Վիքիպեդիա ազատ հանրագիտարան է, որը թույլ է տալիս ազատ և հեշտությամբ տեղեկատվություն գտնել համացանցում, իսկ Վիքիակումբի հիմնական գործառույթը կայանում է նրանում, որպեսզի մասնակիցներին (ուսանողներ, դպրոցականներ) սովորեցնի հոդվածներ ստեղծել տարբեր բնագավառների մասին՝ զարգացնելով Հայերեն Վիքիպեդիան։ Վիքիակումբներն ակտիվ են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում: Արցախում գործում են Ստեփանակերտի, Քարվաճառի և Հադրութի շրջանի՝ Տող գյուղի վիքիակումբները: Ստեփանակերտի վիքիակումբը հիմնադրվել է 2015 թվականին և արդեն ունի 120 անդամ, որոնցից ակտիվ են 30-40-ը:
Ակումբի համահիմնադիր և համակարգող Իրինա Սաֆարյանը, որն, ի դեպ, ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետը Քաղաքագիտություն մասնագիտացմամբ, նշեց, որ ի սկզբանե, ակումբի ստեղծման գլխավոր պատճառներից մեկը՝ Արցախի մասին, հենց Արցախում, հոդվածներ գրելն է, քանի որ դա շատ կարևոր է՝ և դեպի ճանաչում տանող ևս մի փոքր քայլ է: Ի. Սաֆարյանը համալսարանն ավարտելուց և Ստեփանակերտ վերադառնալուց հետո, որոշել է մասնագիտական գիտելիքները կիրառել հասարակական ոլորտում և հենց Վիքիպեդիայի միջոցով:
«Վերջերս «Վիքիմեդիա Հիմնադրամից» եկել էին Երևան: Եվ ինձ հրավիրել էին, որպես վիքիակումբների ընդհանուր գաղափարը ներկայացնող, քանի որ վիքիակումբը հայերեն Վիքիպեդիայի մենաշնորհն է: Սկսեցի ներկայացնել և այդպես նրանք իմացան, որ Արցախում նույնպես վիքիակումբներ են գործում: Կարևորն այն է, որ բոլորի մոտ արդեն բարձրաձայնում ես, որ գոյություն ունի Արցախ, գոյություն ունի Ստեփանակերտ, Ստեփանակերտում կան այսքան հրաշալի երեխաներ (երիտասարդներ), որոնք խմբագրում և զարգացնում են Հայերեն Վիքիպեդիան»,- ասաց նա:
Արցախի պատմությանը, մշակույթին և այլ ոլորտներին վերաբերվող հոդվածները հիմնականում գրվում են ուսանողների կամ ավելի հասուն վիքիխմբագիրների կողմից, որոնք արդեն գիտեն ինչպես գիտական աշխատանքներ գրել և կարող են վերլուծություններ անել, սակայն քանի որ ակումբի մասնակիցների շարքերում կան նաև ավելի փոքր տարիքի անդամներ՝ այն է դպրոցականներ, որոնք կդժվարանան վերլուծություններ գրել. «Այդ պատճառով՝ փոքրերը գրում են իրենց սիրելի ֆուտբոլիստների, մուլտֆիլմների, հեքիաթի հերոսների, ֆիլմերի, մոդելների մասին՝ այն ամենի մասին, ինչով հետաքրքրված են: Ես ուզում եմ, որ նրանք իրենց նախընտրած թեմաների մասին գրեն, որ ավելի շատ մոտիվացված լինեն: Եթե դու պարտադրես նրանց, բնականաբար, ոչ մեկը չի ցանկանա, և այդպես գրում է ու տեսնում, որ իր շնորհիվ, օրինակ, Դևիդ Բեքհեմի մասին հոդված է ստեղծվել, և հայերեն տարբերակի հեղինակը հենց ինքն է: Վիքիակումբ հաճախելը զարգացնում է նաև ստեղնաշարի վրա աշխատանքը, այսինքն՝ փոքր տարիքից արդեն հայերեն ստեղնաշարի հետ լավ աշխատում են: Նաև անգլերեն, ռուսերեն լեզուներից թարգմանչական աշխատանք է անընդհատ կատարվում»:
Իրինա Սաֆարյանը նաև չափազանց կարևորում է կապը Հայաստանի հետ, քանի որ վիքիճամբարներ են կազմակերպվում տարեկան 3-4 անգամ, որոնց ընթացքում տարբեր ակումբների անդամները կապեր են հաստատում, շփվում և ընկերանում և նույնիսկ ճամբարից հետո շարունակում պահպանել այդ կապը. «Ակումբը ևս մի զբաղվածության վայր է: Ես հիմնականում աշխատում եմ հենց նման երեխաների հետ, որոնք զբաղվածության ու հետաքրքրության փոքր շրջանակներ ունեն և պարզապես անօգուտ սպառում են ազատ ժամանակը: Ավելի լավ է, որ այդ ժամանակն արդյունավետ և օգտակար օգտագործեն, այստեղ՝ վիքիակումբում՝ անվտանգ, ապահով և ամենակարևորը օգտակար»:
Իրինա Սաֆարյանի նշեց, որ ակումբի աշխատանքների շնորհիվ մոտ հազար հոդվածներ են գրվել, որոնց զգալի մասը Արցախի մասին է. «Ակումբի ձեռքբերումներից կարելի է համարել նաև Քարվաճառում և Տողում ակումբների ստեղծումը: Ստեփանակերտում վիքիակումբ ունենալն օգնում է նաև ակումբներ բացել Արցախի տարբեր շրջաններում և գյուղերում»:
12-ամյա Նանե Սարգսյանը արդեն մեկ տարի է մասնակցում է Ստեփանակերտի վիքիակումբի աշխատանքներին: Ակումբի մասին իմացել է ակումբ հաճախող իր ընկերներից. «Ինձ շատ դուր եկավ մեր ակումբը և այն մթնոլորտը, որը տիրում էր այստեղ, այդ իսկ պատճառով սկսեցի գրեթե ամեն օր հաճախել այն, ինչի արդյունքում, որպես ակտիվ խմբագիր, ընտրվեցի, որ մասնակցեմ վիքիճամբարին: Վիքիակումբում մենք՝ փոքրերս սրբագրում ենք գրքեր, այժմ ես սրբագրում եմ Սիպիլի երկերը: Այդ աշխատանքները օգնում են մեզ հարստացնել մեր գիտելիքները: Իսկ ավելի մեծերը հոդվածներ են գրում կամ թարգմանություններ անում»:
Նանե Սարգսյանը կարծում է, որ իր մասնակցությունը վիքիակումբի աշխատանքներին օգնել է ընդլայնել իր աշխարհայացքը, հարստացնել գիտելիքները, նոր ընկերներ ձեռք բերել, ազատ ժամանակն օգտագործել արդյունավետ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ