ մակարդակի ընտրություններ, պաշտոնապես, բնականաբար, ասվում է` «սուտ է, չի կեղծվել, ապացույցներ բերեք»: Բայց կա նաեւ ոչ պաշտոնական բացատրությունը. «բա ի՞նչ էիք ուզում, բա թողենք, որ այսինչը ղեկավարի՞, նա չի կարա»: Այստեղ պե՞տք է «խորանալ պատճառների» մեջ, թե՞ պետք է ընդունել, որ լեգիտիմություն ունեցող ապուշն ավելի օգտակար է պետությանը, քան լեգիտիմություն չունեցող հանճարը: Ես, համենայնդեպս, այս տեսակետի կողմնակիցն եմ:

Միացյալ Նահանգներում պարբերաբար ինչ-որ զինված մարդիկ մտնում են դպրոցներ եւ մանկապարտեզներ եւ անկանոն կրակ են բացում: Բայց ինչո՞ւ չենք խորանում պատճառների մեջ, գուցե կրակողները Վիետնամի պատերազմի վետերաններ են, հերոսներ են, լավ մարդիկ են, գուցե ծանր սոցիալական կամ հոգեբանական վիճակում են, գուցե նրանք ապստամբում են Օբամայի կամ Թրամփի վարչակազմի դե՞մ: Բա ինչո՞ւ հաշվի չեք առնում, որ ԱՄՆ անկախության հռչակագրում գրված է, որ ժողովուրդն ունի զինված ապստամբության իրավունք: Էլ չեմ ասում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագիրը:

Կինը կացնահարելով սպանել է քնած ամուսնուն: Անպայման պետք է խորանալ պատճառների մեջ: Գուցե նա այդ ձեւով պայքարում էր ընտանեկան բռնությունների դեմ: Եվ ընդհանրապես` ինչո՞ւ չմտածենք, որ դա ապստամբություն էր Հայաստանում ստեղծված այն իրավիճակի դեմ, երբ տղամարդիկ ստրկական վիճակում են պահում կանանց եւ սահմանափակում են նրանց իրավունքները: Բա ի՞նչ պիտի աներ, եթե պետությունը նրան չի պաշտպանում:

Կամ՝ Սեւանում ծեծկռտուք է տեղի ունեցել, մարդ է սպանվել, հետո սպանվածի որդին վրեժ է լուծել, որի արդյունքում եղել է երկրորդ զոհը: Պետք է խորանանք դրա պատճառների մեջ` գուցե առաջին դեպքում սպանվածը սպանողներին «դավադիտ էր արել», իսկ երկրորդ դեպքում որդին, չհավատալով հայաստանյան արդարադատությանը, այլ ելք չէր տեսնում, քան ինքնադատաստան տեսնելը:

Ինքնին նման քննարկումներն, ինձ թվում է, խոսում են մեր հասարակության լուրջ հիվանդության մասին: Իշխանության, ընդդիմության, իրավապաշտպանների եւ ընդհանրապես քաղաքացիների մեծ մասը վստահ է, որ «որոշ, բացառիկ դեպքերում» օրենքները կարելի է ոտնահարել` հանուն ինչ-որ կարեւոր, «վեհ» նպատակների: Պետություն կունենանք այն դեպքում, երբ օրենքի խախտումը միանշանակ դատապարտվի, եւ դրանից հետո միայն «խորանանք պատճառների մեջ»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Վասիլի Գևորգյան says:

    Հիշու՞մ եք, մի հայտնի ամերիկյան ֆիլմ կա՝ A time to kill, բավական հաջող և համոզիչ: Չեմ վիճում Ջեր հայտնած տեսակետրի հետ, բայց միանշանակ համաձայնվել չեմ կարող:

  2. Zaven says:

    ՋՈՆԻ— Շատ լավ, պա, (նա վերցնում Է խաղողի վերջին հատիկը և ուտում): Դա գողություն է, պա:
    ՋՈՆԻԻ ՀԱՅՐԸ — (Զավեշտով): Ոմանք ասում են՝ գողություն է, ոմանք ասում են՝ ոչ։ (Դրամատիկ): Իմ կարծիքով դա գողություն չէ։ (Բղավելով): Վազերի վրայից քաղեցիր, չէ:
    ՋՈՆԻ— Վազերի վրայից քաղեցի, պա։
    ՋՈՆԻԻ ՀԱՅՐԸ — (Զավեշտով): Ուրեմն դա չի կարող գողություն համարվել:
    ՋՈՆԻԻ ՀԱՅՐԸ — Իսկ երբ կարող է գողություն համարվել։
    ՋՈՆԻԻ ՀԱՅՐԸ– (Ձեոքով շարժում անելով, իբրև թե ոչինչ բան է): Իմ դատողությամբ, Ջոնի, գողություն է, երբ դու առանց անհրաժեշտության վնաս ես հասցնում և կամ անգթությամբ ես վերաբերվում մի անմեղ էակի ու անարժան կերպով շահ կամ ուժ ես ստանում դրանից:

  3. Քրիստափոր says:

    Ժամանակին Վ.Սիրադեղյանը ասում էր, հանցագործի տեղը բանտն է, բայց այնպես ստացվեց, որ երկրի ամենաբարձր ղեկավարների կողմից, որոշ հանցագործ մտածելակերպի անձեր հովանավորվեցին և հայտնվեցին բարձր պաշտոններում, բազմաթիվ հանցագործություններ կատարելով մնացին անպատիժ և օրինակ հանդիսացան և աճող սերնդի և որոշ թափթփուկների համար, որի պտուղները այժմ քաղում ենք /թող հարգելի Աննա Իսրաելյանը ինձ ների, բայց ինքը ենթադրում եմ շատ լավ գիտի դրանք ովքեր են, որովհետև ժամանակին սուր հոդվածներ է գրել այդ թեմաներով/:

    • Ruben says:

      Սերժ Սարգսյանին ՆԳՆ-ում բարձր պաշտոն տալը (1993 թ, փետրվար) Վանո Սիրադեղյանի ճակատագրական սխալն էր թե՛ իր, թե՛ հանրապետության համար:

  4. Artur Lazarian says:

    Լաւ կինո ես յիշել, Վասիլի:

    Քեւին Սփեյսին էսպիսի մի խօսք է ասում. “Օur society can not condone men who take the law into the own hands no matter what the circumstances”

    [թարգմն. «Մեր հասարակութիւնը չի կարող հանդուրժել մարդկանց, որոնք ինքնադատաստան են անում՝ անկախ հանգամանքներից»]
    – – –
    Լատիններն ասում էին՝ Dura lex, sed lex.

    Յ.Գ. Անշուշտ ճիշտ է վերոնշեալ տեսակէտը, բայց յօդուածի հեղինակը լաւ կ’անէր համառօտ «լուսաւորէր» մարդկանց, թէ ի՞նչ անել (ինչպէ՞ս վարուել), երբ արդարադատութիւնը չի գործում եւ օրէնքը [հարիւրապատիկ անգամ աւելի] խախտւում է նա՛եւ իշխանութեան կողմից: Հակառակ դէպքում ներկայացուող ողջ բարոյագիտութիւնը դառնում է միակողմանի եւ կիսատ:

    • Հ.Շ. says:

      սակայն խնդրին տարողութիւնը այդքան չէ, Արթուր
      իսկապէս այդպէս չէ…

      դա չափազանցութիւն է

      իրականութեան չափազանցեալ, գերզգայնական արժեւորում,
      զուտ գաղափարական-վերացական-ցնորաբանական ակնոցներով

      թէ ոչ, ի՞նչ,
      միայն այդ մի քանի լամպաները այրած չաթլախներն է՞ որ տեսնում են միայն Գերագոյն Ճշմարտութիւնը ?

      մինչ մնացեալներ բոլո՜րս կոյր, անգէտ, խաբուած յիմարնե՞ր ենք

      մէկ հատ նայէ որո՞ւ մասին է խօսքը, for Gods sake !!

      թերեւս անոնցմէ ոմանք խոշոր սիրտեր ունին…
      թերեւս…

      բայց ուղե՞ղ…

      փֆֆֆֆֆ

  5. Ruben says:

    «Կադրերն են որոշում (լուծում) ամեն ինչը»:
    «Ամենա արժեքավոր կապիտալը մարդն է»:
    Ստալին, Մայիս 4, 1935 թ –ի, Կրեմլ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031