ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 2017 թվականի հուլիսի 30-ին Վանաձոր քաղաքի սրճարաններից մեկում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2017 թվականի հուլիսի 30-ին ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, Վանաձորի «Սայաթ-Նովա» զբոսայգում գործող սրճարանում կրակոցներ են հնչել:
Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդը Վանաձոր քաղաքի «Սայաթ-Նովա»-ի անվան զբոսայգում գործող սրճարանում «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից արձակել է բազմաթիվ կրակոցներ, որը զուգորդվել է նշված սրճարանում գտնվող անձանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով:
Դեպքի առթիվ հուլիսի 30-ին ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Ստեղծվել է քննչական խումբ:
Նույն օրը 45-ամյա տղամարդը ձերբակալվել է: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված ինքնաձիգը՝ մեկ փամփուշտատուփով և 20 փամփուշտներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 18 պարկուճ, 3 գնդակ, 4 փամփուշտ և մեկ դատարկ ինքնաձիգի պահեստատուփ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե