Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը «Իսկանդեր»-ի հրթիռ խոցելու հնարավորություն չունի». Լևոն Մնացականյան. «Օրակարգից դուրս»

Հուլիս 30,2017 00:00

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում անդրադառնալով Ադրբեջանի կողմից նոր զինատեսակներ գնելուն, հայտարարել է, որ այդ հանգամանքը ուժերի հավասարակշռությունը երբևէ չի խախտել ու չի խախտելու:

«Բալանսը երբևիցե չի խախտվել ու չի խախտվելու: Բալանսը խախտված է եղել 1992 թվականին, ու այն ժամանակ իրենք ունեին բացարձակ առավելություն բոլոր զինատեսակներով: Եվ այդ պայմաններում իրենք չկարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրները: Ունեցանք այն, ինչ գրանցվեց 1994 թվականի մայիսին: Այ բալանսը խախտվել էր այդ ժամանակ: Բալանսը կաշխատենք պահպանել հավերժ՝ մինչև վերջ»,- նշել է Մնացականյանը:

Նախարարի խոսքով, փորձը ցույց է տվել, որ ադրբեջանական բանակը իր զինատեսակների կիրառման արդյունավետության մասով լուրջ խնդիրներ ունի:

«Կիրառման արդյունավետության մեջ ապրիլին ևս համոզվեցինք: 2016 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ հակառակորդը կիրառել էր լավագույն արդի ժամանակակից զինտեխնիկան: Կիրառվել են «Սմերչ» համակարգեր, կիրառվել են հրանետային համակարգեր՝ «ТОС-1», կիրառվել են իսրայելական, թուրքական համազարկային «Kasirga» T-300 հրթիռային միջոցները, կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը ճշգրիտ խոցման միջոցներ են: Ունեցել են ընդամենը մասնակի հաջողություն տվյալ ուղղություններում: Դա մեզ հուշում է, որ չնայած ձեռքբերումների, այնուամենայնիվ իրենք խնդիր ունեն կիրառման առումով, այդ տեխնիկայի յուրացման առումով: Մեկանգամյա ուսուցումը դեռևս չի նշանակում, որ ստորաբաժանումը կամ զորամասը պատրաստ են դրանք արդյունավետ կիրառել: Չեմ կարծում, որ նրանք ի վիճակի են դրանք մինչև վերջ յուրացնելու, արդյունավետ օգտագործելու սահմանային գործողությունների ընթացքում»,-նշել է նախարարը:

Անդրադառնալով հարցին, թե խորքային հետախուզության տվյալներն ինչի մասին են վկայում՝ հակառակորդն ավելի շատ պաշտպանողական, թե՞ հարձակողական բնույթի գործողություններին է նախապատվությունը տալիս՝ Մնացականյանը նշել է, որ ադրբեջանական կողմը հարձակողական մարտավարության մասին ավելի շատ հայտարարությունների մակարդակով է խոսում, իսկ իրականում պաշտպանական լուրջ աշխատանքներ են իրականացնում:

«Մենք մեր դիտարկման համակարգերով հնարավորություն ունենք դիտարկելու մինչև 10-15 կմ  հեռավորությունների վրա և տեսնում ենք՝ ինչպիսի ահռելի աշխատանքներ են կատարում ինժեներական առումով՝ մինչև 7կմ, 10-15 կմ խորքում: Դա նշանակում է, որ ինչքան էլ իրենք հայտարարություններ անեն, միևնույնն է գիտեն, որ գա ժամանակը իրենք պետք է նաև պաշտպանվեն: Պաշտպանության բանակը անհրաժեշտության դեպքում անցնելու է հարձակման և իր խնդիրներն է լուծելու այդ տարածություններում»,- նշել է Մնացականյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարություններին, թե իրենք ունեն «Իսկանդեր» ոչնչացնելու միջոցներ` պարոն Մնացականյանը վստահեցրել է. «Իսկանդեր»-ի հրթիռներ խոցելու հնարավորություն ոչ թե Ադրբեջանը, այլ առաջատար երկրները չունեն»:

Հարցին, թե «Իսկանդեր» ոչնչացնելու հակահրթիռային զենք չկա՞, Լևոն Մնացականյանն ասել է. «Իհարկե, ոչ»:

Դիտարկմանը, թե նույնիսկ ամերիկյան չափորոշիչներով THAAD-ը իվիճակի չէ դա իրականացնելու, նախարարն ասել է.«Իսկանդերի հրթիռի արձակման ժամանակ հետագծի բարձրությունը մինչև 100 կմ է, անկման անկյունը, կարելի է ասել, 90 աստիճանի մոտ։ Դեռևս այդպիսի հրթիռները խոցելու հնարավորություն ոչ թե Ադրբեջանը, այլ առաջատար երկրները չունեն»:

Այս համատեքստում հակադարձելով Զաքիր Հասանովի մեկ այլ հայտարարությանը՝ թե ապրիլյան պատերազմի օրերին իբր միայն իրենց բանակի 15-20 տոկոսն են օգտագործել, Լևոն Մնացականյանն ասել է. «Փորձենք հասկանալ այդ 15-20 տոկոս կազմը ինչ է իրենից ներկայացնում: Ադրբեջանի զինված ուժերի 15-20 տոկոսը իրենից ներկայացնում է տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, մինչև 250-300 հատ հրետանի և ականանետ՝ մինչև 45-500 հատ: Համազարկային ռեակտիվ համակարգեր՝ արդի և խոշոր տրամաչափի մինչև 60 հատ, հակատանկային միջոցներ մինչև 600-700 հատ և անձնակազմ՝ մինչև 20000 և ինքը դրա մասին հպարտությամբ ասում է: Այդքանն իրենք կիրառել են ապրիլյան գործողությունների ժամանակ և ունեցել ընդամենը մի վաշտի մարտական խնդրի համահունչ հաջողություն: Իսկ ինչ վերաբերվում է «Իսկանդեր»-ին ու նման վերաբերմունքին, ես կասեի հետևյալը. Մարդ, որը որ  ուշադրության չի արժանացնում նման հրթիռը, որի քաշը  համարյա թե 4000 կգ՝ 4 տոննա, որի մարտական մասը մինչև 480 կիլոգրամ է, կրակի ճշտությունը ընդամենը մի քանի մետր, և հեռահարությունը մի քանի հարյուր կիլոմետր, կոնկրետ չնշեմ, ու անտեսել նման միջոցը դա կամ միամտություն է կամ իրոք գործից անտեղյակ մարդու տպավորություն է թողնում իմ վրա: Եվ թե ինչ միջոցով է ոչնչացնելու «Իսկանդեր»ը կամ հայտարարում է, թե ինչպիսի հրթիռներ ունեն իրենք, դա ի՞նչ նշանակություն ունի, թե ինչ հրթիռներ ունեն: Ամեն մի նշանակետի, ամեն մի բնույթի նշանակետի համար գոյություն ունի իր հրթիռը, և որտեղ անհրաժեշտ լինի իր հրթիռնա արձակվելու, կարծում եմ՝ դա միամտություն է: Երևի վախի զգացողությամբ արված հայտարարություն է»:
Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմից այդպիսի հայտարարությունները նպատակ ունեն իրենց հասարակությանը հանգստացնելու, սակայն իրականության մեջ դրանք «միամտությամբ ձախողված փորձեր են»:

Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե հայկական կողմը գործի դնի բանակի 15-20 տոկոսը, Արցախի պաշտպանության նախարարն ասել է. «Եթե մենք կիրառենք մեր բանակի 15-20 տոկոսը, միանշանակ արդյունքը կլինի մի քանի անգամ  գերազանցող՝ ինչ-որ ունեցել ենք. կընդլայնվի, կխորանա անվտանգության գոտին և 15- 20 տոկոս կիրառելու դեպքում մենք կունենանք  մեկ այլ իրականություն։ Կարծում եմ, այդ 15-20 տոկոս կիրառելուց հետո մոտ մի հինգ, տասը տարի, միգուցե, նաև ավելին, հակառակորդը չի ձգտի վերսկսել ինչ-որ մի մարտական գործողություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31