Լրահոս
Օրվա լրահոսը

Չափանիշները միայն մուտքերի առաջ կառուցվող թեքահարթակները չեն

Հուլիս 31,2017 12:00

«Օրինակ` մենք խոսում ենք թեքահարթակների քանակի ավելացման մասին. այո, այդ քանակն ավելացել է, բայց մենք շարունակում ենք տեսնել ճիշտ չկառուցվող թեքահարթակներ, եւ նիստի ժամանակ խոսվեց այդ մասին, որ այդ թեքահարթակների մասին անընդհատ տեղեկատվություն է տրամադրվում Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Սամվել Մհերյանին: Այսինքն` այդ խնդիրները դեռեւս առկա են»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը, որը նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում:

Թեքահարթակների հարցը բարձրացվել է երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ: Մինչ երեկ Զարուհի Բաթոյանը տվյալ հանձնաժողովի նիստին մասնակցել է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի նախագահ եւ նաեւ ավագանու անդամ, սակայն այսուհետ, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Զարուհի Բաթոյանը, կմասնակցի միայն որպես ավագանու անդամ` ի պաշտոնե ունենալով ավելի մեծ հնարավորություններ ու լիազորություններ:

Երեկվա նիստում, ըստ Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության, քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պետերն ու հանձնաժողովի անդամ հասարակական կազմակերպությունների ղեկավարները համառոտ հաշվետվություն են ներկայացրել տարվա առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Մասնավորապես` մատնանշվել է մայրաքաղաքի փողոցներն ու հասարակական նշանակության վայրերը թեքահարթակներով կահավորելու ծրագիրը, որը, ըստ քաղաքային իշխանությունների, ոլորտի ՀԿ-ների հետ համագործակցությամբ շարունակվում է: Նշվել է նաեւ, որ շարունակվելու է հասարակական տրանսպորտի ավտոբուսները հատուկ վերելակներով կահավորելու գործընթացը: Բացի այդ, նշվել է, որ հասարակական տրանսպորտում նախատեսվում է ներդնել կանգառների իրազեկման համակարգեր, իսկ 10 խաչմերուկների լուսացույցներ էլ կահավորել ձայնային ազդանշաններով:

Քաղաքապետարանից նաեւ հայտնում են, որ ՀԿ-ների ղեկավարները հանդես են եկել նաեւ նոր առաջարկներով, որոնք հանձնաժողովի նախագահի եւ անդամների կողմից ընդունվել են ի գիտություն:

Մեր հարցին, թե հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող ինչպիսի՞ նոր հարցեր են բարձրացվել, Զարուհի Բաթոյանն ասաց, որ նիստին նոր կամ արտառոց որեւէ բան չի եղել, եւ որ ամփոփվել է արված աշխատանքների առաջին կիսամյակը. «Քաղաքապետարանն իր կողմից է ներկայացրել արված աշխատանքները, հ/կ-ներն` իրենց կողմից»:
Ըստ Զարուհի Բաթոյանի՝ բոլոր այն խնդիրները, որոնք մշտապես բարձրաձայնել են, շարունակում են լինել արդիական:

«Ես բարձրացրի մի քանի հարց, որը, որպես ավագանու անդամ եւ որպես ուղղակի քաղաքացի, նաեւ իմ փորձից ու հետազոտությունից ելնելով եմ ասում, օրինակ` Երիտասարդական մետրոյի անցման մոտ եւ նաեւ Հյուսիսային պողոտայում նոր տեղադրված վերելակները, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն տեղաշարժի հնարավորություն չեն ապահովում: Այդ խնդիրները դեռեւս լուծված չեն: Ասացին, որ դրանք ընթացքի մեջ են, որոշ ճշտումներ կան անելու, հետո լրացուցիչ կտեղեկացնեն»:

Երեւանի ավագանու անդամ Զարուհի Բաթոյանը ոչ պակաս կարեւոր խնդիր է համարում, ինչի մասին նաեւ հանձնաժողովի երեկվա նիստում է խոսել, ավտոբուսների վերելակների վերանորոգման հարցը. «Մինչեւ այս պահը, պաշտոնական տվյալներով, ունենք 25 ավտոբուս, որոնք կահավորված են վերելակներով, որոնցից 13-ի վերելակը չի աշխատում: Եվ քաղաքապետարանում ինձ ասացին, որ բոլորը սեպտեմբերին կաշխատեն: Այդ ավտոբուսների վերելակները տեղադրվել են ընդամենը 2-3 տարի առաջ, հին չեն, եւ այս պահին միայն 7-ի վերելակներն են աշխատում»:

Նիստին բարձրացված հարցերից մեկն էլ ճարտարապետահատակագծային նախագծերին է առնչվել, որոնք հաստատում է Երեւանի քաղաքապետարանը. «Վերակառուցվող կամ նոր կառուցվող շենքերի մասով քաղաքապետարանն անընդհատ հայտարարում է, որ որեւէ նախագիծ չի հաստատվի, եթե հաշվի չառնվեն սակավաշարժուն խմբերի կարիքները: Ես արդեն ունեմ շատ թարմ ապացույց առ այն, որ այդ չափանիշներն առանց պահպանվելու վերակառուցել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը: Ինքս մոնիթորինգ այց եմ արել եւ դրա մասին նաեւ հրապարակում եմ իրականացրել: Այն ամբողջությամբ նոր վերակառուցվել է, բավականին լուրջ ներդրումներ են իրականացրել, տեխնիկա եւ այլն, բայց այնտեղ անգամ մեկ զուգարան չկա, որը հարմար լինի սայլակ օգտագործող մարդու համար»:

Այս մասին Զարուհի Բաթոյանը նաեւ Քաղաքաշինական տեսչությանն է դիմում գրել` մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով: Ասում է. «Նման դեպքերը շատ են, որովհետեւ երբ խոսում են անհրաժեշտ պայմանների կամ չափանիշների մասին, մասնավորապես, քաղաքապետարանի պաշտոնյաները, ցավոք, չգիտես ինչու, նկատի են ունենում միայն մուտքի դիմաց կառուցվող թեքահարթակը:

Ասացին, որ այս հարցով զբաղվում են, բայց չգիտես ինչո՞ւ են հիմա այդ հարցով զբաղվում, եթե դա արդեն վերաբացվել է, միջոցառումը եղել է, քաղաքապետը դրան մասնակցել է, այսինքն` իմ այցից հետո մարդիկ սկսել են դրանով զբաղվել: Տնօրենն ասաց, որ շատ արագ բռնակներ կտեղադրի, բայց եթե զուգարանում բավարար տեղ չկա պտտվելու, շարժվելու՝ անիմաստ է դառնում»:

Քաղաքապետարանի նիստում, ինչպես մեր զրուցակիցը նշեց, նաեւ քննարկվել է թեքահարթակների դիմաց կայանվող մեքենաների խնդիրը: Ոստիկանության ներկայացուցիչը վստահեցրել է, որ այդտեղ կայանվող մեքենաները տարվում են տուգանային հրապարակ, եւ տրամադրել է 1-77 հեռախոսահամարը: Ասել է նաեւ, որ այդ հարցով շարունակելու են զբաղվել եւ իրազեկել քաղաքացիներին:

Զարուհի Բաթոյանը նաեւ ասաց, որ որպես ավագանու անդամ՝ ավտոբուսների հետ կապված առանձին պաշտոնական առաջարկ է ուղարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` հորդորելով ավելացնել վերելակով ավտոբուսների քանակը` դրանք հասցնելով տարեկան 50-ի. «Որովհետեւ այդ չնչին քանակը որեւէ բան չի կարող փոխել հաշմանդամություն, տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց կյանքում: Առաջարկել եմ նաեւ չվացուցակ կազմել, որի մասին կտեղեկացվի հանրությանը, այսինքն` մարդիկ կիմանան՝ որ ավտոբուսը որ կանգառում կլինի եւ այլն: Այսինքն` կան բազմաթիվ խնդիրներ, որոնք բոլորը չենք կարող հանձնաժողովի նիստին քննարկել, բայց կան հարցեր, որոնք կարելի է բերել կամ այդ հանձնաժողովի քննարկած հարցերը տանել ու արդեն աշխատանքային քննարկում անել»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

29.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31