Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբանի դիմումը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին. «Խնդրում եմ խորհուրդներ և հանձնարարականներ տալով՝ միջամտել»

Հուլիս 31,2017 15:29

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Նիլս Մուժնիեկսին

Մեծարգո պարոն Մուժնիեկս,

Քաջատեղյակ լինելով Մարդու իրավունքների հանձնակատարի դերի մասին, ծանոթ լինելով Ձեր հետևողական և ակտիվ գործունեությանը, 2014թ. հոկտեմբերին Ձեր կատարած այցի վերաբերյալ զեկույցին, ցանկանում ենք Ձեզ հայտնել Հայաստանում քաղաքական, հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործերով պաշտպանների կողմից իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս հանդիպած խոչընդոտների և դատական կարգով փաստաբանների դեմ սկսված հալածանքի մասին:

17.07.2016թ. մի խումբ անձինք գրավեցին Երևան քաղաքում գտնվող ոստիկանության գնդերից մեկը և 15 օր շարունակ պահեցին՝ մի շարք քաղաքական պահանջներ ներկայացնելով՝ այդ թվում երկրի նախագահի հրաժարականը և քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջ: 31.07.2016թ. խումբը վայր դրեց զենքը և հանձնվեց իշխանություններին:

Խմբի անդամների պաշտպանությունը ստանձնեցին մի քանի տասնյակ փաստաբաններ: Այս քրեական գործի շրջանակներում փաստաբանների կողմից արդեն տեղի ունեցած հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումների վերաբերյալ բազմաթիվ գանգատներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և այդ գանգատներից մի քանիսը առաջնահերթության կարգով քննելու վերաբերյալ որոշումներ են կայացվել:

70 մեղադրյալների մասով հարուցված քրեական գործից երեք մաս է անջատվել: Մի գործը մակագրվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, իսկ մյուս երկուսը՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

Դատական քննության առաջին իսկ օրից կոպտորեն ոտնահարվում և խախտվում են ամբաստանյալների իրավունքները, հետապնդվում են գործով պաշտպանները: Արդեն տեղի ունեցած դատական նիստերից ոչ մեկով ամբաստանյալներին և պաշտպաններին հնարավորություն չի ընձեռվել օգտվել իրենց դատավարական իրավունքներից: Մինչ օրս նիստերն անցնում է ամբաստանյալների և պաշտպանների նկատմամբ սանկցիաներ կիրառելով: Թե՛ մեր՝ փաստաբաններիս, թե՛ դատական պրակտիկայում առհասարակ պաշտպանների նկատմամբ երբևէ նման քանակությամբ սանկցիաներ չեն կիրառվել: Տվյալ դատաքննության ընթացքում սանկցիա չի կիրառվել միայն մեկ ամբաստանյալի և նրա պաշտպանի նկատմամբ, ում ցուցմունքով հաստատվում է քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությունը ենթադրյալ հանցագործություններին:

Ավելին, ոչ միայն դատական քննության, այլև նիստերի դահլիճ դեռ ներս չմտած են փաստաբանները հետապնդվում և ենթարկվում նվաստացուցիչ վերաբերմունքի: Այսպես.

1. 13.06.2017թ. կայանալիք նիստից առաջ դատական կարգադրիչները, մետաղորսիչով զննելուց հետո, փաստաբաններից պահանջեցին բացել պայուսակները, իսկ փաստաբաններից մեկից, ով համաձայնեց բացել պայուսակը, պահանջվեց դատարկել պայուսակի պարունակությունը: Փաստաբանները հրաժարվեցին կատարել կարգադրիչների պահանջները, մի քանի րոպե անց մեզ թույլ տվեցին ներս մտել նիստերի դահլիճ: Այդ օրը դատախազներին զննության չենթարկեցին: Նիստը բացելուն պես միջադեպին անդրադարձավ դատարանը՝ նշելով, որ հաջորդ անգամ զննության ենթարկվելուց խուսափելու դեպքում կարգադրիչները կարող են ուժ կիրառել փաստաբանների նկատմամբ: Դատարանն արգելեց փաստաբաններին իրենց տեսակետն արտահայտել այս հարցի վերաբերյալ:

2. 27.06.2017թ. նիստից առաջ ևս փաստաբաններից պահանջվեց պայուսակները բացել, իսկ պաշտպաններից մեկին, ով առանց պայուսակի էր եկել, կարգադրեցին բացել դրամապանակը: Փաստաբանները հրաժարվեցին ենթարկվել կարգադրիչների պահանջներին, ինչի հետևանքով փաստաբաններին ներս չթողեցին: Նախագահող դատավորը նիստը բացեց և կարգադրիչի զեկուցագրի հիման վրա՝ ըստ որի պաշտպանները հրաժարվել են զննության ենթարկվել, սանկցիա կիրառեց՝ դիմելով փաստաբանների պալատ՝ փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասի, 43-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական սանկցիա կարելի է կիրառել բացառապես դատական նիստին ներկա գտնվող անձանց նկատմամբ:

3. 30.06.2017թ. նիստից առաջ դատարանի շենքի մուտքի մոտ էր դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ով չթույլատրեց ներս մտնել առանց պայուսակը բացելու: Այդ օրը դատարանի շենքի բակում էր նաև «Փաստաբանների պալատի» նախագահը: Նրան տեսնելով՝ Դեպարտամենտի նախագահը փոխեց իր մոտեցումը և ասաց, որ պալատի նախագահի ներկայության կապակցությամբ պաշտպանին ներս է թողնում:

Վերոշարադրյալ իրադարձությունները տեղի են ունեցել ուղիղ եթերում, և դատական դեպարտամենտի ղեկավարի, դեպարտամենտի աշխատակիցների կողմից ցուցաբերված կամայական, խտրական մոտեցումով փորձ է արվել հրապարակայնորեն նվաստացնել փաստաբաններին:

Արդեն անցկացվել են 20-ից ավելի դատական նիստեր, և յուրաքանչյուր անգամ նշված խախտումները շարունակվում են: Մինչ օրս փաստաբանների մուտքը նիստերի դահլիճ խոչընդոտվում է: Խուզարկվելուց խուսափելու նպատակով փաստաբանների մի մասը առանց պայուսակի և գործի նյութերի են մտնում դատարանի շենք, իսկ մյուս մասը իրենց խուզարկել չթույլատրելու պատճառով չեն մասնակցում նիստերին:

Ինչ վերաբերում է նիստերի ընթացքում տեղի ունեցած խախտումներին, ցանկանում ենք նշել հետևյալը.

1)            նախ` ցանկանում ենք հայտնել, որ դատական դեպարտամենտի կամայականությունները հաստատվում են դատարանի՝ պաշտպանների նկատմամբ սանկցիա կիրառելու որոշումներով (ՀՀ օրենսդրության համաձայն՝ սանկցիա կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չեն): Ավելին, նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հանդգնեց հրապարակայնորեն հասկացնել պաշտպաններին՝ ասելով, որ հաջորդ անգամ զննության ենթարկվելուց խուսափելու դեպքում կարգադրիչները կարող են մեր նկատմամբ ուժ կիրառել:

2)            Այդ և դատավորի այլ գործողություններից հետո հաջորդ նիստի ժամանակ պաշտպաններից մեկը դատավորին ասաց, որ հետագա խնդիրներից խուսափելու համար ցանկանում է հեռանալ: Նախագահող դատավորի մոտ նույնիսկ հարց չառաջացավ, թե ինչ խնդիրներից խուսափելու համար է պաշտպանը հրաժարվում գործով հետագա պաշտպանությունն իրականացնելուց:

3)         27.06.2017թ. դատարանը, ոտքի չկանգնելու համար, որոշում կայացրեց ամբաստանյալների նկատմամբ սանկցիա կիրառելու և վերջիններիս նիստերի դահլիճից հեռացնելու վերաբերյալ: Ե՛վ ամբաստանյալները, և՛ պաշտպանները թե՛ բանավոր, թե՛ գրավոր դատարանին հայտնել են, որ ամբաստանյալները չեն լիազորում իրենց պաշտպաններին ներկա գտնվել իրենց բացակայությամբ կայանալիք դատական նիստերին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը հստակ սահմանում է, որ պաշտպանը չի կարող մասնակցել գործով հետագա վարույթին, եթե նա լիազորված չէ պաշտպանյալի կողմից: Մասնավորապես նշված հոդվածի համաձայն՝ պաշտպանը դադարում է որպես այդպիսին մասնակցել քրեական գործով վարույթին, եթե նա լիազորված չէ մասնակցելու համապատասխան գործով հետագա վարույթին:

04.07.2017թ. դրությամբ, թեև ամբաստանյալների նկատմամբ սանկցիա էր կիրառվել և նրանք չպետք է ներկա գտնվեին այդ օրվա նիստին, դատարանը իր նախաձեռնությամբ կարգադրեց նրանց նիստերի դահլիճ ներս բերել և առաջարկեց ընտրել այլ պաշտպան, զգուշացնելով, որ այլ պաշտպան չընտրելու դեպքում դատարանը իր նախաձեռնությամբ կնշանակի նոր պաշտպան: Ամբաստանյալները հրաժարվեցին, որից հետո նրանց առանց սանկցիայի ենթարկելու նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանի կարգադրությամբ ուղղակի հեռացրեցին նիստերի դահլիճից: Ամբաստանյալներին հեռացնելուց հետո նշանակվեցին հանրային պաշտպաններ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն իրավունք ունի մինչև սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին միայն նրա փաստաբանի հիմնավորված միջնորդությամբ:

4)            Դատարանները ամեն դատական նիստին սանկցիա են կիրառում ամբաստանյալների նկատմամբ՝ հեռացնելով վերջիններիս դահլիճից: Թեև ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2 րդ կետից հստակ երևում է, որ դատական նիստերից հեռացումը հաշվարկվում է փաստացի ժամերով, սակայն դատավորները խախտելով օրենքի պահանջները այլ կերպ են այն հաշվարկում: Այսինքն՝ եթե ամբաստանյալը հեռացվում է 6 կամ 10 ժամով, սա նշանակում է, որ հաջորդ դատական նիստին նա պետք է ներկա գտնվի դատաքննությանը: Մինչդեռ այս գործերով ամբաստանյալները շաբաթներ շարունակ չեն մասնակցում նիստերին:

5)            Նիստերից մեկի ժամանակ, ամբաստանյալներին սանկցիայի ենթարկելուց հետո, հենց դատարանի շենքում ուղեկցող ոստիկանների կողմից դաժանաբար ծեծի են ենթարկվել 4 ամբաստանյալներ: Չնայած առկա բժշկական եզրակացություններին, երկար ժամանակ քրեական գործ չէր հարուցվում:

6)            Բոլոր դատական նիստերն անցնում են գերլարված մթնոլորտում: Պաշտպանական կողմին հնարավորություն չի տրվում իրենց դիրքորոշումը ներկայացնել, չի թույլատրվում նաև առարկություններ ներկայացնել դատավորների անօրինական գործողությունների դեմ: Յուրաքանչյուր նման փորձ ավարտվում է սանկցիայի կիրառումով:

7)            Նիստերի ընթացքում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում ամբաստանյալների և պաշտպանների նկատմամբ: 04.07.2017թ. տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատավորը պաշտպաններից մեկին, ով մասնակցել էր մինչ այդ կայացած չորս դատական նիստերին, ասաց, որ դեռևս ներգրավված չէ գործում որպես պաշտպան, և եթե պատրաստվում է լքել դահլիճը, ապա կարող է ընդհանրապես չմտնել այդ դատական նիստերի դահլիճ: Իսկ պաշտպանի հարցին, թե մինչ այդ պահը ինչ կարգավիճակով է ինքը մասնակցել գործի դատական քննությանը դատավորը պատասխանեց, որ փաստաբանին թույլ են տվել մասնակցել դատական քննությանը, որպեսզի պարզապես հեշտ լինի անհրաժեշտության դեպքում նրան գտնել:

8)  Նույն խախտումները տեղի են ունենում նաև «Սասնա Ծռերի» մյուս 2 գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նիստերով: 26.07.2017թ. դատավորը ամբաստանյալին հեռացրեց նիստերի դահլիճից 10 ժամով, քանի որ վերջինս հրաժարվեց ջրի շիշը հանձնել ոստիկաններին: Իսկ 27.07.2017թ. Երբ պաշտպաններից մեկը դատարանին խնդրեց անդրադառնալ իր միջնորդությանը, որը վերաբերում է իր պաշտպանյալի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգին, դատավորը, վիրավորական արտահայտություններով, կասկածի տակ դրեց փաստաբանի իրավաբանական կրթություն ստացած լինելու հանգամանքը:

Բոլոր նիստերի ընթացքում դատարանի շենքը ոստիկանական խիստ հսկողության տակ է: Ամբաստանյալներին դատական նիստերից հեռացնում են ոստիկանները: Ոստիկանության և դատական դեպարտամենտի միջև հնարավոր համագործակցության բոլոր դեպքերը ամրագրված են դատական օրենսգրքում, որտեղ նշում անգամ չկա այն մասին, որ ոստիկանները կարող են ուժ գործադրելով նիստից հեռացնել ամբաստանյալին:

Ցանկանում ենք նաև Ձեզ հայտնել, որ նիստերից առաջ դատական դեպարտամենտի աշխատակիցները ցուցակագրում են նիստին ներկա գտնվել ցանկացող քաղաքացիների անձնագրային տվյալները: Դեպարտամենտից հայտնեցին, որ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով: Նույն դատարանում այլ գործով երբևէ չեն ցուցակագրվել անձանց տվյալները: Ցուցակագրումից հետո քրեական գործեր են հարուցվել նիստին ներկա գտնվող քաղաքացիների դեմ, ոստիկաններ են այցելել քաղաքացիներին:

Իշխանությունները՝ դատավորների, դատական դեպարտամենտի և ոստիկանության միջոցով, համակարգված հետապնդում են սկսել պաշտպանների, ամբաստանյալների, նիստերին ներկա գտնվող նրանց աջակցող քաղաքացիների նկատմամբ:

Միավորված ազգերի 8-րդ կոնգրեսի կողմից 1990թ. ընդունված փաստաբանների դերի վերաբերյալ հիմնարար սկզբունքների 16-րդ կետի համաձայն՝ կառավարությունները պետք է ապահովեն, որպեսզի փաստաբանները չհետապնդվեն կամ չենթարկվեն վարչական կամ այլ սանկցիաների ճանաչված մասնագիտական պարտականությունների, չափանիշների կամ էթիկային համապատասխան իրականացված ցանկացած գործողության համար: Իսկ 17-րդ կետի համաձայն՝ այն դեպքերում, երբ սպառնալիք կա զրկվել փաստաբանական գործունեություն իրականացնելու իրավունքից, իշխանությունները պետք է համարժեք կերպով պաշտպանեն փաստաբաններին:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս, իսկ 7-րդ մասի համաձայն՝ փաստաբանի մոտ գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները անձեռնմխելի են:

Նույն օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` փաստաբանը պարտավոր է չհրապարակել փաստաբանական գաղտնիքը, իսկ 25-րդ հոդվածի համաձայն` փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները և ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին, այն տեղեկությունները և ապացույցները (նյութերը, կրիչները), որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն:

Այսինքն՝ ստացվում է, որ որպեսզի կարողանանք ներկա գտնվել նիստերին, պետք է թույլ տանք մեզ խուզարկել և նվաստեցնել, ընդ որում՝ նաև խախտել փաստաբանական գաղտնիք չհրապարակելու պարտականությունը, հակառակ դեպքում կարգադրիչի արձանագրության հիման վրա դատարանի կողմից սանկցիայի կենթարկվենք:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 27.06.2012թ. ընդունված Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի վերաբերյալ թիվ 1891 (2012) բանաձևի 5-րդ կետի համաձայն՝ Վեհաժողովը կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին.

5.1 ապահովել պաշտպանների իրավունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ամբողջական պահպանումը, ինչպես երաշխավորված է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, 5.2 վերջ դնել մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ ցանկացած վարչական, հարկային կամ դատական հետապնդման և ապահովել, բոլոր հանգամանքներում, որպեսզի նրանք ի վիճակի լինեն իրականացնել իրենց գործունեությունը միջազգային մարդու իրավունքների չափանիշներին և ազգային օրենսդրությանը համապատասխան:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 28.01.2016թ. ընդունված Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում պաշտպանների պաշտպանության և դերի ուժեղացման վերաբերյալ թիվ 2095 (2016) բանաձևի 6-րդ կետի համաձայն՝ Վեհաժողովը կոչ է անում անդամ պետություններին ձեռնպահ մնալ պաշտպանների դեմ ցանկացած ահաբեկման գործողությունից և ճնշամիջոցից, և մասնավորապես՝ … դատական կամ վարչական հետապնդումից,

Մեծարգո պարոն Մուժնիեկս,

ամեն ինչ արվում է, որպեսզի գործերը քննվեն առանց ամբաստանյալների և նրանց պաշտպանների:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ խորհուրդներ և հանձնարարականներ տալով՝ միջամտել, որպեսզի սույն գործերի քննության ընթացում Հայաստանի Հանրապետությունը իրականացնի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների լիազորությունների իրականացման շրջանակում ստանձնած իր պարտավորությունները:

 

Հարգանքով՝ փաստաբան

Տիգրան Հայրապետյան

31.07.2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31