Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԱՏՄ մուտք գործելուց հետո Բագրատաշենի գյուղացին չի կարող հինգ կիլոգրամից ավել մթերք դուրս բերել Վրաստան». Ստեփան Գրիգորյան

Հուլիս 31,2017 14:12

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները՝ ընդդեմ Ռուսաստանի ավելի են սրելու իրավիճակը Հարավային Կովկասում: Փորձագետների վստահեցմամբ` որքան սրվում են ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները, այնքան իրավիճակը սրվում է տարածաշրջանում:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Ph.D., Forbes, The National Interest և The American Thinker պարբերականների փորձագետ Արեգ Գալստյանը փաստեց, որ ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նախագիծը եզակի է. «Վերջին 20 տարում ԱՄՆ-ում չի եղել մի փաստաթուղթ, որը ԱՄՆ ներկայացուցիչների պալատում և Սենատում նման մեծ աջակցություն ունենա: Այս օրենսդրական նախաձեռնությունն ունի հիմնականում ներքաղաքական դրդապատճառ: Վեց ամիս է Թրամփը նախագահում է, սակայն նրա վարչակազմի շուրջ սենսացիաները տեղի չեն տալիս ՌԴ-ի հետ կապված, ինչը գցում է նրա վարկանիշը: Իսկ դա ընդհանրապես ձեռնտու չէ Թրամփին` 2018-ի ընտրությունների նախաշեմին: Թրամփը երաշխիք չունի, որ 2020-ին հաղթանակի կհասնի: Ուստի այս ամենը Հանրապետականներն իրենց անձնական շահերից ելնելով են նաև անում»:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի համոզմամբ` ինչքան ԱՄՆ–ի և ՌԴ-ի միջև հարաբերությունները սրվեն, այնքան քաղաքական բախումները մեր տարածաշրջանում կավելանան»:

Պարոն Գրիգորյանն այս համատեքստում հիշեցրեց նաև ԵԱՏՄ մուտք գործելուց հետո առաջացած խնդիրները: Ըստ նրա` ՌԴ-ն պատժամիջոցները հաղթահարելու համար ԵԱՏՄ-ի միջոցով կմտցնի խաղի նոր կանոններ, որ պաշտպանի իր արտադրողին: Որպես օրինակ Ստեփան Գրիգորյանը մատնանշեց այն, որ, օրինակ, ՌԴ-ն փոփոխություն մտցրեց ու արգելեց մեր վարորդներին իրենց վկայականներով վարել: Կամ Բագրատաշենի գյուղացին չի կարող հինգ կիլոգրամից ավել մթերք դուրս բերել Վրաստան. «Ռուսաստանի շահն է: Նա սանկցիաներին է պատասխանում: Իսկ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները հանգեցնում են նրան, որ ՌԴ-ն չի կարող օգտագործել նոր տեխնոլոգիաները նաև էներգետիկ ոլորտում: Դա է հիմնական մեխը: Այդ նոր տեխնոլոգիաները Ռուսաստանին տալ չի կարող Չինաստանը: Իսկ երբ ՌԴ-ի հետ աշխատում էին ԱՄՆ-ն և Եվրոպան, նրանք պայման էին դնում, որ պետք է ապահովվի ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, իսկ նման պայմաններ չեն դնում Թուրքիան և Չինաստանը»:

Վիլեն Խաչատրյանը, գնահատելով պատժամիջոցների ազդեցությունը տնտեսագիտական տեսանկյունից, նշեց, որ եթե որևէ երկիր մաքսատուրքը բարձրացնում է, մյուսը կիրառում է հակադիր քայլը: Պարզ ասած, եթե քեզ ապտակում են, դու էլ պատասխան ապտակն ես տալիս, ու դա վերածվում է կռվի: Այս տրամաբանությունն ունեն սանկցիաները. «ՌԴ-ի դեմ պատժամիջոցները վերջինիս ստիպում են, որ նա իր քաղաքականությունը փոխի: Նա ամբողջությամբ սկսել է իր դիվերսիֆիկացման քաղաքականությունն ուղղել Ասիա` չինական և հնդկական շուկա: Մյուս կողմից էլ ինչքան պատժամիջոցները կրկնվում են իրենց բնույթով, ՌԴ-ն սկսում է ադապտացվել: Տնտեսությանն այդ իրավիճակը ստիպում է վերանայումներ կատարել»:

Հարցին`եվրոպական երկրների` մասնավորապես Գերմանիայի գործոնը չի՞ կարող դերակատարություն ունենալ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների բարելավման համար, պարոն Գալստյանը պատասխանեց. «Ամերիկյան գազը Եվրոպայի համար մի քանի անգամ թանկ է, քան ռուսականը: Բայց Ամերիկան Եվրոպային ասում է, որ պետք է հանուն ընդհանուր գործընկերության գնալ զիջումների: Փաստորեն, Եվրոպան սկսում է մի քանի լարերի վրա խաղալ: Հիմա տնտեսական շահից ելնելով` այլ դիրքորոշում են որդեգրել, մինչդեռ իրենք են առաջինը իրենց թշնամի հայտարարել Ռուսաստանին»:

Պարոն Խաչատրյանը դիտարկեց նաև Իրանի և Կատարի գործոնը, որոնք գազային հսկաներ են ու նշեց, որ Ամերիկան իր վարած քաղաքականությամբ ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանին կտրի իր էներգետիկ գործընկերներից. «Այն երկրներին, որոնք ունեն էներգետիկ հսկայական պաշարներ, Ամերիկան հերթով հարվածում է տարբեր հիմնավորումներով: Կիրառվում է երկու սխեմա` կամ առանձին երկրների մասով է հարվածներ հասցնում, կամ ամբողջ աշխարհով մեկ: Իրանի նկատմամբ պատժամիջոցները մեզ համար կարող են բացասական հետևանքներ ունենալ: Մեր առևտրաշրջանառության 25-30 տոկոսն անցնում է Իրանի տարածքով, այսինքն` մեր դարպասներից մեկը, որ տնտեսական ռիսկային իրավիճակների դեպքում լուծում է Հայաստանի համար, նկատում ենք, որ հարվածի տակ են: Հարվածի տակ է նաև մեր ռազմավարական գործընկերը` Ռուսաստանը: Ստացվում է, որ ՀՀ-ն էլ է հայտնվում լուրջ հարվածների տակ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31