Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպես շախմատ խաղացող, եթե ՀՀ նախագահը կարդա այս օրենքը, կհասկանա, բայց իր նշանակած դատավորները չեն հասկանում». Տիգրան Հայրապետյան

Հուլիս 31,2017 14:54

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը ՀՀ նախագահին ներկայացնելու է դիմում՝ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանի անօրինական գործողությունների փաստագրմամբ և նրա լիազորությունները դադարեցնելու պահանջով:

«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը տեղեկացրեց, որ դիմումներ են ներկայացվել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահին:

Այնուհետև ներկայացրեց Սերժ Սարգսյանին ուղղված իր դիմումի բովանդակությունը, որում մասնավորապես նշված է. «Նիստերի դահլիճում ներկա են բազմաթիվ ոստիկաններ և գրեթե չկան դատական կարգադրիչներ: Միայն նիստերի նման ընթացքին հետևելուց տպավորություն է, որ ոչ թե դատական նիստ է ընթանում, այլ ռազմականացված ինչ որ միջոցառում: Մինչդեռ օրենքը պահանջում է, որ նիստերի դահլիճում կարգուկանոնը հաստատեն կարգադրիչները, այլ ոչ թե ոստիկանները: Ընդ որում այս դատական նիստերում ներկա են գտնվում նաև ՊՊԾ գնդի ոստիկաններ, որոնք չեն կարող անաչառ իրենց պարտականությունները իրականացնել: Եվ հենց այս հանգամանքի հետևանքով էր, որ հենց նիստերի դահլիճում ոստիկանները մեկ այլ քրեական գործով խոշտանգման ենթարկեցին ամբաստանյալներին: Փաստորեն դատավորը այնքան է շահագրգռված պաշտպաններին հեռացնելու իր ծրագրով, որ անգամ չի կարողանում հաշվել մինչև երեքը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն այն աստիճան է դեգրադացրել արդարադատության իրականացումը, որ թքած ունենալով օրենքով սահմանված պահանջի վրա, ակնհայտորեն ամենաթողության մթնոլորտում առանց վարանելու անտեսում և խախտում է օրենքը: Նման գործելակերպ ոչ մի դատավոր մինչև այսօր չի դրսևորել»:

Փաստաբանը հայտարարեց, թե առաջին անգամ Տաթևիկ Գրիգորյանն է սանկցիա կիրառում այն անձի նկատմամբ, որը ներկա չէ նիստերի դահլիճում, մինչդեռ օրենքն ասում է, որ սանկցիա կարելի է կիրառել միայն այն անձի նկատմամբ, որը ներկա է նիստերի դահլիճում. «Այդ ամենը վարակի պես տարածվեց «Սասնա ծռերի» մյուս անդամների գործերի վրա: Հիմա նույնը կատարում է նաև դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Եթե այսպես շարունակվի, ու անպատիժ մնա, ապա մնացած բոլոր դատավորներն ինչպիսի վարքագիծ ցանկանան, դրսևորելու են»:

Հարցին` ի՞նչ կարող են միջազգային կառույցներն անել այս հարցում և ինչո՞ւ են նախընտրել նախագահին դիմելը և ոչ արդարադատության խորհրդին, պարոն Հայրապետյանը հայտնեց, որ դիմելու են նաև արդարադատության խորհրդին, ուղղակի, քանի որ սա համակարգային լուծում պահանջող հարց է, իր կարծիքով` ՀՀ նախագահին չեն զեկուցում բոլոր իրական խախտումները, այլ տպավորություն է ստեղծվում, որ փաստաբաններն ու պաշտպանները կամայական վարքագիծ են դրսևորում. «ՀՀ նախագահը պիտի գիտենա, որ դատավորի`նման վարքագիծը հեղինակազրկում է արդարադատությունը, և պետք է ցուցումներ տա: Դատավորը դատական նիստերը տանում է այն ուղղությամբ, որ ամբաստանյալներն ու պաշտպանները ներկա չգտնվեն դատական նիստերին, որ նիստերն ընթանան ձևական պաշտպանների մասնակցությամբ»:

Ըստ Տիգրան Հայրապետյանի`Փաստաբանների պալատը այլ օրենքի վրա է հղում կատարում և այլ կերպ մեկնաբանում օրենսդրությունը. «Օրենքն ասում է, որ եթե ամբաստանյալը պաշտպանին չի լիազորում ներկայացնել իր շահերը, ուրեմն փաստաբանը պարտավոր է լքել դատական նիստերի դահլիճը: Այս օրենքը ինչպես որ հարկ է չի զեկուցվում: Մի քանի չակերտավոր փաստաբանների ներկայացմամբ` փաստաբանների` դահլիճից դուրս գալը կասկածի տակ է դրվում, մինչդեռ ուղղակի նման նորմ կա: Հենց դրա համար ՀՀ նախագահին եմ դիմում`որպես շախմատ խաղացող, որովհետև եթե ինքը կարդա այս օրենքը, կհասկանա, բայց իր նշանակած դատավորները չեն հասկանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31