Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդը պաշտոնի կարիք ուներ». Դավիթ Սանասարյանը՝ Վիտալի Բալասանյանի մասին

Հուլիս 30,2017 21:55

Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը չի հավատում ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ասածներին, թե ՊՊԾ գնդում «Սասնա ծռերը» լրատվամիջոցներին հարցազրույցի հրավիրելով`  ծրագիր են ունեցել լրագրողներին պատանդ պահել:

«Ես կարծում եմ՝ սուտ է, չեմ հավատում, որովհետեւ այդ օրերին տղաները բազմաթիվ անգամներ  ցույց են տվել, որ նման բան իրենք չեն կարող անել, նույն բժիշկները, ոստիկանները պատանդ չեն եղել, ես համոզմունք ունեմ՝ որեւէ պատանդ չի եղել: Իրենք փորձել են երաշխավորներ ստանալ, որովհետեւ կարող է անդառնալի կորուստներ լինեին: Ցավով եմ ասում, որ չեմ հավատում Վիտալի Բալասանյանին, որովհետեւ ես նրան համարել եմ Արցախի համար շատ կարեւոր մարդ, բայց այդ շատ կարեւոր մարդն ուղղակիորեն կորցրեց այն վստահությունը, որը թե՛ արցախյան պատերազմի ժամանակ, թե՛ ապրիլյան պատերազմի ժամանակ ձեռք էր բերել, ուղղակիորեն գցեց ջուրը: Հիմա քաղաքացիների կողմից կոնկրետ վերաբերմունք կա նրա նկատմամբ, այն, ինչ հիմա նա ասում է, որեւէ ձեւով չի ընկալվում քաղաքացիների կողմից:

Որքան հիշում եմ՝ Վիտալի Բալասանյանը ընդդիմադիր կեցվածք ուներ՝ իր հարցազրույցները, քննադատությունները, այդ ոնց եղավ, որ իշխանությունները  միանգամից փոխվեցին, ու ամեն ինչ եղավ, ինչպես ինքն էր ցանկանում, ու ինքը դարձավ Արցախի ազգային անվտանգության քարտուղար: Ես կարող եմ ենթադրել, որ այդ մարդը պաշտոնի կարիք ուներ: Մեր քաղաքականության մեջ հիմնական խնդիրն այն է, որ մեր քաղաքական գործիչները խոսք են ասում ու իրենց խոսքը չեն պահում, քննադատում  են, մեկ էլ տեսնում ենք՝ պաշտոն են ստանում: Նա իշխանության կողմն է ու չի կարող օբյեկտիվ լինել»,- Aravot.am-ին ասաց Դավիթ Սանասարյանը:

Մեր զրուցակիցը, անդրադառնալով պարոն Բալասանյանի հայտարարությանը, թե ինքն էլ է ձայնագրություններ արել ՊՊԾ գնդում ու եթե մի օր հրապարակի «Սասնա ծռերն» էս երկրում ընդհանրապես տեղ չեն ունենա ապրելու, շարունակեց. «Դրանք KGB-ական մեթոդներ են, իբր ձայնագրություն ունեն, այդ ձայնագրությամբ փորձում են վախեցնել: Եթե ձայնագրություն կա, հանրության սեփականությունը դարձրեք, թող հանրությունը որոշի՝ ինչ գնահատական տա, ոչ թե վախեցնել, իբրեւ թե՝ սուս մնացեք, քանի խայտառակ չենք արել»:

Իսկ Վիտալի Բալասանյանի՝ «Սասնա Ծռերի» գործողությունները ահաբեկչություն, վտանգավոր արարք որակում տալուն անդրադառնալով՝ Դավիթ Սանասարյանը նկատեց, որ այն, ինչ չեն կարողանում ասել իշխանությունները ասում են նախկին ընդդիմադիր գործիչների բերանով. «Իշխանությունները չեն կարողանում ուղիղ ասել ահաբեկչություն, տարբեր գործիչների շուրթերով հնչեցնում են, այդ թվում՝ Դավիթ Շահնազարյանի, այլ երբեմնի ընդդիմադիր անուն հանած  գործիչների միջոցով…եթե Վիտալի Բալասանյանը այդքան պետության համար վտանգավոր գործողությունների մասին է խոսում, ապա լավ կլինի, որ կոնկրետ գնահատական տա տարիներ շարունակ աղմկահարույց դեպքերին՝ «Մարտի 1», ընտրությունների կեղծում եւ այլն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Վիտալի Բալասանյանը լավ կանի,էլ չխոսի: Լրիվ արժեզրկեց էն սերն ու պատիվը, որ ուներ Հայաստանում: Ով ուզում է,ինչ ուզում է ասեն ու գրեն, մեկ է, ժողովուրդը «սասնա ծռերի» կողմից է: Ով որ որ հակառակն է պնդում, իշխանություններին է հաճոյանում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31