Ըստ իրավապաշտպանների՝ սա մեծ բեռ է պետության վրա
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման ընթացքում ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Երվանդ Վարոսյանը քննարկում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ օրերս հրապարակած պետություններից ներկայացված դիմում-բողոքների վիճակագրությունը։ Հայաստանը ՄԻԵԴ մասնակից եւ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունների շարքում ընդդեմ պետության բողոքներով 9-րդն է: 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ բողոքների թիվը 1817 է:
Նելլի Բաբայան.- ՄԻԵԴ-ում մի շարք գործերով ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, որն առաջինը հրապարակեց Ստրասբուրգի դատարանի վիճակագրությունը, դրա հիման վրա ուշագրավ համեմատություն է կատարել՝ Հայաստանը բացարձակ առաջատար է ԵԽ 47 անդամ պետությունների շարքում 100 հազար բնակչին ընկնող ՄԻԵԴ-ում քննության փուլում գտնվող դիմումների քանակով՝ մոտ 70 դիմում:
Ըստ պարոն Գրիգորյանի ուսումնասիրության, որը 100 հազար բնակչի եւ դիմումների համամասնությունն է, դիմումատուն հայաստանյան արդարադատությանը վստահում է մոտ 3,5 անգամ պակաս, քան ադրբեջանական արդարադատությանը, մոտ 4,5 անգամ պակաս, քան թուրքական արդարադատությանը, մոտ 4 անգամ պակաս, քան անարդյունավետ դատական համակարգի համբավ ունեցող Մակեդոնիայի արդարադատությանը, եւ կոռուպցիայի հետ առնչություն ունեցող Ալբանիայի արդարադատությանը, մոտ 1,5 անգամ պակաս, քան Ուկրաինայի եւ Վրաստանի նման առնվազն երկու միջազգային կոնֆլիկտներով ծվատված եւ բողոքներ գեներացնող կոնֆլիկտային զոնաներ ունեցող պետություններից, մոտ 12 անգամ պակաս, քան մարդու իրավունքների ոլորտում լուրջ խնդիրներ ունեցող Ռուսաստանի արդարադատությանը:
Մեր երկրին վերաբերող ցուցանիշներն ինչի՞ մասին են փաստում, եւ արդյոք ՄԻԵԴ այդ վճիռները Հայաստանի վարկանիշի վրա չե՞ն ազդի:
Արտակ Զեյնալյան.– Այո, ցուցանիշը մտահոգիչ է Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված գանգատների քանակով: Կարծում եմ՝ նմանատիպ ցուցանիշ աշխարհի որեւէ միջազգային դատարանում չկա: Սոցիոլոգներն էլ հաստատում են, որ Հայաստանում շատ ցածր է ժողովրդի վստահությունը արդարադատության նկատմամբ: Բայց սա նաեւ ազգային առանձնահատկություն կարելի է գնահատել՝ մեր ժողովրդի սրված զգացողությունը արդարության նկատմամբ, մեծ վստահություն ունի ՄԻԵԴ-ի նկատմամբ, մեր ժողովուրդը շատ կազմակերպված է, հետեւողական եւ իրավապաշտ է: Սա կարելի է համարել փաստաբանության, իրավաբանության հաղթանակը, որովհետեւ, ի վերջո, փաստաբանների ներկայացրած գանգատներն այն աստիճան որակյալ են, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից որեւէ մեկում նման ցուցանիշ չկա, մենք 95% դեպքերում հաղթում ենք:
Երվանդ Վարոսյան.- Կարծում եմ՝ ոչ միայն պոտենցիալն է նպաստում, որ թվերը Հայաստանի օգտին չեն խոսում, ակնհայտ է, որ խնդիր կա դատական համակարգում: Ես կարծում եմ՝ ԵԽ անդամ շատ երկրներում շատ ավելի լավ վիճակում է գտնվում իրավապաշտպան ոլորտը կամ փաստաբանությունը: Վճռաբեկ դատարանն ու այլ ատյանները եւս երբեմն կայացնում են փայլուն որոշումներ, դատավճիռներ: Այդ նախադեպային որոշումները մեզ մոտ որպես դասագիրք են ծառայում, բայց ոչ նախադեպային որոշումներ: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը հետեւողական չի լինում իր կողմից սահմանված չափորոշիչները պրակտիկա ներմուծելու հարցում: Նա կայացնում է որոշումներ, որոնք հետագայում մնացած ատյաններում պետք է ծնեն այլ որոշումներ: Մենք այդ փուլը չունենք, դրանք մնում են որպես դասագիրք, կարդում ենք, հղումներ ենք անում, հետո նմանատիպ գանգատ ենք ներկայացնում Վճռաբեկ դատարան, որն էլ չտեսնելու է տալիս: Որքան էլ պտտվենք, ում էլ պատասխանատու փորձենք գտնել այս իրավիճակում, գնդակը դատական իշխանության դաշտն է: Ես կարծում եմ, որ մենք անհրաժեշտություն ունենք ռադիկալ փոփոխությունների նաեւ Վճռաբեկ դատարանում, նաեւ կադրային առումով, Վճռաբեկ դատարանի այս կազմով մենք դրական տեղաշարժ չենք ունենա:
Ն. Բ.– Այնուամենայնիվ, ինչպե՞ս կարող են ազդել ՄԻԵԴ վճիռները ՀՀ վարկանիշի վրա միջազգային ասպարեզում: ՀՀ վարչապետը շեշտը ներդրումների վրա է դրել, իսկ ներդրողները, գործարարները բիզնես սկսելու համար առաջնային խնդիրներից են նշում ոչ միայն ազատ մրցակցային դաշտը, նաեւ արդարադատության համակարգը:
Ա. Զ.- Տրամաբանական է, որովհետեւ որեւէ մեկն իր միջոցները չի հանձնի խարդախներին: Իրավունքների պաշտպանության ապահովման պարտականությունը կրում է պետությունը՝ ե՛ւ միջդատական, ե՛ւ արտադատական: Եթե մարդկանց մոտ ծագում է վեճ, իսկ դա բնական է, որ պիտի ծագի, ապա դա պիտի լուծվի արդարության պահանջների պահպանմամբ: Մարդկանց պիտի համոզի այդ դատական ակտը, որ մարդը, որը պարտվեց, կարդա եւ համոզվի՝ արդար դատական ակտ է: Սա չափազանց կարեւոր է, որպեսզի ազատ մրցակցությունը մեզ պոկի տեղից՝ մեծ թափով առաջ տանի: Դուք ասացիք՝ Հայաստանի դեմ են գանգատները, Հայաստանն է պարտվողը, ես ուզում եմ շեշտել՝ սա թշնամական ակցիա չէ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Հայաստանում տեղի ունեցած բոլոր վարչական գործերն ընդդեմ Հայաստանի Հանրապետության են: Հազարավոր գործեր կան վարչական դատարաններում, պատասխանողը Հայաստանի Հանրապետությունն է: Սա պիտի ընկալվի որպես ակադեմիական վեճ, ԵՄ դատարանում մենք վարում ենք գիտագործնական ակադեմիական վեճ, սա գիտական պրոցես է, յուրաքանչյուր գործով հաստատվում է գիտական թեզ, կամ վերահաստատվում է արդեն մի անգամ հաստատված թեզը. այդ պարագայում էլ մեր փաստաբաններն ու իրավաբանները բավականին առաջընթաց են ապահովել: Յուրաքանչյուր նման գործով Հայաստանում իրավունք է զարգանում, սա հանուն Հայաստանի Հանրապետության է, հայ ժողովրդի համար է, պետականության համար են այս վեճերը: Կարեւոր է, թե ինչպես են կատարվում Եվրոպական դատարանի վճիռները, ինչպե՞ս կազդեն Հայաստանի վարկանիշի վրա. խնդիրն այն է, թե որքանով է մեր երկիրն ազնիվ եւ անկեղծ ԵՄ դատարանում: Երբեմն ԵՄ դատարանում կարդում ես այն ձեւակերպումները, որը դատարանը մեջբերում է պետության պատասխաններից, որպեսզի ցույց տա այդ մտքերի անհեթեթությունն ու սնանկությունը: Դա շատ պետությունների դեպքում է անում, բայց մեջբերում է, որպեսզի կարդան, ու ամաչեցնի: Սա կարեւոր հանգամանք է, որ ՀՀ-ի անունից ներկայացված պատասխանները չլինեն անհեթեթ, ու ապացույցները հանկարծ չկեղծվեն: Կարեւոր է, որ Հայաստանը սխալների վրա հետեւություններ անի, ինչը չի անում:
Ն. Բ.- Պե՞տք է պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ ներդնել. նման կարծիք Գեւորգ Կոստանյանն էլ է արտահայտել:
Ե. Վ.– Չկա այդ օղակը, որովհետեւ այդ օղակն էլ ինքը չի եղել որոշում կայացնող: Մեզ մոտ կոնկրետ օղակը՝ լինի քննիչը, դատախազը կամ դատավորը, որոշում կայացնողն ինքը չէ, կաշկանդված է համակարգային շատ չերեւացող հոսանքներով, եւ դրա համար երբ գալիս է նման որոշում կայացնելու օրը՝ համակարգը մեղավոր գտնելիս չի կարողանում գտնել, որովհետեւ հասկանում է՝ իրենք բոլորն են մեղավոր:
Ն. Բ.– Կոստանյանը նաեւ ասել է, որ 5-10 տարի առաջ այսքան շատ չէին բողոքները, այս տարի է ավելի շատ: Ինչո՞վ է սա պայմանավորված:
Ա. Զ.– «Էլեկտրիկ Երեւանով»:
Ե. Վ.- Դրան զուգահեռ՝ ցույցեր եւ իրավունքի ոտնահարումներ: Ներկայումս մենք սպասում ենք մոտ 50 վճռի մարտի 1-ի գործով: Պատկերացնո՞ւմ եք, դա ինչ բեռ է լինելու պետության վրա, ես արդեն կանխատեսում եմ վճիռները:
Ա. Զ.- Երկու տասնյակի չափ էլ ես ունեմ գործեր ՄԻԵԴ-ում մարտի 1-ի գործերով:
Ե. Վ.– Փուլային եղավ, սկզբում՝ Բուզանդը, հետո՝ մարտի 1-ը, հետո՝ «Էլեկտրիկ Երեւանը»: Ես համոզված եմ՝ պետությունը խնդիր է ունենալու նաեւ «Սասնա ծռերի» դեպքերին զուգահեռ ցույցերի հետ կապված, հատկապես ոստիկանության ցուցաբերած գործողությունների հետ կապված:
Արդյոք ՄԻԵԴ վճիռների համար պե՞տք է պատասխանատվություն կրեն եւ գույքային փոխհատուցում վճարեն իրավապահ մարմինները, ինչպես կարո՞ղ է արդարադատության ոլորտում իրավիճակ փոխվել. քննարկումից այս եւ այլ մանրամասներ դիտեք՝
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ