«Մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկել կրակային միջոցների համակարգերի հնարավորությունները ընդլայնելու ուղղությամբ»,-այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Աշխատել ենք մեր հնարավորությունները ընդլայնել հատկապես տեսադիտարկման աշխատանքների ուղղությամբ, մեր կրակային խոցման միջոցների հնարավորություններն ենք ընդլայնել, եթե նախկինում սահմանափակ պայմաններում ունեինք խնդիրներ, ապա հիմա վստահ կարող ենք ասել, որ անկախ կրակային միջոցից, մենք բոլոր պայմաններում՝ լինի ցերեկ թե գիշեր, կարող ենք արդյունավետ կրակ վարել: Բացի դրանից, ավելացրել ենք մեր ղեկավարման հնարավորությունները, ընդգրկվել է ընդհանուր համակարգի մեջ, ձեռք ենք բերել նոր միջոցներ, ինչպես հետախուզական, այնպես էլ կրակային: Իրականացվել են այդ բոլոր միջոցների փորձարկումներ, որոնց արդյունքները հուսադրող են, արդյունավետ են, այդ ուղղությամբ մենք քայլերն իրականացնում ենք ռազմաարդյունաբերական համալիրի հետ համատեղ»,- ասել է Մնացականյանը:
Արցախի պաշտպանության նախարարի խոսքով՝ հատկապես մեծագույն ուշադրություն է դարձվել հակառակորդի կողմից ձեռնարկվող ցանկացած գործողության վաղ հայտնաբերման և կասեցման միջոցների ներդրման վրա:
«Հատկապես ուշադրություն ենք դարձրել վաղ հայտնաբերման միջոցների վրա, որը համարում ենք մեր առաջնային գծում զինծառայողների անվտանգության ապահովման հիմնական նախապայմաններից մեկը և հնարավորություն ունենք արդեն նախօրոք իմանալ հակառակորդի հավանական գործողությունների վերաբերյալ, կրակային դիրքերի տեղակայման վերաբերյալ: Այդ ուղղությամբ տարվող բոլոր աշխատանքները համակարգված առաջ են ընթանում: Ունենք խոշոր տրամաչափի կրակային միջոցներ, որ նախկինում չենք ունեցել, ունենք ավելի հեռահար հակատանկային կրակային միջոցներ, որը նախկինում ունեցել ենք, բայց ոչ բավարար մակարդակով, այդ ամենի հետ մեկտեղ ձեռք ենք բերել նաև արդի տեխնոլոգիաներ պարունակող կրակային միջոցներ: Իրականացվում է անձնակազմի ուսուցում՝ կիրառման հետ համահունչ օգտագործելու համար»,- նշել է Լևոն Մնացականյանը:
Նախարարը շեշտել է, որ վերջին շրջանում շփման գծի երկայնքով իրականացվել են հսկայական ինժեներական կահավորման աշխատանքներ և՛ առաջնագծում, և՛ կրակային դիրքերում, և՛ կենտրոնացման շրջաններում՝ ամբողջ երկայնքով: Ուշադրության կենտրոնում եղել են առաջնային գիծն ու հենակետերը, որտեղ տեղադրվել են լրացուցիչ ծածկեր, բարելավվել են խրամուղիները, հաղորդակցման ուղիները:
«Այսօր կարող ենք վստահաբար ասել, որ մենք առաջնային գծում չունենք գոնե մեկ հատված, որ դիտարկվում է հակառակորդի կողմից. այսինքն՝ համակարգված աշխատանք ենք ցուցաբերել և բարձրացրել ենք առաջնային գծում զինծառայողների մարտական հերթապահության կրման անվտանգությունը: Բացի այդ, շեշտը դրել ենք նաև պարապմունքների, զորավարժությունների ընթացքում անվտանգության ապահովման հարցերի վրա: Այստեղ աշխատանքները իրականացվել են հրահանգավորումների միջոցով, սպայական կազմի, անձնակազմի միջոցով, շեշտը դրվել է միջոցառումների ընթացքում կանոնակարգային պահանջների պահպանման վրա»,- նշել է Լևոն Մնացականյանը: