Հուլիսի 20-ին գիշերը ժամը 03.50 սահմաններում Գյումրու «Ռելաքս» գիշերային ակումբի դիմաց գտնվող գազալցակայանի մոտ 34-ամյա Ա․ Դ-ին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու փաստով ձերբակալվել էր 28-ամյա Պ․Ն․, որը Գյումրիում հայտնի է «Պետուլ» անվամբ։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ իր հանձնարարությամբ քննիչը Պ․Ն-ին որպես մեղադրյալ է ներգրավվել, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34, 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այնուհետ, դատախազի հանձնարարությամբ, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար, դատարանը բավարարել է միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության․ «Հուլիսի 20-ին, ժամը 3.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մոտ 35-45 տարեկան, անձը չպարզված տղամարդ: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված քաղաքացին 1983 թ. ծնված Արտակ Դ.-ն է (ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ բաց ուղղիչ դատապարտյալ): Հուլիսի 20-ին, ժամը 3.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի ակումբներից մեկի դիմաց Արտակ Դ.-ն և 1989 թ. ծնված Պետրոս Ն.-ն վիճաբանել են իրար հետ՝ Պետրոս Ն.-ի կողմից Արտակ Դ.-ի սանրվածքը ծաղրելու պատճառով: Պետրոս Ն.-ն սուր-կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Արտակ Դ.-ին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 27-ին նախկինում դատապարտված Պետրոս Ն.-ն ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ