Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում գործող «Խոր արմատ» ՍՊԸ-ն սեփականության իրավունքով իրեն պատկանող, Կողբում գտնվող հողամասից վտարելու պահանջով 2015թ. օգոստոսի 4-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը պատճառաբանելով, որ իրենց ընկերությունը գրանցված է Երեւանում, իսկ Տավուշի մարզի տարածքը սպասարկող մասնաճյուղը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, գրավոր միջնորդել է գործն ընդդատության ուղարկել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: «Խոր արմատ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ավետիս Քալաշյանը չի առարկել ներկայացված միջնորդության դեմ: 2015թ. սեպտեմբերի 15-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը որոշել է հիշյալ քաղաքացիական գործն ուղարկել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քննությանը:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն 2016թ. հուլիսի 19-ին դատարան մուտքագրված միջնորդությամբ խնդրել է սույն քաղաքացիական վարույթը կասեցնել, քանի որ այդ ընկերությունը նշված գործի առնչությամբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական ընկերության դեմ դատական հայց էր ներկայացրել: Հետագայում «Հայջրմուղկոյուղին» հրաժարվել է այդ հայցից: 2016թ. դեկտեմբերի 21-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը որոշել է գործի վարույթը վերսկսել:
Այս գործով 2017թ. հուլիսի 17-ի նիստում որոշվել է դատական հաջորդ նիստը նշանակել այս տարվա հոկտեմբերի 12-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ