Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Aravot.am-ի հարցին՝ ճի՞շտ են արդեն շրջանառվող լուրերը, թե բասկետբոլի Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնությանը մասնակցած մեր 16 տարեկանների աղջիկների եւ տղաների հավաքականների մի քանի խաղացողներ արդեն Եվրոպայից ու ԱՄՆ-ից հրավերներ ունեն, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Լուրերը ճիշտ են: Եթե չեմ սխալվում, այս պահին 15-16 տղաների եւ աղջիկների ամերիկյան համալսարաններից հրավիրում են: Իսկ այնտեղի համալսարանական առաջնություններից մինչեւ NBA մեկ քայլ է: Դա մեր բասկետբոլիստների մարզական աճի համար շատ լավ է:
Կարեւոր է, որ նրանք անցնեն այդ դպրոցը: Եթե մտածենք ազգային հավաքականի տեսանկյունից, մեզ համար շատ լավ կլինի, որ այդ երեխաները այնտեղ սովորեն եւ մարզվեն: Հավատացեք, այնտեղ մեր բասկետբոլիստները քառատրոփ քայլերով առաջ կգնան, իսկ մենք ավելի ուժեղ հավաքական կունենանք: Ես միայն ողջունում եմ եւ ուրախ կլինեմ, որ այդպես լինի: Որպես ֆեդերացիայի նախագահ, ես հաստատ ոչ մի խոչընդոտ չեմ ստեղծի, այլ կօգնեմ, կաջակցեմ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ