Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կինը մարզի հայտնի ու վաստակավոր բժշկի դուստրն է: Այս մասին Aravot.am-ին պատմեց Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը:
Սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանն իր ընտանիքով հենց այս համայնքում էր ապրում, ըստ պարոն Վարդանյանի՝ Սիմոնյանի հորական տանը:
«Բռնությունների մասին տեղյակ չեմ եղել, եթե նման բաներ եղել են: Իմ իմացածով ինքը լավ ամուսնու, լավ հոր, լավ բնակչի կերպար էր, թե երկրորդ դեմքով ինչպես է հանդես եկել ընտանիքում, ես տեղյակ չեմ…իրենք իմ համայնքի բնակիչներն էլ չէին, ուղղակի Մանուկի հորական տանն էին ապրում, Հոկտեմբերյանում բնակարան ունեին, մեզ մոտ հաշվառված չեն »,- ասաց Սարդարապատ համայնքի ղեկավարը:
Մարզպետի սպանված խորհրդականի կինը մասնագիտությամբ բժշկուհի է, բայց ըստ պարոն Վարդանյանի, չի աշխատում. «Կնոջ հայրը մեր վաստակաշատ բժիշկն էր, Արմավիրի հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր, երևի, ավելի քան երեսուն տարի, հիմա էլ այդ հիվանդանոցը հոր՝ Արամ Մկրտչյանի անունով է կոչվում»:
Սարդարապատի ղեկավարը նաեւ անկեղծացավ, որ սպանվածի հետ խորը տարաձայնություններ է ունեցել. «Բավականին խորը տարաձայնություններ, ընդամենը բարեւ-բարի լույս է եղել, այն էլ միայն մարզպետարանում, ինքը պարփակված անձնավորություն էր, չխոսկան: Ինձ համար բարդ անձնավորություն էր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ