Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի բնակչությունը նվազել է 15 200 մարդով (Տեսանյութ) 

Հուլիս 31,2017 14:40

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է 6200 մարդով: ՀՀ-ում մշտական բնակչության թիվը հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 2 միլիոն 979 հազար 900 մարդ, իսկ այս տարվա հունվարի 1-ին, ԱՎԾ տվյալներով, ՀՀ-ում մշտական բնակչության թիվը 2 միլիոն 986 հազար 100 մարդ էր:

Այսօր «Արմենպրես» ակումբում այս մասին ասաց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա ներկայացմամբ՝ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, 2016 թվականի հուլիսի 1-ի համեմատ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է 15 200 մարդով:

Տիկին Կույումջյանն ասաց, որ բնակչության թվաքանակի բացասական ցուցանիշի վրա մեծ ազդեցություն է ունեցել միգրացիան: Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 8700 մարդ:

Բնակչության թվի նվազման վրա բացասական են ազդել նաեւ ցածր ծնելիության եւ մահացության բարձր ցուցանիշները: Ըստ ԱՎԾ-ի, հունվար-հունիսին ծնունդների թիվը կազմել է 17 հազար 169 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7%-ով: Իսկ մահվան դեպքերն, ըստ տիկին Կույումջյանի ներկայացրած ցուցանիշների, 2,1% ավելացել են՝ 14 հազար 709 դեպք, նախորդ տարի մահվան դեպքերը՝ 14 հազար 403 էր. «Արդյունքում ծնունդների եւ մահերի տարբերությամբ ձեւավորվել է բնական հավելաճ՝ 2460 մարդ, 2016-ի 3990-ի համեմատ, այսինքն՝ այստեղ եւս նվազում ունենք՝ շուրջ 38,3%»:

Թե Հայաստանի որ մարզերից են ավելի շատ գնացել, ըստ միգրացիոն ցուցանիշների, մեր այս հարցին ի պատասխան տիկին Կույումջյանն ասաց՝ Շիրակն ու Լոռին են առաջատարը:

Ըստ ԱՎԾ-ի, Շիրակի մարզում այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ մշտական բնակչության թիվը կազմել է 238 հազար 300 մարդ, իսկ 2016-ի հուլիսի 1-ի դրությամբ այս մարզի բնակչությունը կազմել է 242 հազար 400 մարդ: Այսինքն՝ 4100 մարդով նվազել է: Հուլիսի 1-ի դրությամբ, Լոռու մարզի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 220 հազար 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, որը կազմել է 223 հազար 900 մարդ. Լոռիում բնակչությունը նվազել է 3900 մարդով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հարգելի Առավոտ

    Նյութի վերնագրում գրված է Հայաստանի բնակչությունը նվազել է 15 200 մարդով, իսկ հենց առաջին տողում՝ 6 200 մարդով: Հիմա ո՞րն է ճիշտ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31